Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է. Ավինյանն ընդունել է աշխատակիցներին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 15-ին ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, պղնձաձուլարանի աշխատակիցները խնդրել են ներկայացնել գործարանի հետ կապված վերջին զարգացումները և հետագա ճակատագրի շուրջ կառավարության մոտեցումները:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա հավելել է, որ կառավարությունը շահագրգռված  է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ: Այժմ ընթանում են բանակցություններ ռուսական «ՎՏԲ» բանկի և «ԷյՍիՓի» ընկերության միջև՝ պղնձաձուլարանի հետագա գործունեության վերաբերյալ: Կառավարությունը միջնորդ է հանդիսանում այդ բանակցություններում, փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և առավելագույն ջանք է ներդնում՝ կողմերի դիրքորոշումները իրար մոտեցնելու համար:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործարանի աշխատակիցներն անմիջական կապ կպահպանեն փոխվարչապետի գրասենյակի հետ՝ վերջին զարգացումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս