Բերդում նախատեսվում է ստեղծել զինվորական հոսպիտալ
Կառավարությունը կքննարկի ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ՝ հոսպիտալ ստեղծելու հարցը։ Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, կարևորվում է հոսպիտալի ստեղծումը, որը պետք է իրականացնի մասնագիտացված բժշկական օգնություն, ինչն իրենից ներկայացնում է ախտորոշման և բուժման հատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը նախատեսում է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, անմիջական բժշկական հսկողություն, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննություն:
Ակնկալվում է, որ հոսպիտալի ստեղծմամբ կաահովվի հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, ֆիզիոթերապիան, բուժական մարմնամարզությունը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, ինչպես նաև հիվանդների սննդով պարտադիր ապահովումը:
Հոսպիտալի կլինիկական բազայի վրա կիրականացվեն նաև բարձրագույն և հետբուհական կրթության ծրագրեր, ինչպես նաև իրականացնել կատարելագործման ծրագրեր։