«Ցեղասպանության ճանաչման համար կարևոր է մեր քաղաքական ակտիվությունը». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ապրիլի 24-ն այն  օրն է, երբ բազմաթիվ հայեր բռնի տեղահանվեցին իրենց օրրաններից, ոչնչացվեցին հայկական հոգևոր ու նյութական արժեքներ, և այս ամենը պետք է կարևոր նշանակություն ունենա քաղաքակիրթ մարդկության համար, քանի որ ցեղասպանությունը քաղաքակիրթ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է։

«Սա նաև խորհրդանշական օր է մեր միասնությունն ապացուցելու համար, քանի որ այսօր ամբողջ աշխարհի հայաշատ վայրերում  ոգեկոչում են ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն ամբողջ աշխարհում։ Մարդու իրավուքնների տեսանկյունից այս օրը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ սպանվել են հազարավոր անմեղ մարդիկ, խոշտանգվել են, սեփական իրավունքի բիրտ ոչնչացում է տեղի է ունեցել։ Հայոց ցեղասպանության չդատապարտումն ու պատշաճ գնահատական չտալն էր, որ հանգեցրեց նաև այլ ցեղասպանությունների։ Ցեղասպանության ճանաչման համար կարևոր է մեր քաղաքական ակտիվությունը, օրինակ, Արտաքին գործերի նախարարության, այժմ էլ տեղի են ունենում»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Արման Թաթոյանը։

Անդրադառնալով Մարտակերտի զորամասերից մեկում նախորդ տարի գրանցված միջադեպին, երբ զինծառայողի նկատմամբ իրականացվել էր խոշտանգում, Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ դեպքից անմիջապես հետո կապ են հաստատել զինծառայողի ծնողի հետ և տեղեկատվության հրապարակումից հետո սկսել են քրեական վարույթ։

«Դա այնպիսի դեպք է, երբ պարտադիր պետք է իրականացվի քրեական հետապնդում, և գործը պետք է քննվի քրեական վարույթի շրջանակում։ Գրություն ենք գրել գլխավոր դատախազին, բոլոր հարցերը բարձրացրել ենք, այդ թվում՝ քրեական վարույթի շրջանակներում, թե ինչ հանգամանքներ են հայտնի դարձել։ Խոշտանգման հարցն այնպիսի հարց է, որ պետք է քննությամբ ապացուցվի, մենք բոլոր հարցերը բարձրացրել ենք, որպեսզի վերահսկողության սահմաններում պահենք»,- շեշտեց Արման Թաթոյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս