Գյումրվա կոլորիտն ու Միրզոյանի ադեկվատությունը

Նախօրեին համայն հայության ուշադրության էպիկենտրոնում Գյումրին էր․ նշվում էր քաղաքի ամենամյա տոնակատարությունը։ Գյումրիում էր նաև ՀՀ քաղաքական ողջ էլիտան։ Լրատվամիջոցների հետ իր զրույցում բավականին հետաքրքիր և ադեկվատ մեսիջներով աչքի ընկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով, ի դեպ, վերջին շրջանում բավականին պասիվ է քաղաքական գործընթացներին տրված իր վերաբերմունքով և տրված գնահատականներով։

Միրզոյանը, ով ի սկզբանե միշտ համարվել է Նիկոլ Փաշինյանի յուրայիններից, կարծես թե սկսել է ինքնուրույն քաղաքական տակտիկայով առաջնորդվել:

Այսպես՝ Միրզոյանն իր խոսքում Ամուլսարի խնդրի առնչությամբ ասել է. «Իշխանության խմբակցության պառակտում ձևակերպումը բացարձակապես տեղին չէ, թիմում, ինչպես մյուս բոլոր հարցերում, առկա է բազմակարծություն, սա հանրությանը մտահոգող հարց է, կան ծանրակշիռ փաստարկներ և հակափաստարկներ, և պետք է հանգել ճիշտ հանգուցալուծման»։

Միրզոյանը նշել է, որ ըստ էության՝ հանքի շահագործման հարցը քաղաքական որոշման հարց չէ, այլ ավելի շատ իրավական գործընթաց։

Իրականում դա այդպես է, քանի որ հստակ առկա է կոնկրետ պայմանագիր, և ամեն ինչ պետք է ընթանա այդ պայմանագրին համապատասխան։

Սա տրամաբանական է, քանի որ Ամուլսարի հարցի հետ կապված հարկավոր են խորը մասնագիտական գիտելիքներ։

Նկատելի էր, որ իր խոսքում Միրզոյանն օգտագործեց անգամ ՀՀԿ-ականների առաջ քաշած որոշ թեզերը։ Հանրաքվեի շահարկվող գաղափարի հետ կապված՝ նա նշել է, որ, եթե կարիք լինի, հնարավոր է անցկացնել պլեբիսցիտ՝ պնդելով այն թեզը, որ Ամուլսարի հարցն այն հարցն է, որ իր կարգավորումը պետք է ստանա հանրաքվեի ճանապարհով։

Սա Դավիթ Հարությունյանի առաջ քաշած թեզն է, որ հարցի հետ կապված կարելի է անցկացնել և դրա կարգավորումը գտնել պլեբիսցիտ անցկացնելու միջոցով։

ԱԺ նախագահը վերահաստատեց նաև մյուս ՀՀԿ-ականի՝ Արմեն Աշոտյանի, այն պնդումը, որ հանրաքվեն դելեգիտիմիզացնելու է իշխանություններին, քանի որ նրանք առաջիկա հինգ տարիների համար ժողովրդից ստացել են 70-ից ավելի վստահության քվե և պետք է կրեն ՀՀ-ում ընթացող բոլոր գործընթացների քաղաքական պատասխանատվությունը։

«Հինգ տարով ընտրված լեգիտիմ իշխանություն կա, և այդ իշխանությունը չի կարող պատասխանատվությունը գցել իր ուսերից և դա թողնել ժողովրդի կամարտահայտության վրա»,- ասել է ԱԺ նախագահը։

Հարցն ԱԺ տիրույթում լուծելու հետ կապված Միրզոյանի մոտեցումն այնպիսին է, որ դա կարող է լինել միայն վերահսկողական գործառույթով, որն իրականում խնդրահարույց է։

ԱԺ նախագահը հավանաբար միտումնավոր մոռացության է տվել այն կարևոր հանգամանքը, որ իշխանությունները, ի դեմս ԱԺ մեծամասնության, ժողովրդի առաջ ունեն նախ և առաջ քաղաքական պատասխանատվություն։ Իշխանությունը տարբեր առիթներով և տարբեր դեպքերի զարգացմանը զուգահեռ՝ պետք է առերեսվի որոշակի վստահության կորստի հետ, և սա փաստ է։

Պատմության մեջ երբևիցե չի եղել որևէ իշխանություն, որ իր իշխանության ավարտին ունենա այն հանրային աջակցությունն ու վստահությունը, ինչպիսին նա ունեցել է իշխանության գալու պահին։

Ցանկացած քիչ թե շատ գիտակից մարդու համար պարզից էլ պարզ է, որ ժողովրդավարական ու համամարդկային բարձրաձայնվող արժեքների հաստատումն ամենևին էլ չի լինում ստելով, գոռգոռալով, ծղրտալով, բղավելով, հոխորտալով, բամբասելով, զրպարտելով, անընդհատ ու անընդմեջ կրկնելով և շահարկելով:

Իսկ արդյունավետ կառավարումը չի լինում ամբոխավարությամբ, անգաղափար, անծրագիր, անորոշ, նաև` համեմված տարբեր ցուցադրական կեղծ ու դատարկ օրակարգերով, պարզունակ կարգախոսներով և խաբեբայական ձեռնածություններով: Սրանք պրոֆեսիոնալ, համակարգված, լրջախոհ և հավասարակշռված, գաղափարական, գիտականորեն հիմնավորված, ծրագրային մոտեցում և երկարատև աշխատանք են պահանջում:

Արման Գալստյան

Տեսանյութեր

Լրահոս