«Որևէ փաստաթուղթ այս փուլում չենք քննարկում». Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հանդիպում չի հայտարարվել։ Այս մասին արտգործնախարարը նշեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այն հայտարարություններին, որ Փաշինյանի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Վաշինգտոնում։

«Գիտեք, որ մենք հանդիպել ենք Մոսկվայում, քննարկել ենք, ուրվագծել մեր հաջորդ քայլերը, այսինքն, թե հաջորդ հանդիպումը, որտեղ, երբ և ինչպես կարող է լինել։ Սա համանախագահներին և երկու նախարարներին է վերաբերում և յուրաքանչյուրը պետք է ճշտի, թե ինչպես է հնարավոր ֆիքսել այդ ժամկետները։ Այո, հանդիպումներ տեղի են ունենում տարբեր մայրաքաղաքներում՝ ներառյալ համանախագահ երկրների մայրաքաղաքներում, բոլոր տարբերակները բաց են»,- նշեց Զ. Մնացականյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ հնչել է Մոսկվայում ապրիլի 15-ին ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ, արտահայտում է այն, ինչ հանդիպման ընթացքում քննարկել են։

«Ես լրացուցիչ մեկնաբանություն կարիք չեմ ունեցել։ Ինչ վերաբերում է լուրերին, որ քննարկվել է Լավորվյալ փաստաթուղթը, ապա պետք է ասեմ, որ այնտեղ քննարկել ենք կողմերի տարբեր մոտեցումներրը և տարբեր դիրքորոշումները, բայց որևէ փաստաթուղթ այս փուլում չենք քննարկում։ Մենք գիտենք՝ մենք ինչ ենք անում, իսկ դուք գիտեք, որ մենք շատ բաց խոսում ենք այն ամենի մասին, ինչ անում ենք»,-եզրափակեց ՀՀ արտգործնախարարը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս