«Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը զարգացման մասին չէ. այն Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրի մեջ կրիտիկական ենթակառուցվածքներին վերաբերող հատվածներն առաջին հայացքից ներկայացվում են որպես զարգացման, արդիականացման և «կապակցվածության» օրակարգ։ Սակայն այդ ձևակերպումների խորքում թաքնված է մի ավելի լուրջ խնդիր՝ ենթակառուցվածքային վերահսկողության աստիճանական վերաձևում։

Էներգետիկա

Էներգետիկայի մասին հատվածներում շեշտվում են դիվերսիֆիկացիան, էներգետիկ անցումը, ցանցերի ամրապնդումը և եվրոպական շուկաների հետ ինտեգրումը։ Բայց այստեղ առանցքային խնդիրը ոչ թե էներգետիկայի զարգացումն է, այլ այն, թե որ, իսկ ավելի շուտ՝ ում տրամաբանությամբ է այդ զարգացումն իրականացվելու։ Դիվերսիֆիկացիան ներկայացվում է որպես կախվածության նվազեցում, սակայն իրականում այն կարող է վերածվել կախվածության ուղղակի փոփոխության՝ դեպի եվրոպական կարգավորիչ և տեխնոլոգիական համակարգեր։

Ամենազգայուն կետը միջուկային էներգետիկան է։ Հայկական ԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման ճանապարհային քարտեզի վերաբերյալ ԵՄ աջակցությունը ձևակերպվում է որպես տեխնիկական և անվտանգային համագործակցություն, սակայն փաստացի այն արձանագրում է մի գործընթաց, որի վերջնարդյունքը ակնհայտ է՝ գործող ատոմային բլոկի փակումը։ Հարց է առաջանում՝ ինչով է այն փոխարինվելու։ Հռչակագրում դրա մասին հստակ պատասխան չկա։ Սա նշանակում է, որ Հայաստանի էներգետիկ համակարգի բազային, կայուն հզորությունը դրվում է հարցականի տակ՝ առանց համարժեք այլընտրանքի։ Հիշեք Իգնալինի ԱԷԿ-ը, որը կոնսերվացվեց Լիտվայի ԵՄ անդամակցելուց հետո՝ առանց նոր հզորությունների ձևավորման: Արդյունքում Լիտվան առ այսօր ստիպված է թանկ էլեկտրաէներգիա ներկրել Սկանդինավիայից:

Ու ամենակարևորը՝ հռչակագրում խոսվում է Սևծովյան էլեկտրամալուխին Հայաստանի միանալում հեռանկարի մասին: Վերջինս ԵՄ-Ադրբեջան համատեղ մի նախաձեռնություն է, որը կոչված է ադրբեջանական «կանաչ» էներգիան արտահանել եվրոպական շուկա: Ակնհայտ է, որ առանց կայուն գեներացնող հզրությունների Հայաստանն այդ հաղորդակցության մեջ պարզապես անելիք չունի: Ակնհյատ է նաև, որ առկա պայմաններում Բաքուն ամեն կերպ խոչընդոտելու է Հայաստանի միացումը ադրբեջանական լոբբիզմի արդյունք հանդիսացող այդ մալուխին:

Տրանսպորտ

Հռչակագրի տրանսպորտային հատվածում նույն տրամաբանությունն է։ Խոսվում է Անդրեվրոպական ցանցերին ինտեգրման, հաղորդակցությունների բացման, «Խաղաղության խաչմերուկի» մասին։ Սակայն այստեղ ևս կարևոր է հասկանալ՝ Հայաստանը դիտարկվում է ոչ այնքան որպես ինքնուրույն տրանսպորտային քաղաքականություն ձևավորող սուբյեկտ, այլ որպես միջանցք:

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարությունը, որի շրջանակում Հայաստանում նախատեսվող ներդրումները գնահատվում են մինչև 2,5 միլիարդ եվրո։ Սա ներկայացվում է որպես կապակցվածության և ենթակառուցվածքային զարգացման խթան, սակայն իրականում այն ուղղակիորեն կապված է Միջին միջանցքի ձևավորման և Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկ շղթաների վերակառուցման հետ։

Նույն տրամաբանության մեջ հիշատակվող ԹՐԻՓՓ ծրագիրը, որը ներկայացվում է որպես տարածաշրջանային կապակցվածության խթանող նախաձեռնություն, իրականում բացահայտում է մեկ այլ շերտ։ Այն փաստացի ամրապնդում է ԱՄՆ-ի դերակատարությունը Միջին միջանցքում՝ վերահսկելով Եվրոպայի կապերը Ասիայի հետ։

Այստեղ առաջանում է ակնհայտ հակասություն․ մի կողմից՝ խոսվում է եվրոպական ինտեգրման մասին, մյուս կողմից՝ այդ նույն միջանցքային ճարտարապետությունը ձևավորվում է նաև ԱՄՆ ռազմավարական շահերի ներքո, որի նպատակն է տվյալ դեպքում փաստացի վերահսկողության տակ վերցնել Եվրոպա-Ասիա լոգիստիկ կապն ու դրա հնարավոր կոնֆիգուրացիաները:

Այս պայմաններում Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես այդ գործընթացների համահեղինակ, այլ որպես դրանց կիրառման տարածք, որպես գործիք՝ արտաքին կենտրոնների կողմից նախագծվող լոգիստիկ համակարգում։

Ոչ, Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը զարգացման մասին չէ: Այն Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031