«Նա համարձակ էր. երբեք չէր վախենում բարձրաձայնել իր կարծիքը, եթե անգամ վստահ էր, որ հասարակությունն այն կդատապարտի». Ռուբեն Բաբայան
Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հրաշալի է համարում այն փաստը, որ 1935 թվականին հիմնադրված Տիկնիկային թատրոնը կրում է անվանի գրողի անունը:
«Տիկնիկային թատրոնի առաջին ներկայացումներից է եղել Թումանյանի «Տերն ու ծառան»: Տիրոջ տիկնիկը պահպանվել է մինչ օրս»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Բաբայանը:
Նրա խոսքով` Թումանյանն այն եզակի մարդկանցից էր ոչ միայն մեր, այլև համաշխարհային պատմության մեջ, որում մեկտեղված էին մեծ գրողը, մեծ մտավորականը, մեծ քաղաքացին:
«Նա համարձակ էր. երբեք չէր վախենում բարձրաձայնել իր կարծիքը, եթե անգամ վստահ էր, որ հասարակությունն այն կդատապարտի: Հովհաննես Թումանյանի անունը կրելը մեծ պատիվ է և պարտավորեցնում է: Չի կարելի լինել Թումանյանի անվան թատրոնի ղեկավար և համարել, որ միայն խաղացանկում ունենալով թումանյանական ներկայացումներ` առաքելությունն իրականացված է»,-շեշտեց Բաբայանը:
Թատրոնի տնօրենի կարծիքով` Թումանյանի բազմաթիվ արտահայտություններ, մտքեր, մեկնաբանություններ այսօր չափազանց արդիական են: «Օրինակ` այն, որ մեր օրերում փորձում ենք ամեն օտարածին բառ հայերեն դարձնել: Նախկինում այդ երևույթը նույնպես եղել է, և Թումանյանը մոտ հարյուր տարի առաջ ասել է, որ պոչաշորը երբեք ֆրակ չի դառնա: Փաստը, որ մենք մեր մեծերին ընդունում ենք միայն այն ժամանակ, երբ նրանց ճանաչում է արտասահմանը, վատ է: Օրինակ` Հրանտ Մաթևոսյանին, Ռոման Բալայանին, Սերգեյ Փարաջանովին, Օհան Դուրյանին: Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր մեծերին, երբ իրենք այստեղ են: Թումանյանը հրաշալի խոսք ուներ: Նա ասում էր, որ Երևանից Երևան ամենակարճ ճանապարհն անցնում է Մոսկվայով»,-նշեց Բաբայանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հովհաննես Թումանյանին համամարդկային արժեք է համարում` բերելով մի շարք օրինակներ: «Մեր խաղացանկում Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումն այն մասին, թե ինչպես է անբախտ մարդն անցնում իր երջանկության կողքով, խաղացել ենք 12 տարբեր միջազգային փառատոներում` Թայլանդից մինչև ԱՄՆ: Բոլոր երկրներում մեզ ասում էին, որ իրենց մասին է այդ պատմությունը. սեփական երջանկության կողքով անցնելն ու այն չնկատելը համամարդկային խնդիր է: Հիշում եմ` մի քանի տարի առաջ Գերմանիայից մեր գործընկերներն էին հյուրընկալվել թատրոնում: Նրանց ներկայացնում էի Թումանյանին ու պատմում «Սուտլիկ որսկանը»:
Լսելով ինձ` օտարազգի գործընկերներս ապշած էին, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Թումանյանը նման հեքիաթ է գրել: Նրանց խոսքով` Թումանյանը եվրոպական աբսուրդ գրականության հիմնադիրն է»,-պատմեց Ռուբեն Բաբայանը և հավելեց, որ շատ կցանկանա` Թումանյանի 150-ամյա հոբելյանին մենք փորձենք նայել ինքներս մեզ Թումանյանի աչքերով, բացենք նրա հրաշալի հրապարակախոսական հոդվածները, որոնք շատ ժամանակակից են, որովհետև Թումանյանը միշտ մեր հայացքն ուղղում էր ներս, ասում էր, որ պետք է ներսից ուղղվել, լավանալ:
Անժելա Համբարձումյան