Ստամբուլյան կոնվենցիան հակասո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը, թե՞ ոչ

Հարցազրույց Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի հետ։

– Պարոն Սահակյան, Ստամբուլյան կոնվենցիան հակասո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը, թե՞ ոչ։

– Պետք է երկրորդ փորձաքննություն անցկացնել՝ ավելի մանրամասն պատասխանելու համար։ Որպես իրավաբան, այսինքն՝ օրենսդրական առումով, երբ մեր հանձնաժողովը որևէ նախագիծ փորձաքննության էր ենթարկում, օրինակ՝ որևէ օրենք Սահմանադրությանը հակասում է, բառացի ու տառացի վերլուծություն էինք իրականացնում։ Այս դեպքում, կարծում եմ, Ազգային ժողովի կողմից վավերացնելուց առաջ ցանկացած միջազգային փաստաթուղթ պետք է Սահմանադրական դատարանում լուրջ ուսումնասիրվի և տրվի համապատասխան եզրակցություն։

Այստեղ էականն այն չի, թե տառացի համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Էականն այն է, որ կարող է՝ դրանում մեր հասարակության մեջ, մեր մտածելակերպի, մեր արժեհամակարգի մեջ մերժելի դրույթներ են՝ երրորդ սեռ, ընտանեկան բռնություն և այլն։

Ես հիշում եմ, երբ ընտանեկան բռնության հետ կապված ակտիվ արշավ էր սկսվել, Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկում ծավալվեց, և հանդիպում ունեցանք ակտիվիստների հետ, փորձեցինք հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, եթե կա ընտանեկան բռնություն, ի՞նչ է այն, արդյոք ամուսինների միջև ծագած փոքր վեճն ընտանեկան բռնությո՞ւն է, թե՞ ոչ, մինչև իրապես ընտանեկան բռնությունը, որը կարող է և լինել։ Պետք է հասկանալ դրա սոցիալական ծագումը, ինչ ուշադրություն պետք է դարձնենք դպրոցներում կրթությանը, դաստիարակությանը, որտեղից է գալիս այս ամենը։ Ես հակված եմ մտածելու, որ մեր հասարակությունում չկա այն ընտանեկան բռնություն կոչվածը, այն տագնապալի վիճակը, որը փորձում են ներկայացնել, և որի կարգավորումը կարող է օգուտ տալ։ Ես հակված եմ մտածելու հակառակը, որ, եթե փորձենք դա կարգավորել, կարող է նաև հակառակ էֆեկտը տալ։ Իսկ երրորդ, չորրորդ սեռի մասին խոսելն անընդունելի է, որովհետև մենք հայ քրիստոնյա ենք, կինը և տղամարդն Աստծո կողմից տրված են, եթե կրոնական կողմն էլ թողնենք, ապա բնության կողմից կան արու և էգ առանձնյակներ, իսկ այլ չեզոք սեռեր չկան, և դրա վրա կառուցել մարդու իրավունքներ, փորձել ինչ-որ դիվիդենտներ շահել, երկիրը փորձել այլ տեսանկյունից ներկայացնել, ոչ միայն սրբապղծություն է, դա մեր պետության, մեր ազգի կործանումն է, որովհետև հիմք կամ սկիզբ կարող է դառնալ։ Ի սեր Աստծո, չքննադատենք այլ երկրների քաղաքականությունը, բայց մենք հայ ենք, ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, պատերազմող երկիր ենք, և այսօր, ավելի քան երբևէ, այդ պատերազմի վտանգը կախված է մեզ վրա։ Եվ նման կեղծ օրակարգերով փորձել պառակտել մեր հասարակությունը և չմերժել դա, ես կարծում եմ՝ ազգադավ գործընթաց է։

– Այսինքն՝ Ստամբուլյան կոնվենցիան ստորագրելուց առաջ Սահմանադրության համապատասխանությունը չի ստուգվել։

– Ստորագրելն այլ է, վավերացնելը՝ այլ։ Օրենսդրական պահանջն է՝ վավերացման ժամանակ ստուգել համապատասխանությունը Մայր օրենքին, քանի որ վավերացումից հետո է դառնում պարտադիր կիրառման համար։ Եվ եթե որևէ տեղական նորմ հակասում է վավերացված միջազգային փաստաթղթին, այն պարտադիր պետք է համապատասխանեցնես։ Հետևաբար՝ Ստամբուլի կոնվենցիայի ստորագրելը չի ենթադրել որևէ պարտավորվածություն։ Միգուցե այս կամ այն ինչ-որ գործընթացների համար այն ժամանակ ստորագրվել է, և, անկեղծ, ես իսկապես չեմ հիշում այդ պրոցեսը։ Հիշում եմ, երբ մեր հանձնաժողովում ընտանեկան բռնության հետ կապված տարբեր հասարակական ակտիվիստներ և կառույցներ փորձում էին օրենք բերել-անցկացնել, ես դեմ եմ եղել և բացատրել եմ, ու փորձել ենք հասկանալ՝ իրո՞ք այդպիսի տագնապալի իրավիճակ է մեր հասարակությունում։ Սակայն հայ կինը մեր ընտանիքում շատ ավելի մեծ դերակատարում և նշանակություն ունի, քան տղամարդը, և կնոջն ամեն տեղ չտանելը չի նշանակում՝ իրավունքների սահմանափակում, որովհետև դու կնոջը հետդ տանում ես այնպիսի տեղեր, որտեղ ինքն իրեն կարող է լավ ու ապահով զգալ։

Կոնվենցիայի հետ կապված՝ մեր իշխանությանը կոչ եմ անում անպայման իրենց վերաբերմունքն արտահայտեն, այլապես ստացվում է՝ երկրորդային, երրորդային հարցերի հետ կապված՝ մշտապես արձագանքում են, լայվեր են մտնում և օպերատիվ փորձում են բացատրություն տալ մեր հանրությանը, բայց մեր հանրության մեջ այն հարցերը, որոնք մեր համար առաջնային են, կարծես թե անտեսվում են, և դա դարձել է ընդունված գործունեություն։ Երբ սահմանին զինվոր է զոհվում, դրա հետ կապված որևէ արձագանք չկա, կարծես այդպես էլ պետք է լինի, կամ Ալիևի հետ ունենք լուռ համաձայնություն, որ այդպես պետք է լինի, տրանսգենդերն ԱԺ ամբիոնից խոսում է, ասում են՝ նրա անձնագիրը տրվել է ՀՀԿ-ի ժամանակ, կարծես թե ՀՀԿ-ականներն անձնագրային բաժնի ղեկավարն էին, կամ մեր օրենսդրությամբ արգելված էր տալը, բայց տվել էին։ Բոլորին պետք է տրամադրես անձնագիր, առավել ևս՝ սեռափոխության խնդիր չկա։ Այնուհետև պարզվեց, որ նոր իշխանության ժամանակ բազմաթիվ են տրանսգենդերներին հատկացված անձնագրերը, և այսպիսի մանիպուլյացիաներով փորձում են շեղել։ Կարծում եմ՝ այս հարցն առաջնային է, շատ կարևոր է, և անձամբ ես կուզեի՝ շատ հստակ արձանագրեին իրենց դիրքորոշումը, որպեսզի իմանանք՝ մեր օրվա իշխանությունը, որ պատասխանատու է ներքին և արտաքին քաղաքականության համար, ինչպիսի դիրքորոշում ունի այս կարևոր հարցի հետ կապված, որովհետև սրանից են նաև կախված հետագա բոլոր գործընթացները։

– Այսինքն՝ ստորագրումը չի պարտադրում վավերացում։

– Այո, չի պարտադրում։

– ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ է արել ապահովել ԼԳԲՏ անձանց անվտանգությունն ու ազատությունը։

– Այդ ԼԳԲՏ համայնք, տրանգենդերներ, սա նոր Հայաստանի նոր օրակարգն է և նոր թեման է։

– Այդքան էլ նոր չէ, նախկինում էլ կային։

– Մեր ընդդիմախոսներն ասում են՝ իշխանափոխությունից առաջ ԼԳԲՏ-ներ չեն եղե՞լ, կամ տրանսգենդերներ չեն եղե՞լ։ Իհարկե, եղել են, միգուցե՝ ավելի շատ, բայց թաքնված են եղել, պետական մակարդակի նրանց քարոզչությունը, զոհի կերպար դարձնելը, որպեսզի հետագայում նրանց իրավունքներն ավելի ընդլայնեն, պետական քաղաքականության մակարդակի չի եղել։ Նրանք իրենց օրակարգով ապրել են, իսկ այսօր դա դարձել է քաղաքականություն և օրակարգային հարց։ Սա է վտանգավոր, որին մենք պետք է ուշադրություն դարձնենք։

– Այն ժամանակ էլ այլ սեռական կողմնորոշման պաշտոնյաների ցուցակ էր հրապարակվել։

– Ես այդ ցուցակը կարծես չտեսա։ Ես չեմ ասում, որ այն ժամանակ չեն եղել ԼԳԲՏ և այլք, բայց պետական քաղաքականության շրջանակներում օրակարգային հարց, որ նրանց իրավունքներն ավելի ընդլայնվի, որ նրանք ավելի շատ պաշտպանություն ստանան, նրանց իրավունքները չոտնահարվեն, տրանսգենդերը գա ԱԺ, ելույթ ունենա և զոհի կերպարով ու տեսքով հետ գնա, հարձակվեն ոստիկանության վրա, իսկ ոստիկանությունը որևէ արձագանք չտա, ես համարում եմ սա այլևս՝ որպես կոնկրետ քաղաքականություն և ուղղություն, և մեր օրվա իշխանությունները, որոնք պատասխանատու են այս ամենի համար, պետք է հստակ իրենց դիրքորոշումն արտահայտեն։ Առաջինը՝ ԵԽ համապատասխան պաշտոնյաների պահանջներին արձագանքեն՝ արդյո՞ք այստեղ ոտնահարված են ԼԳԲՏ-ների իրավունքները, ի՞նչ են պատրաստվում անել, իրենց քայլերը հրապարակային ներկայացնեն, որ հանրությունն էլ տեսնի՝ արդյոք իրենք պատասխանատվություն վերցրե՞լ են ԵԽԽՎ համապատասխան կառույցների առաջ այս հարցերի շուրջ, ինչ-որ բան անելո՞ւ են, թե՞ չէ, որովհետև նման հացադրումներն ու պահանջները հենց այնպես չեն ծագում։

– Պարոն Սահակյան, ներկայիս իշխանությունների կողմից կոնկրետ ի՞նչն եք դիտարկում՝ որպես աջակցություն ԼԳԲՏ համայնքին, գուցե այդ նրա՞նք են փորձում օգուտ քաղել՝ օգտվելով նոր իրողություններից, օրինակ՝ այդ նույն անձը, որ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ, ապաստան է ստացել եվրոպական երկրներից մեկում։

– Իմ արժեհամակարգով, իմ ներքին կոդեքսով, իմ հոգեկերտվածքով, իմ ներքին Սահմանադրությամբ՝ ես պետականամետ և պետական մտածելակերպի տեր մարդ եմ։ Պետությունն ինստիտուտների ամբողջություն է, և միայն պետությունը՝ ի դեմս իշխանության, կարող է ուժ կիրառել՝ որպես հարկադրանքի միջոց։ Պետության մեջ որևէ այլ սուբյեկտ՝ մարդիկ, հ/կ-ներ և այլն, հարկադրանքի ուժ, որպես այդպիսի մեթոդ, չեն կարող կիրառել։ Դա պետության մենաշնորհն է։ Հիմա ոստիկանության գործունեությունը խոչընդոտել է X սոցիալական շերտի ներկայացուցիչ, և դա չի պատժվում։ Սա աջակցե՞լ է, թե՞ ոչ։ Եթե ես և դուք, դիցուք, նրանց նման վեճի բռնվեինք ոստիկանական շենքում՝ հայհոյել, խփել, որը կարելի է շատ հեշտ որպես խուլիգանություն որակել և առնվազն 7 տարի ազատազրկման դատապարտել, մեզ թույլ կտա՞ն նման վարքագծով հանդես գալ ոստիկանության բաժանմունքում։ Թույլ կտա՞ն, թե՞ ոչ։ Վստահ եմ՝ ոչ։ Միանգամից կասեն՝ ոստիկանությանը խոչընդոտել, իշխանության ներկայացուցչի դեմ ոտնձգություն, և Քրօր հոդվածները շատ արագ կկիրառեն։ Հիմա աջակցությո՞ւն է, թե՞ ոչ։ Ի՞նչ պետք է եզրակացնենք։

Ես նորից պահանջում եմ, որ օրվա իշխանությունները սրա վերաբերյալ տան իրենց դիրքորոշումն ու պարզաբանումը, ինչպիսի քայլեր են ուզում անել և ինչ են պատրաստվում անել այս հարցերի շուրջ։ Եվ, այո, այսօր իշխանությունը շատ ավելի պասիվ դիրքերում է գտնվում, ոչ թե օրենքը խախտելով պետք է պաշտպանել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները, այլ օրենքը պետք է հստակ կիրառել սոցիալական բոլոր շերտերի ներկայացուցիչների հանդեպ։ Սա շատ կարևոր է։

Տեսանյութեր

Լրահոս