Սուրբ-սուրբ. Մայր Աթոռն աջակցություն է հայտնել փողոցներն անվանափոխելու զավեշտալի նախագծին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ առաջարկելով անվանափոխել Կենտրոն վարչական շրջանի երկու փողոցների՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի անունները՝ անվանումից առաջ ավելացնելով «Սուրբ» բառը, օրինակ՝ Սուրբ Մովսես Խորենացու փողոց։

Ավագանու անդամը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․ «Ես երկուշաբթի արդեն դրել եմ շրջանառության մեջ, իսկ օրենքով արդեն դրանք 4 ամսվա ընթացքում պետք է բերվեն օրակարգ։ Նախագծերը երեքն են, որոնք դրվել են շրջանառության մեջ։ Ոչինչ ինձ չի կարող կանգնեցնել նախագծերն առաջ տանելու հարցում, եւ լիահույս եմ, որ քաղաքային իշխանությունը, ավագանին, այդ թվում նաեւ քաղաքապետը, այս նախաձեռնություններին կողմ կքվեարկեն, որովհետեւ դա ընդամենը լրացում է թերի բերված փողոցների անուններին, ինչն եղել է նախկինում։ Ամոթալի է, որ Իտալիայի Նեապոլ քաղաքում Գրիգոր Լուսավորչի անվան փողոց կա, եւ այն կոչվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան փողոց։ Տեր Ասողիկը ողջունել է, Մայր Աթոռը դա ողջունում է, եւ կոչ են արել քաղաքապետին եւ ավագանուն կողմ քվեարկել այդ նախագծին»։

Մյուս խմբակցությունների ավագանու անդամների հետ այդ թեմայով ավագանու անդամը դեռեւս խոսակցություն չի ունեցել․ «Դեռեւս չենք շփվել, սակայն անդամներից մեկը, նույնիսկ չտիրապետելով ՏԻՄ-ին, մեկնաբանություններում մեծամտորեն գրում է՝ քանի որ բացասական արձագանք է, կարող է նախագծերը չհասնեն նույնիսկ ավագանու օրակարգ, բայց ես եւս մեկ անգամ խնդրել եմ, որ ՏԻՄ օրենք կարդան, ուզում են իրենք լինեն 57 հոգի կամ 65 հոգի, իրենք առոչինչ են, որ նախագիծը չհասնի օրակարգ»։

Անդրադառնալով խոսակցություններին․ թե Երեւանում բազմաթիվ այլ կարեւոր հարցեր կան, Վարդանյանը պատասխանեց․ «Այո, կան բազմաթիվ կարեւոր եւ անկարեւոր խնդիրներ քաղաքում, դրանցից են՝ տրանսպորտը, աղբահանությունը, վերելակները, ինչն ուղիղ կապված է որոշակիորեն մարդու կյանքի հետ, բայց դա ամենեւին չի նշանակում, որ ես այդ նախագծերի վրա աշխատելով՝ չեմ աշխատել կամ չեմ աշխատում նշված ուղղություններով։ Եթե այսօր կա Երեւանի ավագանիում մաքսիմում 5 անդամ, ովքեր մշտապես բարձրաձայնում են այդ խնդիրները վերջին ամիսների ընթացքում, որոնցից մեկը, անհամեստություն չթվա, ես եմ»։

Նշենք, որ դեռեւս 2017 թվականին «Ելք» դաշինքը նույնպես առաջարկել էր անվանափոխել 6 փողոց, այդ նախաձեռնությունն էլ ԱԺ-ում ասել էր այն ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Ելք»-ն առաջարկում էր Երեւանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն 1-ին Վեհափառի անունով, Անաստաս Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզեի փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Ամիրյանը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյանը՝ Լեոնիդ Ազգալդյանի եւ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը՝ Մոնթե Մելքոնյանի անունով։ Ավագանին հավանության արժանացրեց միայն վերջին նախագիծը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս