«Հայ-վրացական հարաբերությունների վտանգը չիրացված հնարավորություններն են»․ փորձագետ

«Տարածաշրջանային զարգացումները, մեր երկրների ներքին զարգացումներն ավելի պատասխանատու և ակտիվ երկկողմ աշխատանք են պահանջում մեր երկրների իշխանություններից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններում առկա արդի խնդիրներին։

Հիշեցնենք, որ Հայաստանում անցկացվել է Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը հունիսի 26-ին և 27-ին: Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսական, առևտրական, առողջապահության, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև լսել են երկու երկրների ներկայացուցիչների թեմատիկ զեկույցները: Հանձնաժողովի աշխատանքին մասնակցել են Վրաստանի և Հայաստանի էկոնոմիկայի, Արտաքին գործերի, Առողջապահության, Մշակույթի, Բնապահպանության նախարարությունների, Առևտրաարդյունաբերական պալատի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչները: Հայաստանի կողմից հանձնաժողովը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վրացական պատվիրակությունը գլխավորում էր Վրաստանի փոխվարչապետ, շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին։ Վրաստանի և Հայաստանի փոխվարչապետներն իրենց խոսքում ընդգծել են երկկողմ համագործակցության տեսանկյունից առկա ներուժը լիովին կիրառելու անհրաժեշտությունը։

Սոսո Ցինցաձեն ասաց, որ տարածաշրջանային զարգացումները, մեր երկրների ներքին զարգացումներն ավելի պատասխանատու և ակտիվ երկկողմ աշխատանք են պահանջում մեր երկրների իշխանություններից։ Ըստ նրա՝ օրերս կայացած միջկառավարական հանձնաժողովի  նիստից հետո պետք է հուսալ, որ երկկողմ ներուժը պրակտիկ համագործակցության ոլորտում կխորանա. Մասնավորապես, խոսքն առևտրատնտեսական համագործակցության, տարածաշրջանային գլոբալ ենթակառուցվածքների ձևավորման, ավելի ճկուն և արձագանքող քաղաքականություն իրականացնելու մասին է։

«Երկու երկրներն այս հարաբերություններին ավանդաբար վերաբերվել են՝ որպես հավելյալ ջանքեր չպահանջող հարաբերությունների, քանի որ դրանք իրենց մեջ պարունակել են վստահության բարձր մակարդակ։ Բայց կա խորը աշխատանքի կարիք, հարաբերությունները և գլոբալ համագործակցությունն ընդլայնելու կարիք։ Ներկայումս ևս այդ վստահությունը կա բավականին փխրուն հարցերում, ինչպիսին Հայաստանի համագործակցությունն է Ռուսաստանի հետ, որը կարող է տեսականորեն օգտագործվել Վրաստանի դեմ, ինչպես նաև Վրաստանի համագործակցությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչն էլ իր հերթին՝ կարող է սպառնալիք թվալ Հայաստանին, ի վերջո, Վրաստանը ՆԱՏՕ է, Հայաստանը՝ ՀԱՊԿ, սա արդեն իսկ խոչընդոտ է, բայց ես դրանցում վտանգ երկկողմ հարաբերությունների համար չեմ տեսնում։ Վտանգը չիրացված հնարավորություններն են, պակաս արձագանքող քաղաքականությունը և դիվանագիտությունը. այն ոչ թե պակաս է, այլ կարող է լինել ավելի ակտիվ, ավելի կարևորելով այս հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային ներուժը։ Հուսամ, որ այս հանձնաժողովի վերսկսված աշխատանքը հավելյալ թափ կհաղորդի այս համագործակցությանը, բոլոր հարցերը ևս մեկ անգամ կքննարկվեն բարձր մակարդակով, ավելին, կքննարկվեն տեխնիկական հարցեր, բարդություններ, որոնք գուցե պայմանավորված են ԵԱՏՄ-ով և ԵՄ Ասոցացման համաձայնագրով»,- ասաց Ցիցնաձեն։

Ինչ վերաբերում է Վրաստանի ներքաղաքական զարգացումներին և ՀՀ դիրքորոշմանը, Ցինցաձեն ասաց, որ Հայաստանի կեցվածքը լիովին բավարարող է։ «Հայաստանին այս ամենից կարող է հետաքրքրել վրաց-ռուսական  հարաբերությունների սրացումը, երբ Հայաստանը կարող է հայտնվել բարդ դրության մեջ՝ լինելով երկու գործընկերների արանքում, բայց նման վտանգ չեմ տեսում այսօր»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս