Բաժիններ՝

Կենսաթոշակայինի «արատավոր օղակը», կամ թե ինչպե՞ս է պետությունը վարկավորում ինքն իրեն

Երբ 2011 թվականից մեր երկիրը սկսեց աստիճանաբար անցում կատարել կուտակային կենսաթոշակային համակարգին, հնչեցին տարբեր կարծիքներ ամենատարբեր բովանդակություններով: Եթե փորձենք ամփոփել բոլոր տեսակետները, մասնագիտական ուսումնասիրություններն ու վերլուծությունները, միանշանակ կգանք այն եզրահանգման, որ ինչպես ցանկացած համակարգ, կուտակայինը ևս զերծ չէ թերություններից, սակայն հաշվի առնելով հասարակության ծերացման արդի վիճակը, դեմոգրաֆիկ խնդիրները և եկամուտների ոչ հավասար բաշխվածություն, այն լավագույն լուծումն է, որ հնարավորություն կտա ապահովել բարեկեցիկ կյանք տարեցների համար և միաժամանակ հնարավորություն տալ տնտեսությանը զարգանալու: Ի սկզբանե այս ծրագրի հիմքում դրված էր անվանական աշխատավարձի 10 տոկոս դրույքաչափը, որից 5 տոկոսն ապահովում էր պետությունը: Տարիների ընթացքում օրենքը որոշ փոփոխությունների ենթարկվեց, որի վերջին խմբագրումը եղավ այս տարվա հունիսին:

Համաձայն Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի, այս տարվա հուլիսի 1-ից պարտադիր կուտակայինի բաղադրիչը պետական հատվածում, աշխատողներից բացի, սկսեց տարածվել նաև մասնավոր հատվածի վրա: Սահմանված օրվան ընդառաջ, հասարակության սոցիալական բեռը չծանրացնելու նպատակով՝ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց օրենքում, այդպիսով սահմանելով՝ 7.5 տոկոս վճարում է պետությունը, 2.5 տոկոս՝ գործատուն դրույքաչափերը: Իհարկե, ըստ պատասխանատուների մեկնաբանության՝ սա ժամանակավոր մոտեցում է, սակայն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում:

Իհարկե, քաղաքացիների տեսանկյունից ողջունելի է, որ պետությունն իր վրա է վերցնում սոցիալական այս ծախսերը, սակայն պետության տեսանկյունից սա մի արատավոր օղակ է, որը հանգեցնում է պետական ֆինանսների անարդյունավետ օգտագործման: Այս իրավիճակը բերում է լուրջ խնդիրների, որոնցից առանցքային են հանդիսանում երկուսը:

Առաջին՝ խախտվում է սերունդների համերաշխության սկզբունքը: Նախկինում գործող թոշակային համակարգը, որը մասնագետների կողմից առավել հայտնի է՝ որպես   բիսմարկյան, կամ «pay as you go» համակարգ, իր հիմքում պարունակում է սերունդների համերաշխության սկզբունքը: Սա ենթադրում է, որ այսօրվա աշխատողը վճարում է ծերերի թոշակը՝ այն ակնկալիքով, որ տարիներ անց գալիք սերունդը նույն վճարը կանի իր համար: Սակայն մեր պարագայում ստացվում է հետևյալը. Այսօրվա աշխատողը չի վճարում տարեցների թոշակի համար, և այդ բեռն ամբողջապես ընկնում է պետության վրա, սակայն այսօրվա աշխատող սերունդը չի վճարում նաև իր համար, քանի որ դա անում է պետությունն իր փոխարեն: Ստացվում է որ սոցիալական ապահովության ամբողջ բեռն ընկած է պետբյուջեի վրա, ինչը ցածր եկամուտ, դեֆիցիտային բյուջե, 30 տոկոս աղքատություն և ոչ բարձր կենսամակարդակ  ունեցող երկրի համար ուղղակի անթույլատրելի է և կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել:

Երկրորդ առանցքային խնդիրը վերաբերում է պետական ֆինանսների «արատավոր շրջապտույտին», որ միայն վնասում է պետությանը: 2018 թվականի Պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝  2018 թվականին  պարտադիր կուտակային համակարգի վճարները կազմել են 42.6 մլրդ դրամ: Եվ սա՝ այն պարագայում, երբ նույն օրենքի համաձայն՝ 2018 թվականի պետական բյուջեն դեֆիցիտային էր, որը կազմում էր շուրջ 156 մլրդ դրամ: Ստացվում է այսպիսի պատկեր. Պետությունը բյուջեից գումարը փոխանցում է հիմնադրամին, այսպես ասած, սառեցնելով այդ գումարը 40-50 տարով, որից հետո պարտք է վերցնում բյուջեի պակասուրդը լրացնելու համար, և այդ պարտքը վերցնում է պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, որի գնորդներն են հանդիսանում նաև կուտակային ֆոնդերի կառավարիչները: Այսինքն, պետությունն իր փողը տալիս է ֆոնդերին, որպեսզի տոկոսով ետ վերցնի, և ստացվում է, որ պետությունը վարկավորում է ինքն իրեն, և պարարտատոմսերի միջին եկամտաբերության չափով վնաս է կրում: Այս արատավոր շրջապտույտն այս կանոնների վրա հիմնված համակարգի պահպանման դեպքում պարույրի էֆեկտով գնալով ավելի խոշոր մասշտաբների կհասնի՝ լուրջ խնդիրներ առաջացնելով պետական ֆինանսների համար:

Համադրելով այս երկու խնդիրները՝ ստացվում է, որ պետությունը հիմա վճարում է տարեցների թոշակները, քանի որ աշխատող սերունդը կուտակում է, և միևնույն ժամանակ՝ այդ կուտակման 75 տոկոսը վճարում է պետությունը:  Հարց է առաջանում. եթե պետությունն է վճարում կուտակայինի զգալի մասը, ապա ինչո՞ւ պետք է վճարի վաղվա սերունդների բարեկեցության համար այն պարագայում, երբ այսօրվա տարեցներն առավելապես ունեն այդ բարեկեցության խնդիրը:

Խոսելով վերոնշյալ խնդիրների կարգավորման մասին, անկասկած, պետք է փաստենք, որ լուծման գրագետ ուղին կուտակային համակարգում պետության մասնակցության նվազեցումն է: Միջազգային փորձը փաստում է, որ պետության մասնակցությունը պետք է լինի շատ փոքր, և դա էլ միայն նրա համար, որ պետությունը մասնակից լինի համակարգին՝ այդպիսով լրացուցիչ երաշխիք հանդիսանալով համակարգի բնականոն կենսագործունեության համար, ուստի պետության մասնակցության դրույքի նվազեցումը հատկապես պակասուրդային և ցածր սոցիալական ծախսեր ունեցող բյուջեի պարագայում զուրկ է լուրջ այլընտրանքից: Այս առումով լուծման առավել տրամաբանական մոտեցումը հարկային բարեփոխումներն են, որը   գտնվում է կառավարության քննարկման օրակարգում: Այսինքն, պետությունն այս պահին սահմանված եկամտահարկը նվազեցնի, օրինակ, 5 տոկոսով, սակայն կուտակային բաղադրիչի համար կատարվող վճարի 7.5 տոկոսը կվճարի գործատուն, իսկ 2.5 տոկոսը՝ պետությունը: Այդպիսով կկանխվեն արատավոր օղակի պտույտները, և համակարգն իր ողջ տրամաբանությամբ կաշխատի՝ ի նպաստ պետության և քաղաքացիների:

Ամփոփելով՝ նշենք, որ վերոնշյալ առաջարկությունն ընդամենը լուծման տրամաբանական տարբերակներից մեկն է, և միայն քննարկման, վերլուծությունների և լուրջ հաշվարկների արդյունքում հնարավոր կլինի տալ վերջնական գնահատական: Սակայն այն, որ այս պահին գործող մոտեցումը լուրջ վերանայման կարիք ունի, որևէ կասկած չի հարուցում:

ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս