Շրի Լանկայի ոստիկանությունը 24 մարդու է ձերբակալել ահաբեկչական գործողությունների գործով
Շրի Լանկայում ոստիկանությունը 24 մարդու է ձերբակալվել այն պայթյունների կապակցությամբ, որոնք երկրում որոտացել են կաթոլիկական Զատկի օրը: Այդ մասին CNN-ին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարան: Նա նշել է, որ ապրիլի 22-ին երկու տղամարդ է ձերբակալվել Դամբուլա քաղաքի հյուրանոցում: Նրա խոսքով՝ ձերբակալությունը կապված է կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների հետ:
Ընդամենը ոստիկանությունը բերման է ենթարկել 24 մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողություններին մեղսակից լինելու մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր 13 ձերբակալվածների մասին: Ոստիկանության աշխատակիցներին նաեւ հաջողվել է կալանքի տակ վերցնել այն վարորդին, որը, ինչպես ենթադրվում է, հարձակվողներին տեղափոխել է իր մեքենայով: Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուվան Վիջեվարդենան ավելի վաղ պայթյունները բնութագրել է որպես կրոնական ծայրահեղականների ահաբեկչական գործողություն:
Նա ասել է, որ պայթյունների մեծամասնությունն իրականացվել է մահապարտ ահաբեկիչների կողմից: Զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ ահաբեկչական գործողությունների հետ կարող է առնչություն ունենալ տեղի «Թաուհիդ ջամաաթ» արմատական խմբավորումը: Ահաբեկչության հետաքննությամբ կզբաղվի հատուկ կոմիտեն, որը կարգադրել է ստեղծել երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան:
Ինչպես ապրիլի 22-ին հայտնել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ, Շրի Լանկա կղզի-պետությունում ապրիլի 21-ին իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 290-ի, վիրավորների թիվը շուրջ 500 է: Ապրիլի 21-ին մի շարք պայթյուններ են որոտացել եկեղեցիներում զատկի արարողությունների ժամանակ, հյուրանոցներում, ինչպես նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգու մոտ եւ Դեմաթագոդայի շրջանում:
Վերջին տվյալներով՝ զոհվածների թվում եղել են Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, ՉԺՀ-ի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Երկրի դպրոցներն ու համալսարանները մնում են փակ, պլանավորված պետական քննությունները հետաձգվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: