«Վարչապետն ու Աննա Հակոբյանը պետք է իրենց պաշտոնական դիրքից ելնելով՝ հաղորդակցվեն հասարակության հետ». Բորիս Նավասարդյանը՝ վարչապետի գրառման մասին
Օրերս «Հրապարակ» թերթը գրել էր, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր և ընկերուհու հետ, վարչապետի հետ միասին, մեկնել են Բելգիայի Թագավորություն, սակայն այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ չկա։ Լուրը հաստատել էր նաև ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Այս տեղեկությունը հրապարակելուց հետո Աննա Հակոբյանը պատասխան հոդված գրեց, որին անմիջապես հաջորդեց վարչապետի գրառումն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Վարչապետը կիսվել էր Աննա Հակոբյանի հոդվածով և գրել. «Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք…»:
Այս ամենից հետևեցին այլ քննադատական հոդվածներ հատկապես այն լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից, որոնք վարչապետի Բելգիա կատարած այցի ընթացքում ուղեկցում էին նրան։ Այս քննադատություններին կրկին հաջորդեց Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ դիմելով լրագրողներին՝ ասել էր, որ չպետք է նեղանան, քանի որ առաջին անգամ չէ, երբ ԶԼՄ-ում առկա խնդիրների մասին հոդված է գրում։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ր անհրաժեշտություն, որպեսզի Աննա Հակոբյանն անդրադառնար Բելգիա կատարած իր այցին, այն դեպքում, երբ իրականում նման այց եղել էր, նշեց, որ «իր շատ գործընկերներ պրոֆեսիոնալ արժանապատվության փոխարեն՝ ընտրել են նյութական բարիքները»։
«Պարզ է, որ այդ ընտրությունը կատարելով՝ փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի վարկաբեկեն իշխանություններին՝ անկախ նրանից՝ վարկաբեկման արժանի որևէ իրադարձություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Հնարավորինս կպնել, կծել, սա է քաղաքականությունը։ Նաև հիմքեր ունեցող քննադատությունների հետ մեկտեղ՝ մենք տեսնում ենք, այդպիսի մանր ու իմաստ չունեցող հրապարակումներ, որոնք, բացի նրանից, որ երկրորդական են, չունեն նաև հիմքեր։ Սա միշտ լինելու է, կարծում եմ՝ խորանալու է»,- շեշտեց Բորիս Նավասարդյանը։
Հարցին՝ արդյո՞ք ՀՀ վարչապետը պետք է արձագանքեր այդ հրապարակմանը, այն դեպքում, երբ նախկին իշխանությունների ժամանակ գրեթե բոլոր լրատվամիջոցներն արձանագրում էին, թե Առաջին տիկինը ո՞ւր գնաց, որքա՞ն գնումներ կատարեց, և այլն, Բորիս Նավասարդյանը պատասխանեց՝ քանի որ նման դեպքեր շատ են լինելու, ապա ցանկալի չէր, որպեսզի վարչապետն արձագանքեր «կծոցներին»։
«Հաշվի առնելով այն պաշտոնական դիրքը, որն ունի վարչապետը և Առաջին տիկինը, նրանք հենց այդ պաշտոնական դիրքից ելնելով՝ պետք է հաղորդակցվեն հասարակության հետ, այլ ոչ թե գործեն այնպես, ինչպես կգործեին, օրինակ՝ երկու տարի առաջ»,- եզրափակեց Բորիս Նավասարդյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Զվարթ Խաչատրյան