«Քաղաքական ապաստանը Հայաստանում երբևիցե չի կիրառվել». Միգրացիայի պետական ծառայության մամուլի խոսնակ

Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ.

«Շնորհակալ եմ Հայաստանին՝ ինձ՝ որպես Ռուսաստանում քաղաքական հայացքների պատճառով Ռուսաստանում հետապնտդող քաղաքական գործչի, փախստականի կարգավիճակ տրամադրելու համար»:

Լուրը ճշտելու համար 168.am-ը կապ հաստատեց Միգրացիայի պետական ծառայության մամուլի բաժին: Ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լիազորված չէ լուրը հաստատել կամ ժխտել.

«Մենք լիազորված չենք այդ լուրը հաստատել կամ ժխտել, որովհետև այդպիսով «Անձնական տվյալների մասին» օրենքը խախտած կլինենք: Փախստականի կարգավիճակը տրվում է՝ որպես պետական պաշտպանություն, և մեր ծառայությունը պարտավորվում է այն բոլոր մարդկանց, ում տալիս է փախստականի կարգավիճակ, իրենց անձնական տվյալները գաղտնի պահել: Քանի որ դուք նշում եք և՛ անուն, և՛ ազգանուն, ես չեմ կարող այդ լուրը ո՛չ հաստատել, ո՛չ ժխտել: Եթե հաստատեմ, ստացվում է՝ մենք բացահայտում ենք իր անձնական տվյալները: Ինքն իր մասին կարող է հայտարարություն անել, մենք իրավունք չունենք դա հաստատել»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ առհասարակ ՌԴ քաղաքացի Հայաստանում քաղաքական ապաստան ստացե՞լ է, թե՞ ոչ:

«Առհասարակ քաղաքական ապաստանը Հայաստանում երբևիցե դեռևս չի կիրառվել, օրենքն ունենք, բայց առիթը չի եղել կիրառելու»,- պարզաբանեց Միգրացիայի պետական ծառայության մամուլի խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս