Բաժիններ՝

Դադարեցրեք ինքներդ ձեզ վարժեցնել ու ձեզ համապատասխան սեր գտեք

Ես 36 տարեկան եմ: Ես մեծացել եմ հեքիաթային, սովորական լինելու տեսանկյունից անիրական սիրո մեջ, իմ տատիկների ու պապիկների, ծնողների սիրով պարուրված: Ես երբեք չեմ լսել, չեմ տեսել և չեմ զգացել վիրավորավորանքներ, անհարգալից վերաբերմունք, կոպտություն կամ սառնություն իմ մեծ ընտանիքում՝ ոչ միջսեռային մակարդակում, ոչ էլ մեր` երեխաներիս նկատմամբ:

Ես երբեք նման բան չեմ ունեցել: Հանգամանալից կերպով քչփորելով դրա պատճառները` ես զուգահեռաբար փորձում էի դուրս բերել սիրո բանաձևը, իմանալ նրա օրենքներն ու հարմարվելով դրան` նորին մեծություն սերը ներգրավել իմ կյանք: Պերֆեկցիոնիստ լինելով` ես իմ անհաջողությունների մեջ միշտ միայն ինձ էի մեղադրում ու համբերատար ուսումնասիրում էի տղամարդուն, որպեսզի համապատասխանեմ նրան ու միայն նրան արժանի լինեմ:

Կարդում էի հսկայական քանակությամբ հոգեբանական, էզոթերիկ ու կրոնական գրականություն: Ընկնում էի մի ծայրահեղությունից մյուսի մեջ` մեկ հայտարարելով, որ ինձ պետք է սիրեն այնպիսին, ինչպիսին որ կամ, մեկ էլ ասելով, թե` տես, ինչ խելոք, հնազանդ եմ, ճիշտ քո ուզածի պես:

Ահա իմ եզրակացությունը: Չկա կատարյալ տղամարդ, ինչպես և չկա կատարյալ կին: Տղամարդկանց բոլոր գաղտնիքներն իմանալու, նրանց սրտի բանալիները գտնելու փորձերն ավարտվում են հիացական արտահայտություններով ու հոգու դատարկությամբ այն բանից, որ դու նրանց կատարյալ հարմար ես, իսկ նրանք քեզ` ոչ: Իսկ ահա թե ինչու… Որովհետև քոնը չեն:

Կարդացեք նաև

Փորձելով լինել հարմար-գեղեցիկ-հաճելի` ես մոռանում էի իմ մասին ու ամեն գնով արդարացնում նրա յուրաքանչյուր արարքը:

Բայց ես մի բան հասկացա… Որ նախապես գրված իդեալական որակների ցուցակի պահանջներին բավարարող մարդ չի քեզ պետք, այլ պետք է հա-մա-պա-տաս-խա-նու-թյուն, երբ քո սրտի ամեն բաբախը համապատասխանում է զուգընկերոջդ սրտի ձայնին:

Մարդկանց ամենամեծ մոլորությունն այն է, որ ուզում են զուգընկեր ընտրել՝ ըստ արժանիքների, պահանջմունքների համաձայն: Օրինակ, տղամարդը մտածում է, որ այս կինը լավ մայր կլինի իր երեխաների համար, ու ոչինչ, որ սիրահարված է հրաբխի պես մի կնոջ: Օրինակները բազմաթիվ կարող են լինել:

Պետք է նայել ոչ թե արժանիքներին, այլ թերություններին, այն բանին, ինչը կսկսի ձեզ նյարդայնացնել դողացնելու ու ատամները կրճտացնելու աստիճան, երբ ձեր Ես-ը կհանդարտվի դիտարկվող արժանիքներից: Սերը հանդուրժող է թերությունների նկատմամբ, և դա հայտնի ճշմարտություն է: Սերն ու կիրքը կույր են: Իսկ երբ չես սիրում, դաժան ես անգամ անվիճելի առավելությունների դեպքում:

Փնտրեք ոչ թե կատարյալ տղամարդկանց, այլ նրանց, ում թերությունները դուք հեշտությամբ կարող եք տեսնել նաև 20-50 տարի անց:

Փնտրեք ձեր տղամարդկանց, նույնպիսի աշխարհայացքով, առավելություններով ու թերություններով, ում հետ անզուսպ կծիծաղեք ինչ-որ տարօրինակ ֆիլմ դիտելիս, ում հետ կցանկանաք փակվել ռեստորանի մեկուսի սենյակներից մեկում, ում հետ կանեք գժություններ ու կլուծեք լուրջ հարցեր:

Փնտրեք այն տղամարդուն, ում չեն նյարդայնացնի ձեր թափթփված իրերը, ով համարձակորեն կվերանայի ձեր ընտանեկան բյուջեն, երբ ձեզ մոտ կավարտվի փող-աշխատանք-էնտուզիազմ փուլը, ով կբարձրացնի ձեր ցած ընկած թևերը…

Իմաստ չունի կաղապարվել անհրաժեշտ չափանիշերով, քանի որ ձեր ներքին զսպանակը կուղղվի ամենաանհարմար պահին: Միանգամից փնտրեք նրան, ում հետ կարիք չունեք անընդհատ դիմանալ, աշխատել, փորձել ձեզ ներկայացնել այնպիսի մեկը, ով մեծ հնարավորություններ ունի իր սիրուն հանդիպելու:

Պետք չէ խաղալ ուրիշի դերեր. մի զարմացեք, որ ձեզ համար այդքան դժվար է հարմարվել, դիմանալ մեկ ուրիշի. Չէ՞ որ դուք ինքներդ հենց մեկնարկին խաբել եք` խաղալով նրա դերը, ում ուզում էր տեսնել ձեր պոտենցիալ զուգընկերը: Իսկ հենց որ դուրս եկաք դերից, դժգոհ մնաց թե հանդիսատեսը, թե դերասանը:

Սիրահարվեք ինքներդ ձեզ: Ձեզ ուսումնասիրեք բոլոր անհարմար կողմերից: Իմացեք, թե ինչն է դուր գալիս ձեզ, ինչը դուր չի գալիս, իսկ ինչն է առհասարակ անընդունելի ծայրահեղորեն:

Ձեզ երես տվեք հաճելի մարդկանցով ու հանգամանքներով: Ձեզ սովորեցրեք ինքներդ ձեզնից ու կյանքից հաճույք ստանալ: Եվ այդ ժամանակ այն մարդը, որը ձերը չէ, չի անցնի ձեր ներքին ֆեյսկոնտրոլը:

Ձեզ թույլ տվեք բնական լինելու շքեղությունը, լինել այնպիսին, ինչպիսին որ իրականում կաք, և այդ ժամանակ նույնպիսի իսկական, առանց ձևերի մեկը կմտնի ձեր կյանք:

Աշխարհը կփրկի ոչ թե գեղեցկությունը, այլ սերը: Սիրով ապրեք… Առանց պայմանականությունների:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս