«Այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ հիշեցնում է գորբաչովյան տարիները, որի վերջն այդքան էլ լավ չի լինելու». Քաղաքական փորձագետ

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, երկու երկրների ռազմավարական համագործակցության և անվտանգության երաշխիքների հարցում կոնսենսուս կա։ Սակայն այստեղ խնդիրն այն է, որ այդ ամենը հայկական կողմը երբեմն այնքան բնական է ընկալում, որ չի մտածում այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար։ Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Ռուսաստան նոր հեռանկարներ փնտրելիս» քննարկման ժամանակ ասաց քաղաքական փորձագետ Ռուբեն Մարգարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի բուհերում տարբեր երկրների ուսումնասիրության ամբիոններ կան, սակայն ռուսական ամբիոն չկա, քանի որ համարում են, որ այդ երկիրն ուսումնասիրության կարիք չունի։ Սակայն այդպես չէ, քանի որ, ըստ փորձագետի, նոր սերունդը, որն այդքան էլ չի առնչվել Ռուսաստանի հետ, այն ուսումնասիրելու կարիք ունի։

«Երբեմն նման ամբիոններ պետք են ոչ թե նրա համար, որ տեսնեն, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, այլ՝ թե Հայաստանում ինչ գործընթացներ են կատարվում, և դրանք ինչի կարող են հանգեցնել։ Օրինակ՝ այսօր այն, ինչ կատարվում է Հայաստանում, ինձ շատ է հիշեցնում գորբաչովյան տարիները, քաղաքական նոր մտածողությունն արտաքին հարաբերություններում, այն, ինչ մենք այժմ անում ենք։ Եթե խորանանք, շատ նմանություններ կան, ցավոք, դրա վերջն այդքան էլ լավ չի լինելու»,- շեշտեց քաղաքական փորձագետը։

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանն այսօր հզոր պետություն է, և Հայաստանը դրանից կարող է շատ օգտվել։ Նախկինում ՀՀ տարբեր նախագահներ կարողացել են այնպես անել, որ Ռուսաստանի հետ պահպանեն լավ հարաբերություններ։ Այսօր խնդիր է դրված, որ իշխանությունները կարողանան գոնե պահպանել այն ամենը, ինչ կա երկու երկրների հարաբերություններում։

«Իհարկե, կա այն կոնսենսուսը, որ բոլորը հասկանում են, թե որքան կարևոր են հայ-ռուսական հարաբերությունները, հասկանում են նաև այն մարդիկ, որոնք այդ հարաբերություններին դեմ էին խոսում ընդդիմադիր եղած ժամանակ։ Բայց հիմա էլ ասում են, թե ընդդիմություն են եղել, խոսել են։ Սրա հետ մեկտեղ՝ տեսնում ենք, որ պետությունների հարաբերություններում, եթե նույնիսկ պետական շահերը համընկնում են, կարևոր են նաև միջանձնային հարաբերությունները, որը, ցանկալի է՝ լինի փոխըմբռնման մթնոլորտում։ Եթե այդ փոխըմբռնման վստահությունը կասկածի տակ է դրվում տարբեր հայտարարություններով՝ չի կարող որևէ ազդեցություն չունենալ պետությունների հարաբերությունների վրա»,- ընդգծեց Ռուբեն Մարգարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս