Կոշտ Brexit-ը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել քաղաքացիների համար. Եվրահանձնաժողով

Եթե Մեծ Բրիտանիան չվավերացնի Եվրամիությունից անջատվելու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը, որը բրիտանացի խորհրդարանականներն արդեն մի քանի անգամ մերժել են, իսկ ԵՄ-ն հրաժարվում է այն վերանայել, ապա դա մեծ դժվարություններ կբերի քաղաքացիներին ու բիզնեսին: Այդ մասին հայտարարել է ԵՀ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նարաշա Բերտոն օգոստոսի 15-ին կայացած բրիֆինգում:

Նա հիշեցրել է, որ այսպես կոչված «առանց գործարքի Brexit-ի» դեպքում միությունից երկրի դուրս գալու օրը ԵՄ-ի օրենսդրությունը կդադարի կիրառվել Մեծ Բրիտանիայի նկատմամբ, չի լինի երկրի վրա եվրոպական օրենսդրության տարածման անցումային շրջանը՝ մեղմելու այն իրադրությունը, որը նախատեսված է «ապահարզանի» մասին պայմանագրով:

«Եվ դա, իհարկե, զգալի խափանումների կբերի թե՛ քաղաքացիների, թե՛ բիզնեսի համար, եւ դա կունենա լուրջ բացասական տնտեսական էֆեկտ, որը շատ ավելի ուժեղ կլինի Միացյալ Թագավորությունում, քան եվրամիությունում»,-ասել է Բերտոն:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն առաջարկել է մոտ օրերս վերսկսել խորհրդարանի աշխատանքը, որպեսզի թույլ չտրվի Եվրամիությունից երկրի դուրս գալն առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի: Այդ մասին օգոստոսի 19-ին հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիայի եթերում հայտարարել է լեյբորիստների ստվերային կաբինետի «ֆինանսների նախարար» Ջոն Մաքդոնելը:

«Այժմ պատգամավորներին անհրաժեշտ է հավաքվել, որովհետեւ մեզ ժամանակ է հարկավոր այդ հարցի շուրջ համապատասխան բանավեճն անցկացնելու համար»,- ասել է նա, նշելով, որ «կառավարությանն անվստահություն հայտնելը մեխանիզմներից մեկն է» կոշտ Brexit-ը կանխելու ուղղությամբ:

«Այժմ ամենագլխավորը համաձայնագրի բացակայությամբ սցենարն արգելափակելն է: Ես կարծում եմ, որ խորհրդարանում դեռեւս կա մեծամասնություն՝ (վարչապետ) Բորիս Ջոնսոնին ասելու, որ մենք չենք ընդունի առանց գործարքի Brexit-ը»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս