Բաժիններ՝

ՀՀ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՀ և ԵՆԲ պաշտոնյաների հետ

ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ապրիլի 11-ին հանդիպումներ են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի և ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, իսկ ապրիլի 12-ին՝ ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի և ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդիպումների ընթացքում ընդգծել է ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերի կարևորությունը Հայաստանի համար և հույս հայտնել, որ առկա համագործակցությունն էլ առավել կզարգանա համատեղ ջանքերի շնորհիվ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվելիք հարկային բարեփոխումներին, մտքեր փոխանակել կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ: Փոխվարչապետը, ներկայացնելով ՀՀ կառավարության գերակայությունները, ընդգծել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համատեղ իրականացվելիք աշխատանքի կարևորությունը:

Փոխվարչապետն ապրիլի 12-ին հանդիպել է նաև Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի հետ:

Փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ օրեցօր ակտիվացող համագործակցությունը և կարևորել նաև ԵՆԲ-ից ստացված խորհրդատվական աջակցությունը, ինչն էապես բարձրացնում է իրականացվող ծրագրերի նպատակայնությունը և զարգացնում է մասնագիտական կարողություններն ապագա ծրագրերի արդյունավետ իրականացման համար: Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԵՆԲ-ն ակտիվ գործունեություն կծավալի նաև ուղղակի ներդրումներ իրականացնելով մասնավոր հատվածում, ինչը անմիջականորեն կնպաստի երկրում գործարար արդի մշակույթի զարգացմանը և բիզնես գործունեության թափանցիկության բարձրացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԵՆԲ-ի միջև հնարավոր նոր ուղղություններով համագործակցության զարգացումը՝ մասնավորապես նշվել են ջրի կառավարման և էներգախնայողության ոլորտները: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է առաջիկայում կայանալիք ԵՆԲ ծրագրերի պորտֆելի քննարկումը, որը թույլ կտա մշակել նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ և դիտարկել ապագա համագործակցության հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս