«Սահմանադրությունը չի սահմանափակում մասնագիտացված դատարանների շրջանակը». Գագիկ Հարությունյան
Վերջին շրջանում շատ իրավագետներ են մամուլում անդրադարձել անցումային արդարադատության թեմային, տրվել են տարակերպ մեկնաբանություններ: Այդ թեմայի առնչությամբ «Արմենպրես»-ը փորձեց պարզել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի մոտեցումները:
– Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է արդիական մեր երկրի համար անցումային արդարադատության ներդրումը:
– Կարծում եմ՝ նախ պետք է հստակեցնել, թե ինչի մասին է խոսքը: «Անցումային արդարադատություն» հասկացությունը շատ ընդհանրական ու ընդգրկուն է, քանի որ դրա դրսևորման բազմաթիվ տարատեսակներ գույություն ունեն: Եթե չեմ սխալվում, մեզանում հայտարարվել է միայն գաղափարի շուրջ մտորումների մասին: Քննարկումները միշտ էլ օգտակար են: Սակայն կարծիք կարելի է հայտնել միայն կոնկրետ տարբերակի կամ մոտեցուման վերաբերյալ:
Ինչ վերաբերում է արդիականությանը, ապա կա մի կարևոր սկզբունք՝ առկա խնդիրների լուծմանը համահունչ պետք է լինի ընտրվող գործիքակազմը: Վերջերս ընթերցում էի Սինգապուրի լեգենդ դարձած վարչապետ Լի Կուան Յուի հուշագրությունները: Ուշագրավ է այն հանգամանքը, թե ինչպես են փորձել յուրաքանչյուր խնդրի լուծման համար ընտրել համարժեք, հաճախ ոչ ավանդական գործիքակազմ ու համակարգային մոտեցմամբ այն լուծել: Դա վերաբերում է հանրային կյանքի բոլոր ոլորտներին: Առավել ակնառու այն դրսևորվել է կոռուպցիայի դեմ պայքարում:
– Որքան ինձ հայտնի է Սինգապուրն այսօր կոռուպցիայի հաղթահարման հարցում աշխարհում առաջնակարգ տեղ է զբաղեցնում:
– Միանգամայն ճիշտ եք: Միջազգային վերլուծական կենտրոնների տվյալներով աշխարհի միայն չորս երկրներում է, որ պետական իշխանությունների կոռումպացվածության մակարդակը 10 տոկոսից ցածր է: Դրանք են Դանիան, Նորվեգիան, Շվեդիան և Սինգապուրը:
– Իսկ ի՞նչ է հուշում միջազգային փորձը հատկապես այն երկրներում կոռուպցիայի հաղթահարման առնչությամբ, որտեղ այս չարիքը մետաստազի է վերաճել:
– Այս հարցի պատասխանն առնչվում է նաև Ձեր առաջին հարցադրմանը: Հիմնախնդրի բնույթից, ընդգրկումից, ծավալման միտումներից ելնելով պետք է ընտրվեն դրա լուծման համարժեք մոտեցումները: 2006 թվականին մի հոդված հրապարակեցի, որը վերնագրել էի «Կորպորատիվ ժողովրդավարության վտանգները»: Դրանում վերլուծված էր անցումային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման միտումները: Հետագայում բազմիցս առիթ ունեցել եմ շեշտել, որ մեզանում նման սերտաճումն ազգային անվտանգության սպառնալիք է դարձել: Դրա դեմ պայքարը համարժեք մոտեցում էր պահանջում:
Նույնիսկ դասական ժողովրդավարության երկրներում են փորձում նման մոտեցում դրսևորել: Տիպական է Ֆրանսիայի օրինակը: Այս երկրում 1993 թվականին սահմանադրական փոփոխություն կատարվեց և լրացվեց 10-րդ գլուխը շատ հետաքրքիր վերնագրով՝ «Կառավարության անդամների քրեական պատասխանատվության մասին»: Այդ գլխում ներառված 68-1, 68-2 և 68-3-րդ հոդվածներով նախատեսվեց ներդնել արդարադատական բոլորովին նոր համակարգ՝ ստեղծելով Հանրապետության արդարադատության պալատը, որը կոչված էր քրեական պատասխանատվության ենթարկել պաշտոնական պարտականությունների հետ կապված հանցավոր վարքագիծ դրսևորած կառավարության անդամներին:
Սահմանադրական զարգացումների միջազգային պրակտիկան վկայում է, որ վերջին տասնամյակներում մեծ տեղ է հատկացվում հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի և սահմանադրական պատասխանատվության արդարադատական ինստիտուտների արմատավորմանը:
Նշված օրինակից բացի հանրային իշխանության սահմանադրական պատասխանատվության հարցերին են նվիրված նաև 1997թ. ապրիլի 2-ին ընդունված Լեհաստանի նոր Սահմանադրության 198-201-րդ հոդվածները, Պորտուգալիայի Սահմանադրության 22 եւ 117-րդ հոդվածները, Հունաստանի Սահմանադրության 85 եւ 86-րդ հոդվածները, Ֆինլանդիայի Սահմանադրության 101-րդ պարագրաֆը, Ռումինիայի Սահմանադրության 108-րդ հոդվածը, Խորվաթիայի Սահմանադրության 111-րդ հոդվածը եւ այլն։
Իրավակարգավորումները վերաբերում են քաղաքական, սահմանադրական եւ քրեական պատասխանատվությանը։ Նման իրավակարգավորումների ժամանակ գլխավոր խնդիրն է հստակեցնել`
ա/ սահմանադրական պատասխանատվության սուբյեկտ հանդիսացող անձանց շրջանակը,
բ/ նման պատասխանատվության հարցը բարձրացնող սուբյեկտների շրջանակը,
գ/ օրենքի հիման վրա ստեղծված ինստիտուտը, որն իրավասու է նման հարց քննության առնել եւ որոշում կայացնել։
Միջազգային փորձը վկայում է նաև, որ տարբեր երկրներում ստեղծվում են առանձին մասնագիտացված դատարններ, որոնք քննության են առնում բացառապես պաշտոնատար անձանց կոռուպցիայի հետ կապված քրեական պատասխանատվության հարցերը: Արևելյան Եվրոպայի երկրներից նման դատարաններ են ստեղծվել Սլովակիայում, Խորվաթիայում, Բուլղարիայում: 2018 թվականի հունիսին ուժի մեջ մտավ Ուկրաինայի օրենքը՝ «Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի մասին»:
Նման ինստիտուտները նույնպես իրենց բնույթով կարող են դիտարկվել որպես անցումային արդարադատության տարատեսակ:
– Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավոր է Հայաստանում նման դատարանի ստեղծումը, նկատի ունենալով կոռուպցիայի դեմ ներկայումս ծավալվող պայքարի մաստաբները:
– Հայաստանյան իրողություններն հաշվի առնելով, նկատի ունենալով, որ վերջին տասնամյակներում մեր երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճումն իրոք դարձել էր երկրի ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք, որին ժամանակին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանը, իրոք անհրժեշտություն է առաջանում արմատական քայլեր կատարել սահմանադրական պատասխանատվության և հակակոռուպցիոն արդարադատության համակարգային նոր ու ամբողջական լուծումներ գտնելու ուղղությամբ:
Խնդիրն այն է, թե որքանո՞վ են Հայաստանի Հանրապետությունում առկա սահմանադրական իրավակարգավորումները հնարավոր դարձնում այս հարցում կոնկրետ քայլեր ձեռնարկելը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ անփոփոխելի հոդվածով սահմանված է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
Նման ձևակերպումից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող հանրային իշխանական գործառույթ իրականացնել որևէ մարմին կամ պաշտոնատար անձ, եթե նախատեսված չէ Սահմանադրությամբ:
Սակայն, դրա հետ մեկտեղ, Սահմանադրության 163-րդ հոդվածը սահմանում է, որ «Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ»: Սահմանադրությունը չի սահմանափակում մասնագիտացված դատարանների շրջանակը: Նման քայլ արվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով՝ 24-26-րդ հոդվածներով, որպես մասնագիտացված դատարաններ դիտարկելով բացառապես վարչական դատարանը և սնանկության դատարանը:
Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու ճանապարհով Հայաստանում «Սահմանադրական պատասխանատվության և հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի» ստեղծումը սահմանադրականության որևէ խնդիր չի կարող առաջացնել և միանգամայն հնարավոր է: Սակայն անհրաժեշտ կլինի օրենսդրորեն հստակեցնել նման դատարանի իրավազորության շրջանակները, դիմող սուբյեկտների կազմը, դատավարական հնարավոր առանձնահատկությունները:
– Արդյո՞ք նման դատարանի ստեղծումը չի ստվերի գոյություն ունեցող դատական համակարգը
– Նման դատարանի հնարավոր ստեղծումը պետք է զուգորդվի գործող դատարանների ու դատավորների անկախության ամրապնդման անհրաժեշտ երաշխիքների ապահովման հետ: Նրանք ոչ թե միմյանց փոխարինող, այլ փոխլրացնող գործառույթ պետք է իրականացնեն: Դրա լավագույն օրինակն էր վարչական դատարանի ստեղծումը կամ ներկայումս նախատեսվող՝ սնանկության դատարանի ստեղծումը: Խոսքը վերաբերում է համակարգային ամբողջության մեջ դատական իշխանության անկախության ամրապնդման ճանապարհով արդարադատության արդյունավետության բարձրացմանը: Իսկ դա հնարավոր է, եթե արդարադատությունը դառնում է երկրի առջև ծառացած գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում միջոց:
– Պարոն Հարությունյան շնորհակալություն եմ հայտնում մեր հարցերին պատասխանելու և ներկայացված համառոտ վերլուծականի համար:
– Խնդրեմ: Պարզապես կցանկանայի ավելացնել, որ այս հարցերի վերաբերյալ ես փորձում եմ նախապատրաստել հայեցակարգային ամբողջական ու համալիր մոտեցումներ, որում կփորձեմ առավել ամբողջական պատասխան տալ Ձեր կողմից հնչեցրած ու բազում այլ հարցերի: