«Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում… Ի՞նչ ասեմ». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ասուլիս տվեց՝ նվիրված ԱՄՆ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք»  հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցի արդյունքներին։

Ասուլիսին ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

«Հրապարակ» օրաթերթի 2-րդ հարցը՝ Աննա Հակոբյանին։

– Ձեր շրջագայությունները շատ քննարկվեցին։ Բելգիա, ԱՄՆ, վերջերս էլ՝ Չինաստան։ Դուք Հանրային հեռուստաընկերության եթերում՝ որպես պատճառաբանություն, ասել եք, որ Ձեր ամուսնուն ուշ-ուշ եք տեսնում ծանրաբեռնվածության պատճառով։ Առիթը օգտագործում եք։ Ուզում եմ հիշեցնել, որ նախկին վարչապետների տիկնանց ես գոնե չեմ հիշում, որ այդպես հաճախ մեկնեին։ Նրանք էլ էին ծանրաբեռնված աշխատում՝ անկախ արդյունքից, և կանայք չէին մեկնում նրանց հետ։ Եվ նաև նախագահների տիկնայք։ Մյուս կողմից՝ ոչ միայն վարչապետը, այսօր Կառավարությունում նաև մյուս անդամները, նախարարները, նաև Ազգային ժողովի շատ պատգամավորներ նույնպես բավականին ծանրաբեռնված գրաֆիկով են, և նույն տրամաբանությամբ կարող են նրանց կանայք էլ ամեն անգամ ասել՝ գիտե՞ք ինչ, ես իմ ամուսնուն ուշ եմ տեսնում, եկեք ես պետբյուջեի հաշվին նրանց հետ մեկնեմ։ Բայց պարզվում է՝ միայն Դուք եք մեկնում, վարչապետի տիկինը միայն այդպիսի հնարավորություն ունի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պատճառաբանությունը։

– Արդեն պարզաբանեցինք, որ դա պետբյուջեի հաշվին չի լինում, երբ որ իմ այցը ամուսնուս հետ է լինում, ուղեկցում եմ իրեն, և արդեն մի քանի անգամ ասել ենք՝ հավելյալ գումար դա չի նստում պետբյուջեի վրա։

Մյուս շրջագայությունները կամ մյուս համեմատությունները… Նախորդները, չգիտեմ՝ ինչի չէին անում, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը։ Երբ որ իրենց ամուսինները գնում էին որևէ տեղ, կարող էին նստել այդ ինքնաթիռը, գնալ, իր հետ լինել, կողքը լինել։ Հիմա ես ի՞նչ իմանամ՝ ինչի չէին անում։  Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում… Ի՞նչ ասեմ։

Իմ շրջագայությունները շատ են ստացվում, որովհետև ի տարբերություն նախորդների՝ ես նաև այդ գործունեությունն եմ վերցրել իմ վրա։ Ես կարող էի միայն պաշտոնական այցերին արարողակարգով ամուսնուս ուղեկցել երբեմն-երբեմն, և ոչ ոք էլ չէր նկատի, այդ հարցը չէր առաջանա, էդքան քննադատություն էլ չէր լինի, չէինք խոսի դրա մասին։ Բայց նաև ԱՄՆ եմ գնացել, չէ՞, պատվիրակությամբ եմ գնացել, դա էլ է թեմա, հետո էլի կգնամ։ Ղազախստան գնացի, էլի առանց ամուսնուս։

Դրա համար մի քիչ շատ է ստացվում։ Դա, իհարկե, դժվար է, առաջին հերթին՝ ինձ համար է դժվար, բայց մյուս կողմից՝ ֆինանսական իմաստով, որ դրա տակ այդքան ուզում են փնտրել փողերի վատնում… Ես Միացյալ Նահանգների օրինակը բերեմ։ 10 միլիոն դրամ ենք ծախսել այցի վրա, Հայաստան ենք բերել 755 միլիոն դրամ։ Ես չեմ կարող ուղղակի որևէ տեղ գնալ։ Ես դրա ժամանակը չունեմ։ Ես ունեմ մեծ ընտանիք, ես ունեմ ամուսին, որի կողքը պետք է լինեմ Հայաստանում։ Ես ունեմ երեխաներ, փոքրիկ, որին ամեն անգամ թողնել և որևէ տեղ գնալը շատ մեծ սթրես է և իմ համար, և իր համար, և ես ուղղակի հենց այնպես չեմ գնա որևէ տեղ, առաջին հերթին՝ իմ համար ու իմ ընտանիքի համար։

Եթե իմ գնացած տեղը չունենա որևէ կարևորություն, որևէ հետադարձ օգուտ Հայաստանի համար, ես երբևէ դա ինձ թույլ չեմ տա։ Ինձ դա պետք չի։ Ես ոչ թե պետական ռեսուրս չեմ ծախսի, այլ իմ ընտանիքի ժամանակից չեմ ծախսի։ Ես իմ երեխայից չեմ ծախսի, ուր մնաց՝ հարցը հասնի, թե ես պետական ռեսուրս եմ ծախսում, տեղ եմ գնում։ Այսինքն՝ եթե իմ գնալը շատ կարևոր չլինի՝ կամ ամուսնուս կողքին գտնվելու տեսակետից, կամ աշխատանքի տեսակետից, կամ պետական արարողակարգի տեսակետից, հավատացեք, ես երբևէ չեմ գնա։ Նախկինում որևէ ղեկավարի տիկին այսքան ակտիվ գործունեություն չի ծավալել։

Եթե գտնում ենք, որ սա վատ մշակույթ է, ու պետք չի, որ ես սա անեմ, ես սիրով, հենց վաղվանից, որովհետև իսկապես դժվար է… Այնպես որ դա կարող են մարդիկ որոշել, ժողովուրդը որոշի, հանրությունը, քաղաքացիները որոշեն՝ պե՞տք է, որ ես շարունակեմ, դա օգուտ տալի՞ս է, թե՞վնասում է մեզ։

Եթե մի անգամ մեկն ասի, որ վնասում է, ես սիրով կդադարեցնեմ։ Ես ունեմ շատ-շատ սիրած աշխատանք, որը շատ-շատ կարոտում եմ, և որովհետև արդեն դժվար եմ դիմանում, որոշել եմ հունիս ամիսն անցկացնել «Հայկական Ժամանակում», նորմալ աշխատանքային օրով գնամ էնտեղ, նյութերը կարդամ, որովհետև առանց դրա իսկապես դժվարանում եմ։ Ուզում եմ ասեմ՝ ես ունեմ իմ շատ սիրելի աշխատանքը, և որ պահին որ մարդիկ ասեն, որ պետք չի այս աշխատանքը, ես կդադարեցնեմ ու կվերադառնամ իմ աշխատանքին։ Այնպես որ, հետագայում ձեզանից կուզեմ այդ մասին կարծիքներ լսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս