«Շատ դեպքերում իմ հակառակ կարծիքն ընդունվում էր՝ որպես ընդդիմախոսություն և ոչ միանշանակ»
Հարցազրույց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ Հակոբ Ավագյանի հետ
– Պարոն Ավագյան, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից Ձեր հրաժարականի վերաբերյալ նշել եք, որ այդ որոշմանը մեկ օրում չեք հանգել: Նշել եք, որ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով, և պարզագույն արդյունավետության հարցն է եղել խնդիրը, որը Ձեզ չի բավարարել: Կմանրամասնե՞ք՝ ինչն է խնդիրը, ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը, ճնշումներ եղե՞լ են:
– Իհա՛րկե ոչ, իմ դեպքում ճնշումների մասին եկեք չխոսենք: Ես շատ կարևորում եմ թիմային աշխատանքը և կարծում եմ՝ անկախ այն հանգամանքից, որ կառավարության աշխատակազմում կան իմ նման մարդիկ, ովքեր ոչ մի քաղաքական թիմի անդամ չեն, բայց մաս կազմելով կառավարությանը՝ ստանձնում են պատասխանատվություն այդ թիմի սխալների, հաջողությունների համար: Երբ տարբեր առիթներով քննարկվում էր որևէ օրենսդրական փոփոխություն կամ նախաձեռնություն, բնական է, ես էլ իմ հերթին պետք է բարձրաձայնեի, զգուշացնեի կառավարության ղեկավարին կամ որոշում ընդունող պատասխանատուին, որ դրանով մենք վատթարացնում ենք բիզնեսի, մասնավորապես իմ դեպքում՝ ՓՄՁ-ի, հայկական ապրանք արտադրողի կյանքը:
Շատ դեպքերում իմ հակառակ կարծիքն ընդունվում էր՝ որպես ընդդիմախոսություն և ոչ միանշանակ: Ինձ համար արդյունավետության չափելիության հարցը շատ հստակ օրինակների վրա էր հիմնված՝ նախաձեռնություններ, որոնք քնեցվում էին, և վտանգը կանխող կարծիքներ, որոնք անտեսվում էին:
Մի քանի ցայտուն, հանրությանը հայտնի օրինակներ բերեմ. երբ վարչապետի մոտ առաջարկվեց խորհրդատվական (հաշվապահներ, փաստաբաններ և այլք) ոլորտում ծառայություն մատուցողներին տեղափոխել ԱԱՀ-ի դաշտ, հակառակվեցի՝ բերելով այն փաստարկները, որոնք հետո ներկայացնում էին ոլորտի շահառուները:
Հիշեցրի անգամ, որ նախկինում նման փորձ արվել է, և նորից ետ ենք փոխել այդ դրույթը, պետք չէ կրկնել նույնը: Արդյունքում՝ այդ վատթարացնող նորմը դրվեց նախագծում, ոլորտի ներկայացուցիչները բողոքի ալիք բարձրացրեցին, հիմա արդեն այդ դրույթից հրաժարվում ենք: Նման էր խնդիրը՝ հանրային սննդի ոլորտի փոփոխությունների հետ կապված, երբ մի քանի անգամ մեր կողմից թե՛ վարչապետին, թե՛ որոշումն ընդունող բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացվել են դրա հետ կապված վատթարացումները:
Առանձին հանդիպումներ ենք ունեցել հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների հետ մեր նախարարությունում, կազմել տեղեկանքներ, ներկայացրել առաջարկներ աշխատանքային խմբին: Հետո տեսնում ենք՝ հանրային սննդի ոլորտի մասնակիցները բողոքի ակցիա կազմակերպելու նախազգուշացնող պաստառներ են տեղադրում, նոր կանչում ենք քննարկման: Նույնն է խնդիրը ՀԴՄ սարքերի մասով, որի մասին քննարկումներ ենք սկսել դեռ սեպտեմբեր-հոկտեմբեր ամսից սկսած՝ կանխատեսելով, որ հունվարի 1-ից խնդրի առաջ ենք կանգնելու, և առաջարկել ենք լուծումներ:
Նման օրինակները շատ են, երբ դու ինքդ գոնե ակնհայտ վտանգների ու դժգոհությունների մասին զգուշացնում ես, առաջարկում լուծումներ, բայց այդ խնդրին անդրադարձ է լինում միայն այն դեպքերում, երբ լինում է բողոքի ակցիա կամ ֆեյսբուքյան աժիոտաժ, ապա վարչապետը հենց ինքն է անձամբ անցնում դրա լուծմանը: Կարծես գործում ենք բողոքների արձագանքման շատ ավելի պարզ մեխանիզմով:
Նման օրինակներին գումարվեց նաև այն, երբ ներկայացվեց կառավարության կառուցվածքի նախագիծը՝ Գյուղատնտեսության նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությանը միացնելու դրույթով: Անկախ նրանից, որ ներկայացվեցին միջազգային փորձի մասին տեղեկանքներ, հիմնավորումներ, դրանք ևս չլսվեցին:
Իմ երազանքն էր՝ տեսնել Էկոնոմիկայի նախարարությունը՝ որպես ռազմավարական տնտեսական պլանավորման, այդ պլանի մշտադիտարկման և տնտեսության զարգացման քաղաքականություն մշակող կառույց: Բայց այսօր ավելի ուժեղ է ֆիսկալ քաղաքականությունը, դրա մասին մտածողներն ու պահպանողականները: Գուցե սխալվում եմ, բայց իմ կանխատեսումներով՝ մոտակա առնվազն 6 ամիսներին Էկոնոմիկայի նախարարության արդյունավետությունն այդ միացման գործընթացն իրականացնելու հետևանքով ավելի կընկնի:
– Հրաժարականի դիմումում կանխատեսել եք «առաջիկայում հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ կյանքի կոչելու փոքր հավանականությունը»: Մինչդեռ նույն գերատեսչության՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխությունն արդեն սկսվել է: Եթե հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ կյանքի կոչելու հավանականությունը փոքր է, ինչպե՞ս է սկսվել տնտեսական հեղափոխությունը և արդյո՞ք սկսվել է:
– Ընդհանրապես սովորույթ չունեմ մարդկանց հայտարարությունները մեկնաբանելու այն պարզ պատճառով, որ ես չգիտեմ, թե այդ հայտարարությունն ասելով՝ ինչ է նկատի ունեցել հեղինակը: Այս դեպքում ևս թույլ տվեք չմեկնաբանել պարոն Խաչատրյանի հայտարարությունը:
Իսկ իմ կարծիքով՝ տնտեսական հեղափոխությունը կարելի է համարել սկսված, երբ դրան նպաստող մի շարք հեղափոխական օրենսդրական փոփոխություններ բերվեն ԱԺ և կյանքի կոչվեն: Այո, այս պահին մենք արձանագրում ենք, որ նոր կառավարության գալով վերացվել է բիզնեսում հովանավորչությունը, զգալի նվազել է կոռուպցիան, բայց այդ ամենին պետք է գան փոխարինելու ինստիտուտներ և մեխանիզմներ, որպեսզի անձերի փոփոխությունից անկախ՝ այդ վատ երևույթները նորից գլուխ չբարձրացնեն:
– Ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք. «Մոտ ապագայում մեր երազած ծրագրերը կյանքի կկոչենք ավելի արդյունավետ ձևաչափերով»: Կնշե՞ք ծրագրի/ծրագրերի օրինակ/ներ, որ կառավարության կազմում կյանքի կոչել չհաջողվեց:
– Կային ծրագրեր, որոնց մեկնարկը տրվել էր դեռ նախորդ կառավարություններից սկսած: Կային հարցեր, որոնց կատարման ժամկետները բաց էին թողնվել: Բայց անցնելով աշխատանքի, արդեն որպես պետական համակարգի պատասխանատու մարդ՝ փորձել ենք չբարձրաձայնել, չմեղադրել նախորդներին, այլ գործ անել: Այդպիսի օրինակ էր թեթև արդյունաբերության կլաստերային կենտրոն հիմնելու հարցը, որի իրականացմանն օժանդակում են մեր միջազգային գործընկերները: Այստեղ ուսուցանվելու էին ոլորտի համար միջին մասնագիտական կրթություն պահանջող կադրեր, որի բացը, ինչպես գիտեք, ունենք բոլոր ոլորտներում:
Կրթության նախարարության իմ նախկին գործընկերոջ հետ երկար ժամանակ ծախսեցինք, ընտրեցինք հնարավոր տարածք, կազմեցինք նախագիծ, բայց միայն այն պատճառով, որ այժմ հիմնադրամների փակման հարց է դրված և նորը բացել՝ նույնիսկ առանց պետական ֆինանսավորման, հնարավոր չէ, այդ հարցը փակուղի բերեց: Օրենսդրական նախաձեռնություններ ունեինք, օրինակ՝ արդյունաբերական գոտիների մասին օրենքի նախագիծը, ձեռնարկատիրական հաշտարարի մասին օրենքի նախագծերը և այլն, որոնք մնացին պահարաններում:
Այս պահին փորձելու ենք ուժեղացնել երկխոսությունն օրենսդիր մարմնի հետ: Դեռևս նախորդ տարի բիզնես շահերը ներկայացնող կառույցների հետ նախաձեռնեցինք ԱԺ-ՓՄՁ խորհուրդ հարթակի ստեղծումը, որը հիմա, կարծում եմ, շատ պահանջված է, և օգտակար կլինենք մեր օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին օրենսդրական փոփոխությունների հարցում: Իսկ մնացած նախաձեռնությունները, որոնք օրենսդրական լուծում չեն պահանջում, կփորձենք իրականացնել առանց պետական մասնակցության:
– Վարկած կար, որ հրաժարականի հիմքում մեծ է Հարկային օրենսգրքի նոր նախագծի շուրջ Ձեր ունեցած անհամաձայնությունների դերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, և ընդհանրապես ի՞նչ խնդիրներ եք տեսնում ՀՕ նախագծում, ի՞նչ ազդեցություն այն կունենա բիզնեսի վրա:
– Ես արդեն նշեցի իմ հրաժարականի պատճառները: Ինքս ներգրավված եմ եղել ՀՕ-ի նախագծի մշակման աշխատանքային խմբում, որտեղ, այո՛, ևս եղել են հակասություններ: Այս նախագիծը կոչված չի եղել ՀՕ-ի մեծ փոփոխության:
Ի սկզբանե պայմանավորվածություն կար բերել այնպիսի նախագիծ, որտեղ կլուծվեին հրդեհային ռեժիմով լուծում պահանջող հարցերը, ինչպես նաև վարչապետի հայտարարած սկսնակ գործարարներին կտրվեն հեշտ գործիքներ բիզնեսը գրանցելու և գործելու համար՝ միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմը:
Ցավալին այն էր, որ նույնիսկ վարչապետի այդ հայտարարության իրականացումը, չգիտեմ՝ միտումնավո՞ր, թե՞ ոչ, ձգվեց և միկրոձեռնարկատիրության արտոնյալ հարկման ռեժիմը կյանքի կկոչվի միայն մյուս տարվա սկզբին: Սա՝ այն դեպքում, երբ դրա կյանքի կոչելու նախադրյալներն արդեն ունեինք՝ մինչև 18 մլն շրջանառություն ունեցողների համար ընտանեկան ձեռնարկատիրության հարկերից ազատ ռեժիմը: Այս մասին ևս բազմիցս ներկայացրել եմ վարչապետին:
Այստեղ ամենաշատ քննարկված հարցը եղել է եկամտային հարկի դրույքաչափի հարցը: Եթե գանք այն նպատակից, որը դրված էր սկզբում, այն պետք է լուծեր վարձու աշխատողներին ստվերից դուրս բերելու հարցը:
Եթե կհիշեք, վարչապետը բերում էր այդ օրինակը, երբ գործատուն ընտրում էր՝ վճարել շահութահարկ և շահաբաժնի հարկ` 18%+5%, ստացվում է 23%, իսկ եթե գրանցեր աշխատակցին, կվճարեր 23%, 28% կամ 36%՝ կախված աշխատավարձի չափից: Եվ որպեսզի գործատուն չգնար այդ համեմատությանն ու ռիսկին, պետք է իջեցվեր եկամտային հարկի դրույքաչափն այնքան, որն ավելի ցածր կլիներ շահութահարկ գումարած շահաբաժնի հարկ հանրագումարից: Չանդրադառնալով համահարթ լինել-չլինելու հարցին, համեմատում եմ միայն առաջին շեմի տակ՝ մինչև 150.000 դրամ այժմ գրանցված աշխատողների մեծամասնությանը, կամ, որպես կանոն, չգրանցվածներին սպիտակ դաշտ բերվող հիմնական սեգմենտին:
Այստեղ մի կարևոր դրույթ մենք բաց ենք թողնում ուշադրությունից: Մենք առաջարկում էինք այդ համեմատությունն անել այն տեսանկյունից, թե ինչ բեռ է արժենում գործատուի մոտ վարձու աշխատող գրանցելը՝ 23%+2.5% (պարտադիր կուտակային)+1000 (դրոշմանիշային վճար)= 25-26%: Այս համեմատությունում տեսնում ենք, որ դրված նպատակը չի լուծում այս նախագիծը:
Հանրագումարային բեռը, որը կրելու է գործատուն, շարունակում է բարձր մնալ, քան շահութահարկ գումարած շահաբաժնի հարկ մեծությունը: Եվ այս համեմատությունը շարունակում է այս թվերի մեծության շարքում մնալ, անկախ նրանից, որ հաջորդող տարիներին իջնում է եկամտային հարկը 1 տոկոսային կետով, սակայն մեկ տոկոսային կետով բարձրանում է պարտադիր կուտակայինը: Առաջարկել էինք կա՛մ ավելի նվազ՝ 18% եկամտային հարկի դրույքաչափ, կա՛մ չհարկվող նվազագույն շեմ՝ պարենային զամբյուղի չափով, որն ակնհայտորեն կբերեր գրանցված աշխատողների թվի ավելացմանը:
Բայց այստեղ կա ևս մեկ սխալ համեմատական, որը նույնպես բարձրաձայնվել է: Մենք այս բոլոր համեմատություններն արեցինք, և նպատակը դրվել էր՝ հիմքում ունենալով շահութահարկ վճարողների մոդելը, մոռանալով, որ մեր երկրի ակտիվ հարկ վճարողների մոտ 60 %-ը շրջանառության հարկ վճարողներ են, հետևաբար՝ այս վարժությունը նրանց համար տեղին չէ: Այսինքն՝ այս դաշտում գործող տնտեսվարողների համար մենք պետք է առաջարկենք պարզագույն եկամտային հարկի նվազ կրելի բեռ:
Մյուս կարևոր խնդիրը, որին այդպես էլ հավուր պատշաճի ուշադրություն չդարձվեց, դա այն էր, որ Ֆինանսների նախարարության մեր գործընկերները եկամտային հարկի դրույքաչափի իջեցմանը զուգահեռ՝ բերում են անուղղակի հարկերի բարձրացման փոփոխություններ, որպեսզի փոխհատուցվեն բյուջեի կորուստները: Բայց այստեղ ևս գործ ունենք շատ պահպանողական հիմնավորման հետ: Մենք ասում էինք, որ իջեցնելով եկամտային հարկի դրույքաչափը՝ մեծացնում ենք մարդկանց տնօրինվող եկամուտը, որը թեկուզ կարճ ցիկլում իր ազդեցությունը կթողնի՝ մտնելով սպառման շղթա նոր հարկերի գեներացման ավելացման վրա:
Մի քանի մոդելներով փորձեցինք այդ թիվը ներկայացնել, որը չընդունվեց նրանց կողմից, փոխարենը՝ նրանք չեն ներկայացնում, թե տնօրինվող եկամտի ավելացման արդյունքում ինչ տեղի կունենա: Բայց վերցնել չոր թվեր և ասել՝ մենք կունենանք բյուջեի կորուստ, ասենք, մի սցենարով՝ 23,0 մլրդ, մյուսով՝ 19,0 մլրդ՝ կախված նրանից, թե երբ օրենքի այդ դրույթն ուժի մեջ կմտնի, և չասել, թե դրա որ մասը մուլտիպլիկատիվ էֆեկտով կդառնա լրացուցիչ հարկային եկամուտ, կարծում եմ՝ արդարացի չէ:
Ահա այդ չոր թվերն էլ հիմք ընդունելով՝ բարձրացվում է ակցիզային հարկը՝ ծխախոտի, ալկոհոլային խմիչքի և այլ ապրանքների մասով: Այստեղ շատ կարևոր ազդակ մենք արդեն ունեինք բիզնեսից, նրանք սկսել են հավատալ և հայտարարագրել իրենց իրական եկամուտներն ու վարձու աշխատողներին, և մենք ընդամենը պետք է արդար, կրելի խաղի կանոններ սահմանենք, որպեսզի շարունակվի այս փոխվստահության մթնոլորտը: Կան շատ հարցեր, որոնք կոնկրետ այս փոփոխությունների փաթեթի նպատակներին հակասում են:
Դե, ինչպես արդեն նշել էի իմ խոսքի սկզբում, այս հարցում այսօր ավելի լսելի են ֆիսկալ մտածողներն ու պահպանողականները:
Դրական ազդեցության դրույթներից են միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմը, փոքր գինեգործների հարցն է վերջապես լուծվում, և նրանք ևս կարող են հարկման արտոնյալ ռեժիմներից օգտվել, ոսկու հումքի ձեռքբերման եկամտային հարկից ազատումը, շրջանառության հարկի շեմը: