Ուկրաինայում ռուսական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ մայիսի 5-ի գիշերը Ռուսաստանը երկրի վրա հարձակման ժամանակ կիրառել է 11 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 164 անօդաչու թռչող սարք։ Կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ մեկ հրթիռ և 149 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Պոլտավայի մարզի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերի հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 37 մարդ՝ վիրավորվել։ Հարձակման թիրախում է հայտնվել Պոլտավայի մարզում գտնվող գազի արտադրության օբյեկտը։
«Հարձակման հետևանքով վնասվել է արդյունաբերական օբյեկտ։ 3480 բաժանորդ մնացել է առանց գազի։ Վնասվել է նաև երկաթուղային ենթակառուցվածքը», – Telegram-ում գրել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակովնիչը։
Բացի այդ, Խարկովի շրջանում արդյունաբերական գործարանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 1 մարդ։ Չեռնիգովի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսն էլ հայտնել է, որ Չեռնիգով քաղաքի կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է վիրավորվել։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մայիսի 5-ի առավոտյան երկրի 18 շրջաններում, Ղրիմում և Ազովի ծովում խոցված 289 անօդաչու թռչող սարքի մասին։
Չուվաշիայի մայրաքաղաք Չեբոկսարիում գիշերը և առավոտյան տեղի ունեցած հարձակումների հետևանքով վնասվել է մեկ շենք, 3 մարդ վիրավորվել է։
Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ մարզում գիշերը խոցվել է 29 ԱԹՍ։ Նա նշել է, որ Կիրիշիի արդյունաբերական գոտում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շուտով կավարտվեն։
«Թշնամու հիմնական թիրախը KINEF-ն էր: Հարձակման հետևանքով զոհեր չկան», – գրել է նա Telegram-ում։
KINEF-ը (Kirishinefteorgsintez), որը Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է և միակը Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում, պատկանում է «Սուրգուտնեֆտեգազ»-ին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մայիսի 8-9-ը միակողմանի հրադադարի մասին՝ սպառնալով Կիևի կենտրոնի վրա զանգվածային հրթիռային հարվածով, եթե Մոսկվան հարձակման ենթարկվի մայիսի 9-ին։ Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահը «լռության ռեժիմ» է հայտարարել՝ սկսած մայիսի 6-ի ժամը 00:00-ից՝ առանց ժամանակային սահմանափակման։



