Ընտրությունների արդյունքներով հինգ կուսակցություն է անցել Էստոնիայի խորհրդարան
Ընտրությունների արդյունքներով հինգ կուսակցություն է անցել Էստոնիայի խորհրդարան, ընդդիմադիր աջ լիբերալ Ռեֆորմիստական կուսակցությունը հաղթանակ է տարել եւ ստացել 34 տեղ: Այդ մասին հայտնել է Հանրապետական ընտրական հանձնաժողովը: Մարտի 3-ին Էստոնիայում ավարտվել է քվեարկությունը խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով ընտրողների մասնակցությունը կազմել է 63,1 տոկոս:
«Նախնական տվյալներով՝ բոլոր ընտրական տեղամասերում քվեների հաշվումից հետո Ռեֆորմիստական կուսակցությունը հավաքել է ձայների 28,8 տոկոսը (ինչը նրան իրավունք է տալիս ստանալու Էստոնիայի խորհրդարանի 101 մանդատից 34-ը), Ցենտրիստական կուսակցությունը՝ 23 տոկոս (26 մանդատ), Պահպանողական ժողովրդական կուսակցությունը հավաքել է 17,8 տոկոս (19 մանդատ), Isamaa կուսակցությունը՝ 11,4 տոկոս (12 մանդատ), Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 9,8 տոկոս (10 մանդատ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կառավարություն կազմելու իրավունքն ստանում է ընտրություններում առաջին տեղն զբաղեցրած կուսակցությունը: Ընտրություններին մասնակցել են տասը կուսակցություն եւ 15 անկախ թեկնածու: Խորհրդարան մտնելու համար կուսակցություններին եւ անկախ թեկնածուներին անհրաժեշտ էր հաղթահարել հինգ տոկոս ընտրական արգելքը:
Նախնական եւ էլեկտրոնային քվեարկության ընթացքում, որը տեղի է ունեցել փետրվարի 21-ից մինչեւ 27-ը, իր ձայնն է տվել ավելի քան 346 հազար մարդ կամ ընտրողների շուրջ 40 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: