Բաժիններ՝

Նիկոլ Քիդմանը պայքարելու է կինոինդուստրիայի բնագավառում կանանց դերն ուժեղացնելու համար

Ավստրալական ծագմամբ հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը հայտարարել է, որ մտադիր է «փոխել գերակայությունները» կինոինդուստրիայում՝ ուժեղացնելով կանանց ազդեցությունը ճյուղում: Այդ մասին նա հայտնել է ABC ընկերությանը տված հարցազրույցում, որը նվիրված էր «Ավերողը» նոր քրեական դրամայում նրա դերակատարմանը, որին մասնակցելու համար 51-ամյա Քիդմանն անվանակարգվել էր «Ոսկե գլոբուս» մրցանակի:

«Ինձ համար կինոինդուստրիայի բնագավառում կանանց դիրքերի ամրապնդման ջանքերը դատարկ խոսքեր չեն, դրանում ես տեսնում եմ իմ առաքելությունը: Ես ինձ խոստացել եմ յուրաքանչյուր 18 ամիսը մեկ անպայմանորեն առաջարկ ընդունել կին ռեժիսորներից եւ պրոդյուսերներից»,-նշել է դերասանուհին: Նաեւ նա պատմել է, որ երբեք չի կորցրել կապերն իր հայրենիքի հետ եւ հիշել է, որ իրեն Հոլիվուդ է բերել ավստրալական կինոինդուստրիան, ուստի ինքը երբեք չի խուսափել հայրենակիցների խնդրանքներից եւ առաջարկություններից՝ լինի դա մասնակցությունը ֆիլմի կամ հանդիպումը թատերական ստուդիաների ուսանողների հետ:

«Վերջերս ես մասնակցել եմ «Անհետացած տղան» շատ հետաքրքիր նախագծին, որի ռեժիսորն ավստրալացի Ջոել Էջերթոնն է: Դա ֆիլմ է դեռահասի մասին, որն ըմբռնում չի գտնում իր ընտանիքում. երկար ու բարդ պատմություն: Նման ֆիլմերի համար այժմ դժվար է լսարան գտնել եւ դժվար է դրանք նկարահանել, քանի որ հենց հանդիսատես չկա»,-պարզաբանել է Քիդմանը:

Դերասանուհու խոսքով՝ ինքը նաեւ մշտապես ջանում է օգնել հայրենակից-գործընկերներին: «Ես փնտրում եւ ջանում եմ վարձել ավստրալացի գրողների ու ռեժիսորների, փորձում եմ նրանց աշխատանք տալ: Ավստրալական կինոճյուղը ինձ շատ բան է տվել, ուստի նրա բաղկացուցիչ մասը մնալու եւ իմ ուժերն ու ժամանակը նրան տալու ցանկությունը միշտ լինելու է ինձ հետ»,-ասել է Քիդմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս