Բաժիններ՝

«Արտառոց ոչ մի բան չկա». «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տնօրենը՝ ՊԵԿ ստուգումները համարում է սովորական ուսումնասիրություն

Ապրիլի 9-ին ահազանգի հիման վրա ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության մեծ թվով աշխատակիցներ ստուգումներ էին իրականացրել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Ըստ ահազանգի, այնտեղ տեղադրված տաղավարները մեծ գումարներ են վճարում, սակայն ղեկավարությունը քիչ է ցույց տալիս։

Ստուգումները զայրացրել էին առևտրի կենտրոնի աշխատակիցներն, որոնք դիմելով ՊԵԿ աշխատակիցներին՝ հորդորում էին գնալ այլ առևտրի կենտրոններում ստուգումներ իրականացնել և իրենց հանգիստ թողնել, որպեսզի աշխատեն։
Դեռևս երեկ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանը զայրացած էր, որ ՊԵԿ-ն այդքան մեծ թվով աշխատակիցներ է ուղարկել ստուգումների:

«Կարելի էր՝ գային 4-5 հոգով, ինձ ասեին, ինչ պետք էր՝ ես կտրամադրեի, չգիտեմ՝ ով է բողոքել, միայն գիտեմ, որ դատարանի սանկցիայով եկել են ինձ մոտ։ Առավոտյան բոլոր խանութները բաց էին, բոլորը փակեցին, գնացին տուն, որովհետև արդեն հոգնել են, հիմա ես չգիտեմ՝ սրա պատասխանն ումից ենք ուզելու։ Թող իրենց հետաքննությունն անեն՝ հասկանանք, ով է ճիշտ, ով՝ սխալ, ես գիտեմ, որ մենք ճիշտ ենք, մաքուր աշխատում ենք»,- լրագրողների հետ զրույցում նշել էր առևտրի կենտրոնի տնօրենը։

Իրավիճակին տեղում ծանոթանալու համար «Առինջ մոլ» էր գնացել նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նույնպես իր դժգոհությունն էր հայտնել առևտրի կենտրոնում ՊԵԿ աշխատակիցների գործողություևնների հետ կապված։

Մի քանի ժամ տևած ուսումնասիրությունից հետո ՊԵԿ աշխատակիցներն արկղերով փաստաթղթեր էին տարել իրենց հետ։

168.am-ը «Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանից այսօր հետաքրքրվեց, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել առևտրի կենտրոնում, և արդյո՞ք ՊԵԿ աշխատակիցներն ինչ-որ բան հայտնաբերել են։

«Ոչինչ տեղի չի ունեցել, սովորական ուսումնասիրություն է ՊԵԿ-ն իրականացրել»,- ասաց Ս. Հակոբյանը։

Հարցին՝ արկղերով տարած փաստաթղթերն արդյո՞ք վերադարձրել են, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դրանք դեռևս ուսումնասիրում են:

«Արտառոց ոչ մի բան չկա, կուսումնասիրեն և կվերադարձնեն»,- հավելեց առևտրի կենտրոնի տնօրենը։

Այլ հարցերի Սամվել Հակոբյանը չպատասխանեց՝ նշելով, որ հեռախոսով չի ցանկանում «Առինջ մոլի» հետ կապված որևէ հարցի պատասխանել։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս