Բաժիններ՝

«Ոստիկանների նկատմամբ բռնի գործողություններն անընդունելի են բոլոր պետություններում». Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակումները եւ անընդունելի է համարել բռնի գործողությունները նրանց նկատմամբ:

«Ոստիկանների նկատմամբ բռնի գործողություններն անընդունելի են բոլոր պետություններում: Դա մանավանդ անընդունելի է մի երկրում, որն օկուպացված տարածքներ ունի, որի համար սահմանների պաշտպանվածությունն ու կայունությունը կենսականորեն կարեւոր խնդիր է»,- հայտարարել է Զուրաբիշվիլին բրիֆինգի ժամանակ: Նախագահը ողջունել է այն փաստը, որ կիրճի իրադրությունը հաջողվեց կայունացնել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի ղեկավարությամբ:

Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ապրիլի 21-ին Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակման եւ նրանց տեխինկայի վնասման փաստերով: ՆԳ նախարարության հայտարարության մեջ ասված է, որ «տեղացի մի խումբ բնակիչներ հարձակվել են 35 ոստիկանի վրա, որոնք ապահովում էին Պանկիսի կիրճում փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարների անվտանգությունը՝ քարեր նետելով նրանց վրա, ինչից հետո որոշում է ընդունվել կիրճ լրացուցիչ ոստիկանական ուժեր մտցնելու մասին»: ՆԳՆ-ն հայտնել է, որ քաղաքացիների խումբը դիմադրություն է ցույց տվել ժամանած ոստիկաններին, ինչի հետեւանքով տուժել են ոստիկաններ եւ քաղաքացիներ, ինչպես նաեւ ոստիկանական տեխինկան:

«Ընդամենն ընդհարումների հետեւանքով վիրավորվել է 55 մարդ՝ 38 ոստիկան եւ 17 տեղացի բնակիչ: 23 ոստիկաններ մինչ այժմ մնում են Թելավի քաղաքի հիվանդանոցում»,- ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ: Ինչպես հաղորդվել է, Պանկիսի կիրճում ընդհարումները տեղի են ունեցել Բիրկիանի գյուղի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ տեղացի բնակիչների բողոքի պատճառով: Պանկիսի կիրճ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի ժամանումից հետո իրադրությունը խաղաղվել է: Համաձայնություն է ձեռք բերվել կայանի կառուցման ժամանակավոր դադարեցման եւ կիրճից հատուկ նշանակության ստորաբաժանումների դուրսբերման շուրջը:

Նախարարը լրագրողներին նաեւ հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բարձրացրել ոստիկանների վրա, կբացահայտվեն եւ խստորեն կպատժվեն, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս