Ուկրաինայի հետ տարաձայնությունները շարունակվում են. Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Երևանում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ Ուկրաինայի հետ խնդիրներն ու տարաձայնությունները պահպանվում են:
Վրաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները վատթարացան, երբ Թբիլիսին հրաժարվեց 2022 թվականին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց։ 2022 թվականի մարտին Զելենսկին հետ կանչեց Վրաստանից Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին։
Կոբախիձեն Զելենսկիի հետ հանդիպել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ։ Սա նրանց առաջին հանդիպումն էր հինգ տարվա ընթացքում։
«Մենք (Զելենսկիի հետ՝ խմբ.) չենք խորացել խնդիրներին վերաբերող հարցերի մեջ։ Իհարկե, խնդիրներ կային, և այդ խնդիրները չեն վերացել»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։



