Բաժիններ՝

Ինչի շնորհիվ է տրակտորների արտադրությունն աճել 103 անգամ

Հայաստանի արդյունաբերության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում ռեկորդային աճ է արձանագրել տրակտորների արտադրությունը։ Հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 103 տրակտոր։ Մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում արտադրվել է ընդամենը 1 տրակտոր։
Հայաստանում տրակտորների արտադրությամբ զբաղվում է Վանաձորում գտնվող «Չինվան» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը և նշված 103 տրակտորների մեծ մասն արտադրել է այստեղ։ Հաշվի առնելով որ 2003թ. հիմնադրված ընկերությունը 8 տարվա ընթացքում արտադրել է 500 տրակտոր՝ միայն կես տարվա մեջ 100 տրակտորի արտադրությունը լուրջ ցուցանիշ է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
Պարզվում է, որ այդ ծավալներն ապահովվել են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի պատվերի շնորհիվ։ Hetq.am կայքը դեռ ապրիլին նշել էր, որ ընկերությունը հիմնադրամից խոշոր պատվեր է ստացել։ Ընկերության տնօրեն Սամվել Նաջարյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը։
ԲՀԿ-ն բացառում է, որ տրակտորներ բաժանելը որևէ կերպ կապ ունի ԱԺ ընտրությունների հետ։

Այդուհանդերձ, Ս. Նաջարյանին հարցրեցինք, թե հիմնադրամի կողմից արդյոք նոր պատվերներ չկա՞ն մինչև եկող տարվա փետրվար։ «Դեռ ոչ, սակայն ուրիշ տեղերից պատվերներ ունենք և աշխատում ենք»,- ասաց ընկերության տնօրենը։
Անկախ շարժառիթներից, ստացվում է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը նպաստել է տեղական արտադրության զարգացմանը։ Եվ, որ պակաս ուշագրավ չէ, այդ զարգացման արդյունքները ներկայացվելու են իշխող կուսակցության տնտեսական ձեռբերումների շարքում՝ արդյունաբերության ոլորտի երկնիշ աճի համատեքստում։
Ինչ վերաբերում է տրակտորներ արտադրող «Չինվան» ընկերությանը, այն հիմնադրվել է նախկին «Էլեկտրոն» գործարանի տարածքում և Չինաստանից ու Բելառուսից ներկրված պահեստամասերից փոքր տրակտորներ է արտադրում արդեն 8 տարի։ Ընկերության տնօրեն Սամվել Նաջարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, տրակտորները հավաքվում են արտերկրից ներկրված պահեստամասերից, ապա գյուղատնտեսական գործիքներն ամբողջությամբ արտադրվում են գործարանում։ Ս. Նաջարյանը նաև տեղեկացրեց, որ արտադրվում են 9-80 ձիաուժ հզորությամբ տրակտորներ, սակայն պատվերի դեպքում կարող են արտադրել մինչև 125 ձիաուժ հզորությամբ տրակտոր։ Մեկ տրակտորի գինը տատանվում է 8,500-ից մինչև 20,000 դոլար։
Ի դեպ, Հայաստանում տրակտորների արտադրությամբ զբաղվող ևս մեկ ձեռնարկություն կա՝ Արմավիրի Հաստոցաշինական գործարանը։ Նախորդ տարվա կեսերին մամուլում գրվեց, որ գործարանը սկսել է բազմաֆունկցիոնալ մինիտրակտորների արտադրությունը: Հուլիսին այդ առիթով գործարան էր այցելել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, և գործարանի տնօրեն Անդրանիկ Սարգսյանը նրան տեղեկացրել էր նոր արտադրության մասին։ Մեր տեղեկություններով, սակայն, Արմավիրում տրակտորների արտադրությունը ժամանակավորապես դադարեցված է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս