«Մենք շատ բան ենք արել, դրա համար կարող ենք նայել բոլորի աչքերին». Արթուր Բաղդասարյան
ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը սկսել է քարոզարշավ իրականացնել է ՀՀ մարզերում:
Այսօր նա Վայոց Ձորի մարզում էր: Եղեգնաձոր քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահը կարևորեց գյուղատնտեսության զարգացումը:
«Գյուղատնտեսությունը պետք է սուբսիդավորվի պետության կողմից: Պետությունը այս հարցում չպետք է լուռ դիտողի կարգավիճակում մնա: Այսօր արդի աշխարհն անցել է գյուղատնտեսության ապահովագրման քաղաքակիրթ համակարգին, որի պայմաններում գյուղացին կարողանում է աղետների դեպքում ստանալ երաշխավորված ֆինանսական օգնություն: Այստեղ նոր հեծանիվ ստեղծելու կարիք չկա, պարզապես պետք է կարդալ, ուսումնասիրել միջազգային փորձը»:
Մենք մշակել ենք նաև գյուղաբնակ ժողովրդի և հատկապես կանանց աշխատանքը որպես աշխատանքային ստաժ հաշվարկելու և նրանց վճարելու մեխանիզմներ: Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
Նա անդրադարձավ նաև ոռոգման ջրի խնդրին՝ առաջարկելով 100%-ով անցում կատարել կաթիլային համակարգին:
Մարզային հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանն ասաց՝ կարևոր է առաջ գնալը:
«Անցյալում մնացող մարդիկ լավ ներկա ու ապագա չեն կարող ունենալ: Մենք 6 տարի առաջ հեռացել ենք հրապարակայնորեն՝ տարաձայնություններ ունենալով Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն մինչև 2018թ. ապրիլը շարունակում էին համագործակցել ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հետ: Մենք ՀՀ-ում վերականգնել ենք քանդված կրթական համակարգը: Այսօր ՀՀ-ում լավ սովորող երեխան սովորում է անվճար, ծննդաբերությունն ու ծննդօգնությունն էլ է անվճար: Սա լրիվ ՕԵԿ-ն է արել: Մենք շատ բան ենք արել, դրա համար կարող ենք նայել բոլորի աչքերին ու ասել՝ սխալներից ոչ ոք ապահովագրված չէ: Մենք գնացինք իշխանությունը ներսից փոխելու, գնացինք, որ ազգի առջև ծառացած խնդիրները կարողանանք լուծել: Ինչ-որ ստացվեց՝ արեցինք»,- ընդգծեց ՕԵԿ նախագահը:
«Օրինաց երկիր» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Օրինականություն, արդարություն և ապահովություն» կարգախոսով։
Անի Կարապետյան