«Սորոսի մարդիկ բացեիբաց հարձակվում են Հայաստանի պետական անվտանգության և Ռուսաստանի հետ միության վրա». eadaily.com

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում Հայաստան մուտքի երկու ժամանոց սպասումը հայ հասարակական-քաղաքական շրջանակներում հարաբերությունները պարզաբանելու առիթ հանդիսացավ։ Շատերը հավատացին իր սադրիչ ունակություններով լայնորեն հայտնի ուկրաինացի պատգամավորի հայտարարությանն այն մասին, որ իրեն իբր թե Հայաստան չեն թողել մուտք գործել «Ռուսաստանի պահանջով»։ Սոցիալական ցանցերում հարձակում սկսվեց ռուս սահմանապահների և Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի վրա։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Ուկրաինացի պատգամավոր Նայեմը հայտարարեց, թե իրեն Հայաստան չեն թողել մտնի՝ անվանելով «անցանկալի անձ», և գրեթե 2 ժամ պահել են օդանավակայանում։ Ընդ որում, ուկրաինացի խորհրդարանականը հայտարարել է, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի պահանջով՝ միևնույն ժամանակ որևէ ապացույց չներկայացնելով։

«Մենք դեռ երկար նստեցինք Միգրացիոն ծառայությունում այն բանից հետո, երբ միացավ հյուպատոսական ծառայությունը, միջոցառման կազմակերպիչները, նրանք ինչ-որ փաստաթղթեր էին ստուգում և մոտ 2-2.5 ժամ անց ինձ արդեն թողեցին Հայաստան մտնել։ Եվ արդեն հետո ես տեղացի քաղաքական գործիչներից, աշխատակիցներից ու մեր հյուպատոսարանից իմացա, որ իսկապես կոորդինացիա կա ՌԴ-ի և Հայաստանի միջև՝ անցանկալի անձանց ցուցակների մասով։ Ես մտնում եմ Ռուսաստանի Դաշնության սանկցիոն ցուցակի մեջ ու կասկածներ ունեմ, որ հենց այդ պատճառով ինձ Հայաստան չէին թողնում»,- պատմել է Նայեմն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։

Այսինքն՝ ուկրաինացի պատգամավորի հայտարարությունը հիմնված է սոսկ «տեղացի քաղաքական գործիչների» և «միջոցառման կազմակերպիչների» ինֆորմացիայի վրա, որ իրեն Հայաստան չեն թողել Մոսկվայի կողմից իր հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով։

Մուստաֆա Նայեմն իսկապես դեռ անցած տարվանից գտնվում է Ռուսաստանի սանկցիոն ցուցակում։ Նրա մուտքը Ռուսաստան արգելված է։ Եվ Հայաստանի ու Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև իսկապես կարող է կոորդինացիա լինել, ինչը լրիվ նորմալ է դաշնակիցների դեպքում։

…Սահմանապահները նրան չեն ճանաչում, առավել ևս, որ նա Հայաստան է ժամանել սովորական անձնագրով, այլ ոչ թե դիվանագիտական։ Սկսվել է ստուգում, ինչը, որպես կանոն, ժամանակ է պահանջում։ Ստուգումից հետո առանց որևէ խնդրի նրան թույլատրել են Հայաստան մուտք գործել։

Ո՞վ է Մուստաֆա Նայեմը

Ուկրաինացի քաղաքական գործիչ Մուստաֆա Նայեմը ծնվել է 1981թ. Քաբուլում։ Էթնիկ պուշտուն է, մայրենի լեզուն՝ դարին։ Միայն այս փաստը կարող էր սահմանապահներին դրդել նրա անձն առավել հանգամանալից ստուգել։ Չէ՞ որ Աֆղանստանն աշխարհում լավագույն հեղինակությունը չունի։ Այս երկիրը համարվում է գլոբալ մասշտաբով ահաբեկիչների ամենահիմնական մատակարարը։

…Մուստաֆա Նայեմն իր լրագրողական գործունեության ընթացքում համագործակցել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի ֆոնդի հետ։ Որոշ տվյալներով՝ Նայեմի ու Սորոսի միջև կապը պահպանվում է օլիգարխ Վիկտոր Պինչուկի միջոցով։

Արժե նշել, որ Նայեմը երկիր մուտքի խնդիրներ ունեցել է նաև մինչև «Զվարթնոց» օդանավակայանի միջադեպը։

Գենադի Կերնեսի հետ իր հարցազրույցի ժամանակ Մուստաֆա Նայեմը պնդել է, որ «հոմոսեքսուալիզմը եվրոպական արժեք է, և դրա մեջ ոչ մի վատ բան կա»։ Այդպիսի բառերից հետո լրագրողի շատ հակառակորդներ նրան մեղադրեցին ոչ ավանդական կողմնորոշման պրոպագանդայի համար։

Նայեմի հետևորդները Հայաստանում

Ծնունդով աֆղանստանցի ուկրաինացի պատգամավորի սովորական ստուգումը երևանյան օդանավակայանում որոշ մարդիկ վերածեցին «ազգային ողբերգության»՝ բորբոքելով հակառուսական կրքեր ու քննադատելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։

Ակտիվություն են ցուցաբերում Սորոսի «բնի» բոլոր ծանոթ դեմքերը՝ բավականին ազդեցիկ հասարակական կազմակերպությունների ղեկավարները, ովքեր ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ «Բաց հասարակություններ Հայաստան» հիմնադրամի կողմից։ Սորոսի մարդիկ Հայաստանում պաշտպանում են իրենց ուկրաինացի գործընկերոջը։

Ռուսաստանի և անձամբ Հայաստանի ԱԱԾ տնօրենի դեմ քննադատությունը, իհարկե, սորոսցիների կողմից փաթեթավորվում է երկրի ինքնորոշման և մարդու իրավունքների պաշտպանությամբ, թե իբր, քանի դեռ ռուս սահմանապահներ կան մեր օդանավակայանում, նման «միջադեպերն» անխուսափելի են։ Եվ այդ պատճառով էլ նրանց պետք է հեռացնել այնտեղից։ Իրականում հարձակման են ենթարկվում Հայաստանի պետական անվտանգության կարևորագույն ինստիտուտները՝ ԱԱԾ-ն և Հայաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեցող ռազմաքաղաքական միությունը։ Այսինքն՝ նախաձեռնվում է դրանք հեղինակազրկելու ուղղորդված փորձ՝ երկրի համար դրանից սերող բացասական հետևանքներով։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վրա հարձակումները սաստկացան մի քանի շաբաթ առաջ, այն բանից հետո, երբ մեղադրանք առաջադրվեց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, հայտնի ռուսատյաց Դավիթ Սանասարյանին։ Նրան անմիջապես սկսեցին պաշտպանել Սորոսի ֆոնդի հայաստանյան մասնաճյուղի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների ղեկավարները։ Բացի Վանեցյանի դեմ անհատական հարձակումներից, փորձեր ձեռնարկվեցին՝ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործը կապել Ռուսաստանի հանդեպ նրա դիրքորոշման հետ։

Հետո նույն այդ «սորոսական բնի» մարդիկ հակառուսական ալիք բարձրացրին Երևանում ԵԱՏՄ միջկառավարական նիստի ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների երկխոսության պատճառով։ Նրանք Մեդվեդևի կատակը Փաշինյանի հասցեին օգտագործեցին այն բանի համար, որ Հայաստանում հակառուսական ալիք բարձրացնեն՝ Մեդվեդևի բառերը գնահատելով՝ որպես լկտիություն։ Բացատրություններով ստիպված եղավ հանդես գալ վարչապետ Փաշինյանը՝ ներկայացնելով «միջադեպի» մանրամասները։

Այժմ, ի դեմս Նայեմի, քննադատության նոր առիթ է ստեղծվել հայկական հատուկ ծառայությունների և Ռուսաստանի դեմ։

Ինքը՝ այս անձնավորության այցը Հայաստան, պլանավորված սադրանք է հիշեցնում։ Բացառված չէ, որ այսպիսով անդրկովկասյան այդ հանրապետությունում որոշակի շրջանակները և նրանց գործընկերները Կիևում՝ համապատասխան պրոֆիլի արևմտյան հատուկ ծառայությունների ամենագործուն մասնակցությամբ, որոշել են ստուգել Ռուսաստանում անցանկալի անձ հայտարարված անձանց՝ Հայաստանի սահմանը հատելու և, հասկանալի է, այդ միջադեպը հետո պրոպագանդիստական նպատակներով օգտագործելու հնարավորությունը։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանից լուրեր էին ստացվում, որ հանրապետության տարածքում տեղակայված են երիտասարդ մարդկանց ոչ մեծ խմբեր՝ ուկրաինական անձնագրերով։ Որպես կանոն՝ այդ տեղակայումը համընկնում էր Երևանում տարատեսակ համաժողովների, սեմինարների և պարզապես լայն հասարակության աչքերի համար փակ «ակումբային ժամանցի» հետ, ուր փորձի փոխանակություն էր կատարվում ու քննարկվում էին հետխորհրդային տարածքում «դեմոկրատիզացիայի» հետ կապված խնդիրներ։

Ով ով է…

Հայաստանում հակառուսական դիսկուրսի հիմնական գեներատորները մի քանի կազմակերպություններ են հանդիսանում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ իր տնօրեն Արթուր Սաքունցի հետ միասին, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, որի տնօրենը Լևոն Բարսեղյանն է, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ում մուտքը Ռուսաստան արգելված է, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, և  Transparency International միջազգային կազմակերպության հայկական կենտրոնը։ Սրանք բոլորն ինքնամոռաց կերպով սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում քննադատում են Վանեցյանին ու պահանջում հայկական օդանավակայաններից ռուս սահմանապահների դուրսբերումը։

Ռուսաստանի դեմ քննադատությամբ նրանք միշտ են հանդես եկել։ Նրանց հակառուսական հռետորաբանությունը փոքր-ինչ թուլացավ թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանի նոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նրանց ներկայացուցիչներին իր թիմ վերցրեց։ Ներկայումս հակառակ պրոցեսն է տեղի ունենում։ Դիտորդների կարծիքով՝ Փաշինյանն ազատվում է «սորոսական» կադրերից ու հանդիպում բավականին ուժեղ դիմադրության։ Դավիթ Սանասարյանի հեռացումն ու վարչապետի դեմ հարձակումները դրա ապացույցն են։ Ինֆորմացիա կա, որ շուտով Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնից կազատվի Արմեն Գրիգորյանը, ով այս աշխատանքին էր եկել Transparency International կազմակերպությունից։

Այսինքն՝ «սորոսական» կադրերից ազատվելու Փաշինյանի փորձերի ֆոնին՝ նրանք Հայաստանի ներսում հարձակվում են Ռուսաստանի վրա, իսկ Ռուսաստանի միջոցով՝ Նիկոլ Փաշինյանի՝ խարխլելով դրանով իսկ Հայաստանի անվտանգության հիմքերը։ Այժմ գնդակը Փաշինյանի դաշտում է, ով մինչ այժմ Հայաստանի ազգային շահերից ելնող պատասխանատու քաղաքականություն է դրսևորում։

Ըստ EADaily-իի աղբյուրների տեղեկության՝ Նիկոլ Փաշինյանը մեթոդաբար կտրում է, այսպես կոչված, սորոսյան թևի ներկայացուցիչների հետ շփումները։

«Նրանք արդեն վաղուց են ձգտում հանդիպել Փաշինյանի հետ, բայց նա նրանց չի ընդունում»,- ասաց մեր աղբյուրը Փաշինյանի շրջապատից։

Հրապարակման համար eadaily.com-ից պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս