Գործով զբաղվեք, հերի՛ք է պատվեր փնտրեք
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ անդրադառնալով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանին և նրա հեղինակային հաղորդաշարին։
«Փաստորեն դաշնակցական Գեղամ Մանուկյանը, օգտվելով վերջին օրերի մեդիա բեսպրեդելից՝ որոշել է առիթից օգտվել ու ինձ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրել (կամ առնվազն ակնարկել):
Պատկերացնո՞ւմ եք, ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ Գեղամ Մանուկյանը ինձ մեղադրում է անազնիվ գործելակերպի մեջ։
Պարզվում է նաև (ձեռի հետ), որ վերջինս հետաքննող լրագրող է, և հավանաբար շուտով «Հետք» լրատվականին ծանրագույն մրցակցություն է սպասվում ի դեմս «Երկիր Մեդիայի» 🙂
Մեկ բան ունեմ ասելու. հավանականությունը, որ ես երբևէ ներգրավված կլինեմ որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, ոչ ավելի է, քան հավանականությունը, որ օրինակ Գեղամ Մանուկյանը որևէ մեկի պատվերը չի կատարում ? Կամ որ օրինակ վերջինս անաչառ և օբյեկտիվ լրագրող է:
Նա ուղղակի չի պատկերացնում, թե ո՞նց կարելի է պաշտոնավարել և չգողանալ։
Այո, պարոն Մանուկյան, պետք է հիասթափեցնեմ, դա հնարավոր է »,- գրել էր Աղաջանյանը։
Քիչ առաջ նույն ֆեյսբուքյան հարթակում պատասխանով հանդես եկավ Գեղամ Մանուկյանը, այնտեղ ասվում է.
«Այսօր հարգելի Էդուարդ Աղաջանյանն այս ֆեյսբուքյան գրառմամբ մեր եթերում տեղ գտած մի տեսանյութի և դրան կցված մի գրառմամբ ակնարկել է «պատվերի» կատարման մասին, ու իբր նրա՝ կոռուպցիայով զբաղվելու ակնարկ եմ արել։ Իրականում հարցեր ենք հնչեցրել կառավարության գնումների գործընթացի մասին, երբ ամիսներ շարունակ բազում միջոցառումներ կազմակերպելը մեկ անձից գնումների ձևով վստահվել է նույն ընկերությանը։ Դրան մանրամասնորեն կանդրադառնամ այս կիրակի՝ իմ հեղինակային հաղորդման ժամանակ։
Հիմա՝ «պատվեր» կատարելու մասին։
Թերևս կառավարության աթոռներից է. ով նստում է դրանց վրա, ցանկացած լրագրողական քննադատության հիմքը տեսնում է իբր պատվեր կատարելը։
Կից ներկայացրել եմ մի քանի հատվածներ իմ հաղորդումներից 2014, 2015, 2016 թվականներին, երբ բոլոր դեպքերում էլ քննադատությանս թիրախում եղել են կառավարությունները, այդ օրերի վարչապետներ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, ովքեր ևս մեղադրում էին «պատվեր» կատարելու մեջ։ Սերժ Սարգսյանն էլ մի հարցազրույցում մեղադրեց ինձ «գաղջ» մթնոլորտ սերմանելու մեջ։
Ի դեպ, եթե հետաքննությամբ զբաղվելը շատ է զարմացրել կառավարության աշխատակազմի ղեկավարին, ապա լավ կլինի իր ենթակայության տակ եղած ՊՈԱԿ-ին հանձնարարի մեր եթերում տարբեր տարիներին եղած նման հաղորդումների նմուշներ ստանա ու դիտի, այդ թվում՝ իր հարգած Hetq.am-ի հետ։
Վերջապես, լավ չի հասկացվում «մեդիա բեսպրեդել» արտահայտության իմաստը։ «Բեսպրեդելն» ուզում են վերացնե՞լ։ Իսկ միգուցե շարք կանգնա՞ծ սկսենք լրատվություն տալ, կամ կառավարության լրատվականի նյութե՞րը միայն կարդանք։ ՄԻՄԻԱՅՆ պաշտոնակա՞ն լրատվությունը, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ամեն տեղ «պատվեր» չփնտրի։
Իսկ նվաստիս լրագրողական ունակությունների մասին դատողություններ անելուց առաջ ավելի լավ է լսեր իմ շատ գործընկերների ու հատկապես՝ հազարավոր հեռուստադիտողներիս կարծիքը։ Նրանք կառավարական աթոռների նստած չեն, որ միշտ «պատվեր» փնտրեն։
Հ.Գ. Ի դեպ, հրապարակածս նյութերից մեկում Սիսիան-Գորիս մայրուղու անմխիթար, խայտառակ վիճակի մասին նյութի հեղինակ, Սյունիքում մեր թղթակից Սրբուհի Գրիգորյանն այժմ Ազգային ժողովի պատգամավոր է ու շարունակում է նույն խնդիրն արդեն Խորհրդարանի դահլիճում բարձրաձայնել։