ՀՕՖ-ը դրամաշնորհ է հանձնել 27 գիտնականների
Քսանյոթ խմբում ընդգրկված հայաստանցի 88 գիտնական դրամաշնորհ են ստացել Հայ օգնության ֆոնդից՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղից։
«2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) այս տարի ներկայացված 218 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 27-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 13-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 12-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:
«ԳԿՀԱՀ սփյուռքի եզակի կառույց է, որը 19 տարի շարունակ գիտական դրամաշնորհներ է տրամադրում Հայաստանի գիտնականներին, նպաստում է գիտության զարգացմանը, ինչպես նաև գիտնականներին առաջ շարժվելու կամ իրենց առաջին ուսումնասիրությունն անելու հնարավորություն է տալիս»,- Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած դրաշնորհների հանձնման արարողությանը նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։
27 դրամաշնորհներից 3-ը տրամադրվել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ երիտասարդ գիտական խմբերին: Այսպիսով՝ 2013-ին սկսված համագործակցության շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների թիվը դարձել է 23:
ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտությունները գիտության գրեթե բոլոր ոլորտներն են ընդգրկում: 2019-ին 10 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 5 դրամաշնորհ՝ քիմիայի, 3՝ կենսատեխնոլոգիայի, 2-ական` ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, 1-ական`բշժկության, գյուղատնտեսության, էլեկտրոնիկայի, հնագիտության, պատմության:
Անցած 19 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են 2670-ից ավելի դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 488 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել 1735 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 440 հազար դոլար»,- նշված է հաղորդագրության մեջ: