«Այս նախագծով խաղամոլության դեմ չեն պայքարում»
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ անելու առաջարկը մայիսի 23-ին ստացավ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:
Հիշեցնենք, որ օրենքի նախագծի փոփոխությամբ առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի փոխանցմամբ՝ կա հստակ պայմանավորվածություն, որ կատարվելու են հետևյալ փոփոխությունները՝ 500 միլիոն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը պետք է դուրս գա, կայքերի հասանելիության հետ կապված սահմանափակումների պահանջը պետք է հանվի, բուքմեյքերական կետերի արգելման պահանջն ուժի մեջ պետք է մտնի 2020 թվականի նոյեմբերի մեկից, էլեկտրոնային սարքավորումները, որոնք տեղադրված են գազալցակայաններում և այլ տեղերում, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հանվելու են:
«Այսպես խնդիրը չի լուծվի: Խաղամոլության մեծ պոտենցիալը գտնվում է օնլայն հարթակում: Մենք ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացրել ենք տարբեր առաջարկություններ, վերլուծություններ, որպեսզի օբյեկտիվ մոտեցում ցուցաբերեն: Բայց խնդիրն այն է, որ խաղամոլության առյուծի բաժինը մնում է իր տեղում, գրեթե ոչինչ չի փոխվում: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ բուքմեյքերական գրասենյակների, ավտոմատացված սարքավորումների և ինտերնետ տիրույթում շրջանառվող գումարի չափն ամբողջությամբ կազմել է 306 միլիարդ դրամ, որից մոտ 255 միլիարդը՝ 83.3 տոկոսը, կազմում է ինտերնետ տիրույթը: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում ենք, որ այս նախագծով խաղամոլության դեմ չեն պայքարում, հարցը չի լուծվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գուդվին-Բեթ» ընկերության տնօրեն Սարգիս Միքայելյանը:
168.am-ի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընկերության ներկայացուցիչներին Կառավարության մոտ մայիսի 24-ին ասաց, որ առաջարկները ներկայացնեն, ու ինքն անձամբ կկարդա, ներկայացրե՞լ են և ի՞նչ պատասխան են ստացել, ընկերության տնօրենը պատասխանեց. «Առաջարկները ներկայացված են: Մենք ընդամենը խնդրում ենք գործունեություն կազմակերպել բուքմեյքերական ընկերությունների միջոցով: Ապրիլի 11-ին ես հայտարարել եմ, որ ավտոմատացված սարքավորումները, որոնք մենք շահագործում ենք, փորձում ենք ապամոնտաժել բոլոր վայրերից՝ գազալցակայան, առևտրի սրահ: Խոսքը այս պահին շահագործվող 1000 ավտոմատացված սարքավորման մասին է:
Մինչ այս պահն ապամոնտաժել ենք 100-ից ավելին ու տեղափոխել բուքմեյքերական գրասենյակ: Օրենքի ուժով, եթե 10-օրյա ժամկետում փակում են, ընկերությունը ֆինանսական ճգնաժամի առջև է կանգնում ու ոչ թե 1.5, այլ 6 ամիս կկարողանանք աշխատել: Խնդրում ենք ԱԺ-ին՝ լինել օբյեկտիվ բերված նախագծի նկատմամբ: Պետք է բիզնեսը վերաձևավորվելու համար ժամանակ տան, քանի որ բոլորին հայտնի է՝ մեր ընկերությունը չունի ինտերնետ-կազինոներ, մյուսներն ունեն: Նախագիծը բերելուց առաջ, կարծում եմ՝ կարելի էր նաև հաշվի առնել, թե այն պետության համար ի՞նչ հարց է կարգավորում, ի՞նչ վնաս է բերում բյուջեին, ինչպիսի՞ սոցիալական հնչեղություն կարող է ունենալ»:
«Գուդվին-Բեթ» ընկերության տնօրենը պնդում է՝ բացառվում է 21 տարեկանից ցածր անձանց մուտքը բուքմեյքերական գրասենյակներ, մասնակցությունը վիճակախաղին:
«2018թ. ապրիլի 9-ին օրենքը մտավ ուժի մեջ: Ժամանակին ընկերությանը պատժում էին 100.000 դրամով, իսկ ապրիլի 9-ից այն դարձել է 2-10 միլիոն: Այսինքն, եթե ընկերությունում հայտնաբերվեն երեք 21 տարին չլրացած մարդիկ, ովքեր մասնակցել են վիճակախաղին, յուրաքանչյուրի համար տուգանվում են 2 միլիոն դրամով: Բուքմեյքերական ընկերությունում ավելի մեծ արդյունք կարող են ակնկալել հսկողությունից, քան ինտերնետ տիրույթում: Ինձ որևէ մեկը կկարողանա՞ համոզել, որ մեկ մարդը չի կարող տարբեր մարդկանց IP-ներով գրանցվել ու խաղալ, իսկ գրասենյակում ստուգում ես»,- հավելեց Սարգիս Միքայելյանը:
Ընկերության տնօրենն ասաց՝ եթե իրենց պահանջները չբավարարեն, իրենք էլ կպահանջեն, որ ինտերնետ-կազինոներն էլ փակվեն:
«Թող իրականում խաղամոլության դեմ պայքարեն: Հայ ժողովրդի 60 տոկոսը կողմ կլինի, որ օնլայն տիրույթը փակվի, քանի որ այդ դեպքում մարդիկ ավելի շատ են գումար կորցնում: Կարծում եմ՝ մեր պատգամավորներն այս ամենը հաշվի կառնեն, չեն փորձի հեռանալ իրականությունից և կայացնել մի որոշում, որը հարց չի լուծում, ստեղծում է մեծ աղմուկ ու աշխատատեղերի կորուստ: Այս պահին ընկերությունն ունի մոտ 520 աշխատող, կան նաև մի քանի փոխկապակցված ընկերություններ»,- նկատեց Սարգիս Միքայելյանը:
Մեր հարցին՝ մայիսի 2-ին, երբ «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ-ի դիմաց՝ պահանջելով չեղարկել ԱԺ օրակարգ մտած «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, տեղեկություն կար, որ ակցիային մասնակցողների մեծ մասն ընկերության հետ կապ չունի, ասենք, կահույքի սրահի աշխատակիցներ են, այդպե՞ս է, և կահույքի սրահներում կա՞ տերմինալ, ընկերության տնօրենը պատասխանեց. «Տերմինալների տեղադրման գործընթացը ՀՀ-ում կանոնակարգվում է լիազոր մարմնի, այս դեպքում՝ Ֆինանսների նախարարության կողմից տրված կանոնակարգերի շրջանակներում: Մենք ունենք 1000 տերմինալ, դրանք ըստ ցանկության չեն տեղադրվում այս կամ այն վայրում, դիմում ես Ֆինանսների նախարարություն, նրանք հաստատում են կանոնակարգը: Մեր կանոնակարգում ոչ մի կահույքի սրահի, անգամ հարակից հասցե չկա: Մեր աշխատակիցները չեն՝ փոխկապակցված մարդիկ են: Կան տարբեր պահնորդական ընկերություններ, աշխատակիցների ընտանիքների անդամներ են, տարածքի տերեր»:
Անի Կարապետյան