Բաժիններ՝

Էկոնոմիկայի նախարարը չի հավատում վիճակագրությանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքերն ու պաշտոնական վիճակագրության ցուցանիշները միմյանց հակասում են։
Այսպես, էկոնոմիկայի նախարարը News.am կայքին հարցազրույց է տվել Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ և «Հայաստանի արդյունաբերությունը 2012 թ. առաջին կիսամյակում գրանցել է աննախադեպ` 13% աճ: Ըստ Ձեզ` ո՞րն է այդ աճի շարժիչ ուժը» հարցին պատասխանել է. «Աճի այդ տեմպն արդեն վերականգնողական աճ չէ, որ բնորոշ է հետճգնաժամային փուլին: Ճգնաժամից հետո, երրորդ տարին է` ունենք արդյունաբերության բարձր աճ, թևակոխել ենք կայուն ու իրական աճի փուլ: Աճն ապահովվում է արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերի հաշվին` մեքենաշինություն, թեթև արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն, մետալուրգիա: Ընդ որում` մեքենաշինությունը, թեթև արդյունաբերությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի բարձր աճ ունեն, քան հանքարդյունաբերությունը: Կարծում եմ` առաջիկայում աճի տեմպերը կպահպանվեն, քանի որ կապիտալը գնում է դեպի արտադրություն: 90-ականներին կապիտալը գնում էր դեպի առևտուր, որտեղ ամենաբարձր շահութաբերությունն էր, հետո մեծ հոսքեր եղան դեպի շինարարություն: Ներկայում այդ հոսքերն ուղղվում են դեպի արդյունաբերություն: Գուցե արդյունաբերությունում շահութաբերության մակարդակն ավելի բարձր չէ, քան մյուս ոլորտներում, սակայն ավելի կայուն է ու երկարատև»: Նա նաև ավելացրել է, որ արդյունաբերական բարձր աճը համալիր ջանքերի արդյունք է` պետության, մասնավորի ակտիվության:
Այն, որ Տիգրան Դավթյանը պետք է գովերգի արդյունաբերության աճը, բնական է։ Բնական է նաև, որ այդ աճի համատեքստում կարևորի պետության դերը։ Սակայն զարմանալին այն թեթևությունն է, որով մեր պետական այրերը «խաղում» են թվերի հետ։ «Մեքենաշինությունը, թեթև արդյունաբերությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի բարձր աճ ունեն, քան հանքարդյունաբերությունը»,- ասում է Էկոնոմիկայի նախարարը։ Մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության 2012թ. հունվար-հունիս ամիսների ցուցանիշներն այլ բան են ասում։ Այսպես՝ 2012թ. հունվար-հունիսին հանքագործական արդյունաբերությունն աճել է 15.9% ով, իսկ մշակող արդյունաբերությունը՝ 13.2%-ով։ Էկոնմիկայի նախարարը խոսում է թեթև արդյունաբերության աճի մասին, մինչդեռ, պաշտոնական վիճակագրության համաձայն, մանածագործական արտադրատեսակների արտադրությունը նվազել է 37.1%-ով, հագուստի արտադրությունը՝ 10.8%-ով։ Տեղեկատվական տեխնոլոգիաների աճի մասին խոսակցությունների ֆոնին՝ համակարգիչների և էլեկտրոնային սարքերի արտադրությունն աճել է ընդամենը 1.1%-ով։
Շատ տպավորիչ աճ է արձանագրել մեքենաների և սարքավորումների արտադրությունը՝ 71%։ Սակայն սա հիմնականում պայմանավորված է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի պատվերով 100 տրակտոր արտադրելու գործոնով (այդ մասին հրապարակում է եղել 168.am-ում)։ Նշենք նաև, որ մեքենա-սարքավորումների արտադրության ծավալներն առաջին կիսամյակում կազմել են 1.9 միլիարդ դրամ, որը ամբողջ արդյունաբերական արտադրանքի ընդամենը 0.4%-ն է։
Իսկ ստորև ներկայացված գծապատկերից (աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ) երևում է, թե ինչ «փայլուն» կառուցվածք ունի մեր արդյունաբերության ոլորտը։ Այսքանից հետո միայն նախանձել կարելի է մեր պետական այրերի անուղղելի լավատեսությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս