Բաժիններ՝

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան ու բացել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի թվով 300 աշխատակիցներ երեկ՝ փետրվարի 15-ին, հերթական անգամ փակել էին Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Պատճառն այն էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ նրանց հանդիպումը չէր կայացել:

«Մեզ ասացին, որ փոխվարչապետը պարզապես հնարավորություն չի ունեցել գալ Ալավերդի՝ բազմազբաղ լինելու պատճառով, բայց պատրաստ է եղել հանդիպել, ուստի մեզ է հրավիրել Երևան: Մի քանի հոգի ուղևորվել է Երևան՝ փոխվարչապետի հետ հանդիպման: Մեր հետագա անելիքները կախված են հենց այդ հանդիպումից»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր գործարանի աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ «ԷյՍիՓի» ընկերության ղեկավարն իրենց հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ պատրաստ է գործարանն աշխատեցնել, եթե գտնվի ինչ-որ մի կոմպրոմիսային տարբերակ:

Երևանում ուշ երեկոյան հանդիպումը կայացել է: Տիգրան Ավինյանն ընդունել է Ալավերդու պղնձնաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Կարդացեք նաև

Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ Պղնձաձուլարանի աշխատակիցները խնդրել են ներկայացնել գործարանի հետ կապված վերջին զարգացումները և հետագա ճակատագրի շուրջ կառավարության մոտեցումները:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ:

Այժմ ընթանում են բանակցություններ ռուսական «ՎՏԲ բանկի» և «ԷյՍիՓի» ընկերության միջև՝ պղնձաձուլարանի հետագա գործունեության վերաբերյալ: Կառավարությունը միջնորդ է հանդիսանում այդ բանակցություններում, փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և առավելագույն ջանք է ներդնում՝ կողմերի դիրքորոշումներն իրար մոտեցնելու համար:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործարանի աշխատակիցներն անմիջական կապ կպահպանեն փոխվարչապետի գրասենյակի հետ՝ վերջին զարգացումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար:

Այս հանդիպումից հետո, մոտավորապես ժամը 3:00-ի սահմանններում, Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան ու բացել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը:

– Կսպասենք, մինչև վերջնական պատասխան տան: Մինչև փետրվար ամսվա վերջը երևի մի լուծում կգտնվի, բայց չգիտենք՝ այն դրակա՞ն է լինելու, թե՞ բացասական,- 168.am-ի հետ զրույցում ասացին գործարանի աշխատակիցները:

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զուգահեռ կազմակերպել էին ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել էր կառավարություն, սակայն նրանք որևէ պատասխան չէին ստացել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս