Բաժիններ՝

«Որդեգրվել է այն սկզբունքը, որ Իրանից ներկրված ցեմենտի ինքնարժեքը լինի նույնը, ինչ տեղական արտադրողի մոտ է»

«Իրավական տեսանկյունից պետական տուրք սահմանել ցեմենտի ներմուծման համար՝ դա ուղղակի անընդունելի է, որովհետև նմանատիպ իրավական ռեժիմ չի կարող գոյություն ունենալ: Հարց կարող է առաջանալ՝  ներմուծման ժամանակ պետությունն ի՞նչ ծառայություն է  մատուցում տնտեսվարող սուբյեկտին կամ ներմուծողին, որ դրա դիմաց էլ գանձում է 22.000 դրամ պետական տուրք»,- կառուցապատողների ու կառավարության ներկայացուցչի հետ քննարկման ժամանակ հարց բարձրացրեց «Իսթեյթ ինվեսթիմենթ ընդ Դիվելոփմենթ» օտարերկրյա ներդրումներով կազմակերպության բաժնետիրոջ ներկայացուցիչ Արմեն Սակապետոյանը:

Նրա խոսքով՝ մյուս խնդիրը ձևավորված կողմնորոշիչ գինն է:

«Մաքսազերծման տարբեր մեթոդներ գոյություն ունեն, առաջինը գործարքի գնի մեթոդն է: Մեթոդներից մեկն էլ հանդիսանում է հսկիչ գինը: Մեզ համար անհասկանալի է, թե ի՞նչ հիմքից ելնելով է այսօր պետությունը սահմանում կողմնորոշիչ գին՝ 200 դոլար, երբ որ ամբողջ աշխարհում ցեմենտի նման գին գոյություն չունի:

Կան իրավական խնդիրներ, որոնք առաջանում են կառուցապատողների մոտ: Գոյություն ունի գնման իրավունքի ինստիտուտ, որի շրջանակներում կառուցապատողները՝ նախքան շենքն ավարտելը, գնման իրավունքի շրջանակներում կնքում են պայմանագրեր՝ գնորդների հետ, մատակարարների, տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ: Բնականաբար, եթե կառուցապատողը 1քմ-ի դիմաց, ասենք, 500.000 դրամով պայմանագիր է  կնքել պոտենցիալ գնորդի հետ, ստանձնել է պարտավորություն, որ այդ բնակարանն  այդ գնով պետք է փոխանցի գնորդին, բայց, եթե շինարարության ընթացքում թանկանում է ցեմենտի գինը՝ շինարարական կազմակերպությունները կառուցապատման արժեքի բարձրացման խնդիր են դնում, ու առաջանում է ինքնարժեքի բարձրացում կամ շահույթի նվազում, ինչն էլ նվազեցնում է ՀՀ-ում անշարժ գույքի կամ կառուցապատման ոլորտում ներդրումներ կատարելու գրավչությունը»,- նշեց նա:

Արմեն Սակապետոյանն ընդգծեց՝ իրականում իրանական ցեմենտը միշտ եղել է ավելի մատչելի և որակյալ, միշտ հանդիսացել է զսպող գործիք՝ տեղական շուկայում արտադրողների համար, եղել է մրցակից:

«22.000 դրամ տուրք սահմանելու արդյունքում փակվելու է մրցակցության ապահովման վերջին պատուհանը, տեղական արտադրողները չեն ունենալու մրցակցության հնարավորություն ներմուծողների հետ: Իհարկե, հասկանում ենք, որ պետք է խրախուսել տեղական արտադրողին, բայց դա չպետք է իրականացվի  ներմուծման տուրք սահմանելու հաշվին»,- նկատեց նա:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերական քաղաքականության հարցերով վարչության պետ Արմեն Եգանյանի խոսքով՝ հավասարակշռված մոտեցում է ցուցաբերվել:

«Օրենքի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով տեղական արտադրողների շահերի պաշտպանությունը: 15-20 դոլար ցեմենտի արժեքն իրանական սահմանին բավականին ցածր գին էր, և նման գնի պայմաններում ներկրելիս լուրջ վտանգ է սպառնում մեր տեղական արտադրողների ծավալների կրճատմանն ու անգամ դադարեցմանը: Եթե խոսում ենք 22.000 դրամի մասին, ապա հիմք է ընդունվել իրանական սահմանին ցեմենտի գինը և տեղափոխման ծախսերը: Որդեգրվել է այն սկզբունքը, որ  Իրանից ներկրված ցեմենտի ինքնարժեքը լինի նույնը, ինչ տեղական արտադրողի մոտ է»,- մանրամասնեց Արմեն Եգանյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս