Իշխանափոխության արհեստական գենետիկան

Lragir.am-ն այսօր տեղեկացրել էր, որ Արարատի մարզում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծրագրում է իր որդուն` Արգամ Աբրահամյանին, դարձնել Արտաշատի քաղաքապետ: Արգամ Աբրահամյանը հանդիսանում է «Արտֆուդ» ձեռնարկության սեփականատերը: Ըստ այդ լուրերի՝  Հովիկ Աբրահամյանը ծրագրում է իր որդուն քաղաքապետ է նշանակել Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրության միջոցով:
Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա առաջիկայում: Հովիկ Աբրահամյանը կամ կհերքի, կամ կհաստատի դա, կամ, գուցե, որևէ կերպ չի պատասխանի` արտաշատցիներին թողնելով անորոշության մեջ:
Տվյալ դեպքում՝ հետաքրքիր է, սակայն, ոչ թե առանձին վերցրած այս պաշտոնյայի կամ նրա որդու պարագան, այլ երևույթն ինքնին, որն աննկատ, պաշտոնյաների երեխաների տարիքին զուգահեռ՝ հասունանում է Հայաստանում և աստիճանաբար կարող է վերածվել միտումի: Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավի ներկայացուցիչների մեծ մասի զավակներն անկախության առաջին տարիների սերունդ են` 20-30 տարեկան: Նրանցից շատերը կրթություն են ստացել օտարերկրյա հեղինակավոր բուհերում, տարբեր ոլորտների բարձրորակ մասնագետներ են: Խնդիրը, սակայն, պաշտոնյաների ու մեծահարուստների երեխաների կրթական մակարդակը չէ, այլ այն, որ նրանց միջոցով ներկայումս դանդաղ, բայց հաստատուն կերպով տեղի է ունենում իշխանության փոխանցում հայրերից` որդիներին: Պետական կառավարման գրեթե բոլոր մարմիններում, ուժային կառույցներում,  դատախազական ու դատական համակարգերում, արդեն մի քանի տարի է` աշխատանքի են անցնում պաշտոնյաների երեխաներն ու մերձավոր ազգականները: Մամուլը երբեմն գրում է առանձին օրինակների մասին, սակայն երևույթը ամբողջության մեջ մեծ ուշադրության չի արժանանում: Մինչդեռ դա վերաբերում է իշխանական բուրգի գրեթե բոլոր պաշտոնյաներին, սկսած նախագահից՝ մինչև վարչության պետ: Նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, տևական ժամանակ զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Այսօր նա ֆորմալ պաշտոն չունի, բայց հայտնի է, որ վերահսկում է բազմաթիվ լրատվամիջոցներ, ակտիվորեն ներգրավված է քաղաքական գործընթացներում ու մասնակցում է որոշումների կայացմանը: Գագիկ Ծառուկյանի փեսան էլ, օրինակ, Աբովյանի քաղաքապետն է: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները թեև պետական համակարգում պաշտոններ չեն զբաղեցնում, սակայն խոշոր բիզնեսներ ունեն և տիրապետում են հսկայական ռեսուրսների: Վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրներից մեկը Չինաստանում ՀՀ դեսպանն է, մյուսը բարձր պաշտոն է զբաղեցնում «Նաիրիտում»:  Նման օրինակների շարքը կարելի է շարունակել: Խնդիրն այն է, սակայն, որ այդ օրինակները վարակիչ են իշխանական բուրգի ավելի ցածր օղակների ներկայացուցիչների համար, այսինքն` դա դարձել է նրանց կյանքի յուրօրինակ նորմ: Նույն Հովիկ Աբրահամյանը գուցեև մտածել է կամ կարող է մտածել` եթե Գ. Ծառուկյանի փեսան նրա ազդեցության տակ գտնվող Աբովյանի քաղաքապետն է, ինչո՞վ է պակաս իր որդին, որ չզբաղեցնի իրենց ազդեցության տակ գտնվող Արտաշատի քաղաքապետի պաշտոնը:  Իշխանափոխության, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, «իշխանափոխանցման» այս գործընթացը շատ ավելի ամուր հիմք ունի, քան որևէ, անգամ` պետական բարձրաստիճան պաշտոնյայի փոփոխությունը: Այսինքն` այսօրվա քաղաքական ու բիզնես էլիտայի ներկայացուցիչներն իրենց երեխաների միջոցով Հայաստանի պետական համակարգում հաստատվում են այնպես, որ առաջիկայում, անգամ իշխող քաղաքական ուժի փոփոխության դեպքում, նրանք «մասնաբաժին կունենան» իշխանության մեջ:
Այս երևույթը կարելի է համարել «հայկական ժողովրդավարության» հետևանք կամ արդյունք, չնայած դա բնորոշ է բազմաթիվ հետխորհրդային երկրների: Երբ երկրում չեն գործում իշխանության ձևավորման ու փոփոխության սահմանադրական մեխանիզմները, երբ պաշտոնյաների հաշվետվողականության ինստիտուտի փոխարեն՝ աշխատում է «իշխանական դաբրոյի» համակարգը, ցանկացած պաշտոնյա կամ փողատեր մտածում է իր երեխային իշխանական բուրգում տեղավորելու մասին: Նրանց մոտ գործում է «բա մեր ստեղծածին ո՞վ տիրություն անի» մտածողությունը, որի արդյունքում, փաստորեն, Հայաստանում դինաստիաներ են ձևավորվում: Այդ մտածողությունն իշխում է նախկին ու ներկա իշխանությունների գրեթե բոլոր ներկայացուցիչների մոտ: Դրան մեծապես նպաստում է քաղաքական համակարգի չկայացածությունը, նաև այն, որ ընդդիմադիր համարվող գործիչներից շատերն առաջնորդվում են նույն մտածողությամբ: Խնդիրն իշխանական ու ընդդիմադիր գործիչների զավակների, հարսների ու փեսաների որակները չեն, այլ այն, թե ինչին և ում են ծառայելու ոսկե երիտասարդության ներկայացուցիչներն՝  իրենց հայրերի հեռանալուց հետո: Բնականաբար, առաջին հերթին, այն համակարգի շարունակականության ապահովմանը, որի շնորհիվ այսօր արդեն տիրապետում են իշխանական լծակների:

 

Տեսանյութեր

Լրահոս