Բաժիններ՝

Զարթոնքում կրքերը չեն հանդարտվում. Երկուշաբթի օրը բնակիչները կլինեն ԿԳ նախարարության մոտ

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում գյուղապետի հրաժարականից հետո կրքերը չեն հանդարտվում, բնակիչներն այժմ էլ շարունակում են պահանջել դպրոցի տնօրենի հրաժարականը, որը նախկին գյուղապետի դուստրն է։

Զարթոնքի բնակիչ Գարիկ Կարապետյանի խոսքով՝ երբևէ չեն ցանկացել, որպեսզի համայնքում բնակիչների շրջանում լինի բևեռացում, հակառակը՝ ցանկացել են միավորվել և հարցը լուծել քաղաքակիրթ ձևով։ Սակայն ապրիլի 13-ին արդեն նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը մի խումբ մարդկանց հետ ներխուժել էր ակտիվիստ Վարդան Պողոսյանի բնակարան և դաժան ծեծի ենթարկել նրան։

«Նրանց չի հաջողվի այսպիսով լռեցնել մարդկանց, քանի որ երկրում տեղի է ունեցել փոփոխություն, մենք բոլորս այս երկրի բնակիչներն ենք և ունենք արդարացի պահանջ և հասնելու ենք այդ պահանջին։ Մեր մեջ չպետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք մասնավորեցնում են հեղափոխությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գ. Կարապետյանը։

Նա հերքեց Արմավիրի մարզպետի այն հայտարարությունը, թե Զարթոնքում բողոքի ակցիաներին մասնակցել են նաև հարակից համայնքների բնակիչները, ըստ նրա՝ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։

Զարթոնքի մեկ այլ բնակիչ՝ Սուրեն Պողոսյանը, ում բնակիչներն առաջադրել են՝ որպես գյուղապետի թեկնածու, նշեց, որ գյուղացիների առաջարկը սկզբում չի ընդունել, սակայն հետագայում նրանց  պնդմամբ որոշել է առաջադրել թեկնածությունը։

«Տարիներ շարունակ մեր համայնքում տեղի են ունեցել գաղտնի և ապօրինի աճուրդներ, ժողովրդին տրվող աջակցությունը՝ լինի սերմացու, դիզվառելիք և այլն, չի տեսել։ Համայնքապետարանը բյուջեն ծախսել է սեփական կարիքների համար։ ժամանակին գյուղը եղել է Արմավիրի մարզի առաջատար համայնքներից մեկը, այժմ համայնքն ամենահետամնացն է, չկա որևէ հարմարություն։ Այս ամենն առաջացրեց ժողովրդի դժգոհությունը, մեր պայքարն արդար է, քանի որ ցանկանում ենք դուրս գալ գաղջ մթնոլորտից և համայնքում հաստատել սիրո և հանդուրժողականության մթնոլորտ»,- նշեց համայնքապետի թեկնածուն։

Նրա խոսքով՝ Պարույր Սարգսյանի համախոհների կողմից ծեծի ենթարկված Վարդան Պողոսյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր, և այդ ամենն ապտակ էր բոլոր ազատամարտիկներին։ Նա ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց լուծել այս հարցը։

Նա նաև հավալեց, որ երկուշաբթի օրը Կրթության և գիտության նախարարության մոտ հանդես կգան հայտարարությամբ, որպեսզի նախարար Արայիկ Հարությունյանը Զարթոնքի դպրոցում իրականացնի մանկավարժների նոր ատեստացիա և տնօրենի ընտրություն։

Իրավապաշտպան Հայկազ Մակարյանն էլ տեղեկացրեց, որ ամեն ինչ կանեն՝ Վարդան Պողոսյանին և նրա որդուն աջակցելու համար։ Վերջինիս որդին հորը պաշտպանելու համար այսօր կալանավորված է, արդեն կան իրավաբաններ, որոնք կզբաղվեն նրա իրավունքների պաշտպանությամբ։

Ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը նույնպես միացել է պայքարին և պնդում է, որ պայքարելու է այնքան ժամանակ,  մինչև համակարգի բոլոր օղակները մաքրվեն։
Նրա խոսքով՝ պայքարին միացել է Զարթոնքի բնակիչների խնդրանքով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս