«Լինելու է ՀՀ քաղաքացուն պատկանող քաղաքապետարան` գիշեր-ցերեկ աշխատող մարդկանցով». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգության» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիքով` տարբեր կուսակցությունների ցուցակում գտնվող քաղաքացիները ավագանու արտահերթ ընտրություններից հետո միասին նվիրված ծառայելու են հանուն Երևանի:
Հովհաննիսյանը նշեց, որ քարոզարշավի 11 օրում ունեցել է հրաշալի հանդիպումներ Երևանի բնակիչների հետ:
«Այս ընթացքում մենք տեսել ենք հայի տեսակը` չմարող երևանցու ոգին: Այդ հրաշալի քաղաքացիները, բոլորս միասին նույն քաղաքում նույն հույզերով և հույսերով, վերջում մի իշխանությամբ և հանրային ծառայությամբ նվիրված աշխատելու ենք Երևանի համար»,- ասաց Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը երբեք ընդհատակ չի անցել, այլ ընդհակառակը՝ ամենադժվարին պահերին միշտ եղել է ժողովրդի կողքին կանգնած:
«Մեր 16 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ մեզ համար ամենաբարձր արժեքը քաղաքացին է, ազգն է և Հայաստանի Հանրապետությունն է»,- ասաց Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, թե «Ժառանգությունը» հավատարիմ լինելով իր սկզբունքներին՝ համոզված է, որ այս անգամ լինելու է ՀՀ քաղաքացուն պատկանող քաղաքապետարան` գիշեր-ցերեկ աշխատող մարդկանցով:
«Ժառանգություն»՝ նշանակում է մեր կապը անցյալի և ապագայի միջև, ազգային շարժման ամբողջացում, նշանակում է ապահովել մանդատ խորհրդարանական արտահերթ ընտրություններում»,- հայտարարեց Հովհաննիսյանը: