Եվրահանձնակատարը Հայաստանին խորհուրդ է տալիս ստորագրել Ստամբուլի կոնվենցիան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչնիր գործունեության առաջին տարեկան զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ նաև Հայաստանում ընտանեկան բռնությանը:

Ողջունելով մեր երկրի օրենսդրական վերջին փոփոխությունները, Եվրահանձնակատարը Հայաստանի իշխանություններին խորհուրդ տվեց վավերացնել Ստամբուլի կոնվենցիան (այն է՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան), միաժամանակ ապահովել, որպեսզի ընտանեկան օրենսդրությունը գործնականում արդյունավետ կիրառվի:

Դունյա Միյատովիչի զեկույցն անդրադառնում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ տարբեր խնդիրների` միգրացիա, կանանց իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, իրավապաշտպանների և լրագրողների անվտանգություն:

Խոսելով կանանց իրավունքների մասին, հանձնակատարը կարևորեց գենդերային կարծրատիպերի և նախապաշարմունքների հաղթահարման և կանանց նկատմամբ բռնության դադարեցման անհրաժեշտությունը:

Միյատովիչն ազգային իշխանություններին, այդ թվում՝ նաև Հայաստանին կոչ արեց կրճատել սեռով պայմանավորված աշխատավարձերի վճարումների տարբերությունը, ինչը, ըստ նրա, համընդհանուր խնդիր է Եվրախորհրդի բոլոր անդամ պետություններում՝ ինչպես հանրային, այնպես էլ՝ մասնավոր հատվածներում:

Եվրահանձնակատարի հետ համաձայնում է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը:

Ռուբեն Ռուբինյանն ասաց, որդա համաշխարհային դիսկուրս է. կանայք և տղամարդիկ օրենքի սահմաններում, բնականաբար, հավասար են, բայց փաստացի նույն աշխատանքի համար կանայք ավելի քիչ են վճարվում, քան տղամարդիկ:

«Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն է` կանանց և տղամարդկանց աշխատանքային իրավունքները պետք է հավասար լինեն` ինչպես թղթի վրա, այնպես էլ՝ իրականում»,- ասաց Ռուբինյանը:

Եվրահանձնակատարը տարեկան զեկույցում խոսեց նաևիրավապաշտպանների և լրագրողների պաշտպանության մասին: Նա պնդում է` օրենսդրությունը, պրակտիկան զգալիորեն նվազեցնում են լրագրողների և իրավապաշտպանների կարողությունը՝ նպաստելու հասարակության ժողովրդավարական կառուցվածքին:

Ռուբեն Ռուբինյանը կարծում է՝ «Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի բոլոր խմբերը, բոլոր մասնագիտական խմբերը, այլ խմբեր, մարդու իրավունքները պաշտպանված լինեն»:

Ռուբինյանի խոսքով, ինչպես աշխարհի բոլոր երկրները, Հայաստանն էլ իդեալական չէ.

«Հաշվի առնելով նաև Հայաստանի վերջին տասնամյակների պատմությունը, էլ առավել իդեալական չէ, և մենք ահռելի աշխատանք ունենք անելու, որպեսզի մարդկանց իրավունքները պաշտպանված լինեն, և ամենակարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական կամք այդ աշխատանքն անելու»:

Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ-Երևան

Տեսանյութեր

Լրահոս