«Այո, կարելի է այդ միջոցներով այլ տեխնիկա էլ գնել, օրինակ՝ արդիականացնել հրետանին, թարմացնել տանկային պարկը». փորձագետներ

Հայաստանը պլանավորում է մինչև 2019թ. վերջ  կամ 2020թ. սկիզբ ստանալ 4 ռուսական Су-30СМ կործանիչ, իսկ ընդհանուր առմամբ՝ Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ: Այս մասին, ըստ «Ռիա Նովոստիի»՝ IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի այդ արտադրանքը: Մենք պլանավորում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարվա վերջին, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Տոնոյանը:

Պատասխանելով հարցին, թե ընդհանուր առմամբ քանի՞ կործանիչ կցանկանար Հայաստանը գնել, Դավիթ Տոնոյանը պատասխանել է, որ խոսքը մեկ էսկադրիլիայի (12 կործանիչ) մասին է:

Դրանք որքանո՞վ են անհրաժեշտ Հայաստանին, կամ այդ գումարով ի՞նչ տեխնիկա կարելի էր ձեռք բերել: Այս մասին Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբանները մեզ փոխանցեցին.

«Պե՞տք է արդյոք կործանիչ ավիացիա, թե՞ ոչ» բանավեճով շատ երկրներ են անցել, քանի որ ավիացիան բավականին թանկ հաճույք է, և միշտ կա ընտրության անհրաժեշտություն, քանի որ այդ միջոցները կարելի է ուղղել, օրինակ՝ ցամաքային զորքերի զարգացմանը։ Այդ քննարկումը մեր մոտ էլ կա։ Այո, կարելի է այդ միջոցներով այլ տեխնիկա էլ գնել, օրինակ՝ արդիականացնել հրետանին, թարմացնել տանկային պարկը։

Հենց ավիացիայի ոլորտում կարելի է արդիականացնել եղած ավիապարկը, գնել նոր ուղղաթիռներ, որոնք նույնպես խիստ անհրաժեշտ են մեր բանակին։

Հարցն այն է, որ փողը միակ ռեսուրսը չէ, որը պետք է ծախսել որևէ զորատեսակ զարգացնելու համար։

Կա նաև մարդկային ռեսուրսի հարց, և, որ ամենակարևորն է, կա արդյունավետության հարց։

Կործանիչ ավիացիան բանակի համար շատ ավելի մեծ ճկունություն է ապահովում, շատ ավելի լայն սպեկտրի խնդիրներ է լուծում, քան ցանկացած այլ զորատեսակ ու սպառազինություն։

Զուտ որպես օրինակ․ Ապրիլյանի տիպի պատերազմում մենք չենք կարող «Իսկանդեր» կիրառել, դա կլինի թնդանոթով ճնճղուկ որսալ։ Մինչդեռ կործանիչ ավիացիան շատ արդյունավետ կարելի է կիրառել ցանկացած մասշտաբի պատերազմում։ Իհարկե, կործանիչ ավիացիայի զարգացման ոլորտում էլ կան խնդիրներ։ Ֆինանսականից բացի, կադրերի պատրաստում և մշտական թանկարժեք մարզումներ, տեխնիկական սպասարկում, ինչպես նաև ավիաբազայի/ավիաբազաների լրացուցիչ պաշտպանության հարցեր կամ մի գուցե Հայաստանի ավելի ապահով մասում նոր ավիաբազայի կառուցում»։

Տեսանյութեր

Լրահոս