«Մեր խնդիրը` իմ և ձեր խնդիրը, ինձ համար շատ ավելի տեսանելի է դարձել, երբ ես հայտնվել եմ լրագրողների հակառակ կողմում». Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ սիրելի լրագրողներ,
Խնդրում եմ` մի նեղացեք:) Առաջին անգամ չէ, որ ես հայկական լրատմավիջոցների, այսինքն` մեր խնդիրների մասին հոդված եմ գրում: Ստորեւ մեջբերումներ են նախկինում իմ գրած երեք տարբեր հոդվածներից: Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձրեք տարեթվերին:
Եթե մենք չընդունենք, որ խնդիր ունենք, երբեք չենք կարող լուծել այդ խնդիրը:
1. «……Իհարկե, աշխարհի բոլոր լրատվամիջոցներն են օգտվում անանուն աղբյուրներից, եւ նրանցից ստացած տեղեկատվությունը երբեմն ամենաարժեքավորն է լինում: Բայց յուրաքանչյուր ԶԼՄ այդպիսի արտադրանք թողարկում է ամիսը երկու անգամ, թող լինի`շաբաթը մեկ անգամ: Ընդ որում, որքան հեղինակավոր է լրատվամիջոցը, այնքան քիչ է պատահում այդ ժանրի լուրը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է սխալվելու հավանականությունը:
Դժվար է ասել երբվանից, բայց հայկական ԶԼՄ-ների արտադրանքի առյուծի բաժինը կազմում է հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը: Դրանք, որպես կանոն, ճիշտ դուրս չեն գալիս, բայց կարծես որեւէ մեկին դա առանձնապես չի հուզում: Օրինակ, կարելի է ամսվա ընթացքում 4 անգամ գրել, որ հաջորդ ամիս համաներում է լինելու, որովհետեւ այդպես են փոխանցում նախագահական նստավայրի հավաստի աղբյուրները: Հաջորդ ամիս 5 անգամ գրել, որ համաներման հարցում խնդիրներ են առաջացել: Հետո նորից գրել, որ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ամեն դեպքում համաներումը լինելու է, բայց թե կոնկրետ երբ, մի քիչ դժվարանում են ասել»: / Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին իրավահաջորդ է պատրաստում. աղբյուր` չափազանց հավաստի/ Հայկական Ժամանակ/ 18/11/2016 /
2. «….Եւս մեկ տարօրինակ սովորույթ. լրագրողները վարչապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ tet a tet հանդիպման ժամանակ զրույցը տեղափոխում են խոհափիլիսոփայական դաշտ, որտեղ պաշտոնյաները հիմնականում առավելություն են ունենում, արդյունքում ԶԼՄ-ի համար ապահովելով խիստ անհետաքրքիր նյութ: Իսկ հետաքրքիր եւ ռեալ քաղաքական պրոցեսների մասին ուղիղ հարցեր, որպես կանոն, չեն տրվում:
Դրանց մասին կամ չի գրվում, կամ գրվում է «Բամբասանք» խորագրին արժանի ոճով: Մինչդեռ, օրինակ, այս օրերին տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակների շուրջ պրոցեսները, Գագիկ Ծառուկյանի վերադառնալ-չվերադառնալու հարցը, ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր դաշինքը, Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ականների հարաբերությունները եւ բազմաթիվ այլ թեմաներ ժամանցի թեմա չեն, դրանք քաղաքական գործընթացներ են: Ամոթ չէ, որ ցուցակի շուրջ քննարկումներ են գնում:
Ամոթ չէ այդ մասին նորմալ ձեւակերպված հարց ուղղել կուսակցությունների ներկայացուցիչներին եւ պարտադիր չէ այդ ընթացքում անպայման գզվռտոց բառն օգտագործել……Ի վերջո, պրոֆեսիոնալ լրագրողի համար կարեւոր չէ ինքն ընդդիմադիր մամուլում է աշխատում, թե՝ իշխանամետ: Պրոֆեսիոնալիզմի առաջ, ընդհանրապես արգելքներ չկան, պրոֆեսիոնալների առաջ ընկրկում են նույնիսկ ամենահմուտ, եւ ամենաագրեսիվ պաշտոնյաները: Կարելի է ցանկացած պաշտոնյայի ցանկացած հարց տալ եւ ստանալ հետաքրքիր պատասխաններ: Դրանից կշահեն բոլորը` պաշտոնյան, հասարակությունը, պետությունը: Քաղաքականության մակարդակն էլ գուցե բարձրանա»: /Կառավարություն VS խմբագիրներ. որն էր խայտառակ ձախողման պատճառը/ Հայկական ժամանակ/ 07/12/2016 /
3. «….Հայաստանում վերջին տարիներին ստեղծվել են էլեկտրոնային լրատվամիջոցներ, որոնք իրենց մատուցած ծառայությունների դիմաց հանրությունից ոչինչ չեն էլ ակնկալում, ի սկզբանե նման խնդիր չեն դրել եւ չեն հետապնդում: Այսինքն, եթե ուրիշ ոչինչ չմնա, այս լրատվամիջոցները կան ու կան: Բայց, ինչպես ասում են, անվճար ոչինչ չի լինում: Տվյալ դեպքում հասարակությունն այդ լրատվամիջոցների ծառայությունների համար անպայման վճարելու է, սակայն դա դրամական տեսքով չի լինելու: Բայց թե որն է լինելու վճարը, բոլորովին այլ խոսակցության թեմա է:
Եվս մի խոսք կա, որ ձրի տրված բանը լավը չի լինում: Ի վերջո հասարակությունը, որ առայժմ վայելում է մեծ թվով աղբյուրներից տեղեկատվություն ստանալու, աղբյուրների մեջ ընտրություն կատարելու հաճույքը, ինչը նոր երեւույթ է նրա համար, անպայման կանգնելու է հիասթափության եւ լրատվական քաղցի առաջ: Որովհետեւ այն բոլոր լրատվամիջոցները, որոնք իրենց արտադրանքը վաճառելու խնդիր չունեն, ունեն բազմաթիվ սահմանափակումներ այս կամ այն լրատվությունն ու վերլուծությունը հրապարակելու առումով, եւ սրանով պայմանավորված՝ նրանք ավելի շատ լրատվության խաբկանք են ստեղծում, քան լրատվություն մատուցում»: / Հայկական մամուլի ճգնաժամը. մեկ հոդված՝ տասնյակ հազարավոր ընթերցողներ, եւ ո՞ւր է ճգնաժամը/ Հայկական ժամանակ/ 19/10/2017 /
Հ.Գ. Իմ այսօրվա կարգավիճակի բերումով այս մտահոգություններն ավելի են խորացել միայն այն պատճառով, որ մեր խնդիրը` իմ եւ ձեր խնդիրը, ինձ համար շատ ավելի տեսանելի է դարձել, երբ ես հայտնվել եմ լրագրողների հակառակ կողմում: Եվ յուրաքանչյուր լրատվական անորակություն ես ընդունում եմ որպես անձնական վիրավորանք, դրանք ոտնահարում են իմ լրագրողական ինքնասիրությունը, անկախ նրանից, թե որ լրատվամիջոցում են լույս տեսնում, ովքեր են այն ֆինանսավորում, եւ ինչ նպատակ են հետապնդում այդ նյութերը:
Հայկական լրատվամիջոցները պետք է բարձունքում լինեն անկախ ամեն ինչից, իշխող ուժերից, քաղաքականություններից, կուսակցություններից: Ի վերջո, ղեկավարները, կառավարությունները, կուսակցությունները գալիս-գնում են, իսկ մամուլը միշտ մնում է, եւ մամուլը պետք է միշտ լինի իր բարձր դիրքերում»:
Շատ սիրելի լրագրողներ, Խնդրում եմ` մի նեղացեք:) Առաջին անգամ չէ, որ ես հայկական լրատմավիջոցների, այսինքն` մեր…
Gepostet von Anna Hakobyan am Donnerstag, 7. März 2019