Մահացած մարդիկ համարվում են աշխատող, ԿԳՄՍՆ-ն փող է ստանում ու վերաբաշխում չգիտես՝ ինչ ուղղությամբ. աղմկոտ մանրամասներ
168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի հյուրը Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն է։

– Մի քանի տարի է՝ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում, ո՞րն է պատճառը։
– Աշխատավարձի հարցը դատարանը վաղուց վճռել է։ Այլ բան է, որ Կառավարությունը, որը հանդիսանում է թատրոնի հիմնադիրը և լիազոր մարմինը, որը հանդիսանում է այժմ ԿԳՄՍ նախարարությունը, իսկ նախկինում՝ Մշակույթի նախարարությունը, ուղղակի բառացիորեն անտեսում է դատարանի վճիռը՝ անհեթեթ գրություններով, պատասխաններով՝ փորձելով ժամանակ շահել։
2021թվականի հոկտեմբերից դիմել ենք Գլխավոր դատախազություն, և պահանջն այն էր, որ, փաստորեն, պետությունն իր որոշումը չի կատարում։ 5 դատախազ, 3-4 քննիչ է փոխվել այդ ընթացքում, և երբ հասնում են այնտեղ, որ մեր բողոքին պետք է պատասխանեն, թե ինչո՞ւ պետությունը չի կատարում դա, ստացվում է, որ դատախազին, քննիչին տեղափոխեցին, կամ աշխատանքից ազատվեց դատախազը։
Մենք ունենք դերասան կանայք, որոնց երեխաները 4-5 տարեկան են, չեն կարողանում իրենց նախածննդյան և հետծննդյան արձակուրդը ստանալ, և պատճառն այն է, որ երբ դիմում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ասելով, որ աշխատող չեն, իսկ այնտեղից պատասխանում էին, թե ազատման հրաման բերեք, որը չկա։
Ասում են՝ գնացեք Հարկայինից թուղթ բերեք, գնում են, պարզվում է, որ մարդիկ աշխատող են։
Նշեմ, որ առ 2026թվականը Կառավարությունը «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» տողով հատկացրել է բյուջե։ Ի՞նչ հիմքով է բյուջե բերվել, եթե թատրոնը չի գործում։
Պատճառաբանում են, որ սուբսիդիայի պայմանագիր չի կնքվել, հաշվետվության վերջին տարեկանը չի տրվել, մինչդեռ հաշվապահը տվել է՝ առանց տնօրենի ստորագրության, որովհետև ԺՊ-ն չի ստորագրել։ Մոտ 7 տարի է՝ աշխատավարձ չեն ստանում մարդիկ։
– Որքանով հիշում եմ՝ ԿԳՄՍՆ-ից մեզ հետ զրույցում ասել էին, որ հաշվետվությունը չեք ստորագրել, և դա է աշխատավարձ չստանալու պատճառը։
– Տեսեք, օրինակ, 2026թ․ հաշվետվությունը ներկայացնում են 2027թ․ փետրվարին։ Թատրոնների դեպքում ամփոփվում է ամբողջական տարին, եռամսյակը մեկ հաշվետվություն տալիս ենք նախարարությանը, և 9 ամիս տվել եմ, իսկ վերջին ամփոփը, որ պետք է տայինք փետրվարին, արդեն աշխատանքից ազատված էի։ Հաշվապահը պատշաճ ձևով հաշվետվությունը ներկայացրել է նախարարություն, սակայն անտեսել են, հետո էլ պատճառաբանում են, թե տնօրենի ստորագրություն չկա։ Իսկ ո՞վ պետք է ստորագրեր։ Եթե իմ պայմանագրի ժամկետը լրացել էր և ինձ պետք է ազատեիք աշխատանքից, բարի լինեիք, թողնեիք ԺՊ մինչև փետրվար, հետո բերեիք ձեր Լիլիթ Փալանջյանին։
– Հիմա թատրոնը փաստացի կա, բայց չի գործում։ Ինչո՞ւ դերասանները չեն գնում, խաղացանկ ինչո՞ւ չկա։
– Իսկ ո՞վ պետք է ղեկավարի։ Տեսեք՝ ի՞նչ են արել մարդիկ։ Լիլիթ Փալանջյանին պահել են տնօրեն, ով վերցրեց փաստաբան, դիմեց դատարան, ասաց, որ ԺՊ է ու սրա համար մոտ 10 միլիոն դրամ գումար է ստացել։ Դատական վճռով սահմանված գումարը վճարելու համար ի՞նչ են արել․ դիմել են Կառավարություն, առանձնացրել են թատրոնի մասով հատկացված 10 միլիոն բյուջեն, ուղղորդել են ուսումնական մաս։ Ամբողջական հաստիք է ունեցել, դիմել է դատարան, պահանջել գումար, և դատարանը բավարարել է պահանջը։ Պարտքը արդեն գրեթե 200 միլիոն է հասել։
– Դերասանների հետ հանդիպում եղե՞լ է։
– Ընդամենն աշխատակազմի տարբեր ղեկավարներ։ Արդեն 4 նախարար է փոխվել, բազմաթիվ դատախազ, քննիչ, էլ չեմ ասում՝ աշխատակազմի ղեկավարներ ու իրավաբանական վարչության աշխատակիցներ, որոնք անհեթեթ պատասխաններ են տալիս։ Սա էր պատճառը, որ դիմեցինք Դատախազություն, հիմա էլ՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

– Ի՞նչ վնաս է կրում մշակույթը։
– Աշխարհում շատ քիչ պետական թատրոններ կան, մնացածը մասնավոր թատրոններ են և հովանավորվում են մասամբ պետության կողմից, մասամբ իրենց միջոցներով։ Երբ ինձ ու ամուսնուս հրավիրեցին աշխատել այստեղ՝ այն ժամանակ ապացուցեցինք, որ զրոյական վիճակից թատրոնը բերեցինք-հասցրեցինք այն մակարդակի, որ մեր ներկայացումները համարվեցին տարվա ձեռքբերում։ Օրինակ՝ «Մաուգլին», «Չիպոլինոն»։ Տարանք մարզեր, որովհետև կարծում էինք, որ մարզերի երեխաները ոչնչով մեղավոր չեն, որ կտրված են Երևանից։ Նազենի Ղարիբյանը՝ այն ժամանակ Մշակույթի նախարարի տեղակալը, մեզ մեղադրում էր, որ Երևանում ներկայացումներ քիչ ենք խաղացել։
– Նաև նշել էր, որ պլան չեք ուենցել, կան ֆինանսական և ոչ ֆինանսական խնդիրներ։
– Ամեն ինչ ունեցել ենք։ Մեզ ընդամենը 60 տոկոս աշխատավարձի գումար էին տալիս։ Ես թատրոնն ընդունել եմ մեկ կնիքով և մեկ շտամպով ու զրոյական կարգավիճակով։ Մենք թատրոնը ոտքի կանգնեցրինք, ու առ այսօր բոլորը հիշում են մեր ներկայացումների մասին։
– Երբ Ձեզ ԱՄՆ-ից հրավիրեցին ՀՀ, ի՞նչ պայմանավորվածություն կար պետության հետ, ի՞նչ պետք է անեիք։
– Սկզբում հրավիրեցին ամուսնուս՝ Ռաֆայել Գրիգորյանին, որ պետք է գնար Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար, սակայն ինչ-ինչ պատճառներով չնշանակվեց։
– Դերասանները նշել էին, որ կարծես հիմա Խորեոգրաֆիայի թատրոնի ուղղավածությունն ուզում են մի փոքր փոխել դեպի բալետը։ Արդյո՞ք սա է պատճառը, որ չեն շարունակել աշխատել թատրոնում։
– Իրարից չեն հեռացել, պարբերաբար հանդիպում են, բայց դեռ սպասողական վիճակ է։ Եթե հիմնվել է որպես Խորեոգրաֆիայի պետական թատրոն, պետք է ունենար պատշաճ պայմաններ, բայց հիմնվել է պարարվեստի ուսումնարանի բազայի վրա։
– Ի՞նչ է պատճառը, որ նոր դերասանների չեն ընդունում աշխատանքի։
– Թատրոնի կարգավիճակը փոխելու, ընդհուպ լուծարելու համար դիմեցին Կառավարություն։ Մերժվեց ու ինչի՞ համար․ թատրոնն ունի աշխատավարձի պարտք։
Իմ վերջնահաշվարկը մինչ օրս վճարված չէ։
Դատարանը պարտավորեցրել է թատրոնին՝ վճարել վերջնահաշվարկ, իսկ ԿԳՄՍ նախարարությունն ասում է՝ քանի որ դատարանը որոշել է , որ թատրոնը պետք է վճարի, ուրեմն թող վճարի։
Առավել ևս, հետին թվով փաստաթուղթ էին պարտադրում ստորագրել հաշվապահին, որը հրաժարվեց։ Նույն հետին թվով ինձ տալիս էին իմ ազատման հրամանը, այդ իսկ պատճառով իրենց չտվեցի կնիքն ու շտամպը և տարա՝ հանձնեցի ոստիկանությանը։
Թատրոնը լուծարելու, փակելու դեպքում էլ պարտքը պետք է փակեն։ «Գոյ» թատրոնի դեպքում ասում են՝ մենք ենք հիմնադիրը, մենք ենք որոշում՝ պահենք, թե փակենք, բացենք, բայց մեր դեպքում ասում են՝ պարտքը մերը չէ, թատրոնինն է։ Այսինքն, թատրոնը տեր չունի։ Եթե պարտքը թատրոնինն է, ուրեմն այն գումարը, որը դուք եք ստացել թատրոնի անունով, վերադարձրե՛ք թատրոնին, մենք մեր բոլոր պարտքերը կփակենք։
Երբ պետությունը հատկացնում է բյուջե, հարկերը ներառված են, իսկ ԺՊ-ն զրոյական հաշվետվություն է տվել հարկային՝ փաստելով, որ թատրոնը գործում է, բայց գործունեություն չի ծավալում։
Զրոյական հաշվետվություն է ուղարկել՝ իրեն ապահովելու համար, որ համարվի տնօրեն։ Դրանով է ստացել աշխատավարձ։ Տված հաշվետվության հետ մեկտեղ՝ պետությունը տվել է հարկ ու հետ պահանջել։ Հարկային մարմինն էլ տեսնելով, որ հարկ ունի ստանալու թատրոնից, սակայն չի ստացել, մարդը դիմել է դատարան ու ճանաչել է սնանկ, մենք էլ՝ բանից անտեղյակ։ Բյուջետային հիմնարկը ո՞նց կարող է սնանկ ճանաչվել։ Ունեցել ենք, կարծեմ, այդ ժամանակ 59 միլիոնի բյուջե, 2 միլիոնի համար ճանաչել են սնանկ։
Մի զավեշտալի բան ասեմ․ երբ դիմում եմ Հարկային՝ իմանալու, աշխատո՞ղ ենք, թե՞ ոչ, մահացած մարդիկ առ այս պահը համարվում են աշխատող։ ԿԳՄՍՆ-ն նախահաշիվ է ներկայացնում կառավարությանը, ստանում բյուջե ու վերաբաշխում չգիտես ինչ ուղղությամբ։
– Որո՞նք են հետագա քայլերը։
– Դիմել ենք ԱԺ սոցիալական ապահովության հարցերի և բարեկեցության հանձնաժողովին։ Դիմել են 2 երեխա ունեցող մայրերը, որոնց իրավունքներն են ոտնահարված։ Դիմում եմ տիկին Աննա Հակոբյանին, ուրախ եմ, որ հետամուտ եք կանանց իրավունքների խախտմանը և առաջին ստորագրողն էլ ես կլինեմ, խնդրում եմ՝ հաշվի առեք, որ Կառավարությունը, ԿԳՄՍ նախարարությունը, թատրոնի ԺՊ-ն ուղղակի խախտել են այն մայրերի իրավունքները, որոնց երեխաներն արդեն 3-4 տարեկան են։ Մարդ կա, որ միայնակ մայր է։ Լավ, ինչքա՞ն կարող է այս խայտառակությունը ձգվել։
– Դերասաններն այլ թատրոններում ընդգրկվելու հնարավորություն ստացե՞լ են։
– Եթե ստացել են, ուրեմն ժամավճարով, որովհետև բոլորն ամբողջ հաստիքով աշխատող են համարվում, և իրենց ասում են՝ ազատման հրաման բերեք։ Մեկը մտել՝ մատուցող է աշխատում, մյուսը` չգիտեմ ինչ է անում։

– Թատրոնում որքա՞ն աշխատավարձ էին ստանում։
– Այն ժամանակ 75,000 դրամ էր մինիմալ աշխատավարձը։ Բողոքները կան, ամեն ինչ կա, սակայն ոչ մեկը տեղից չի շարժվում։ Մեզ մնացել է 2 ատյան․ բոլոր փաստաթղթերը գնան Հակակոռուպցիոն և ՄԻԵԴ։ Թքած ունեն պետության վարկանիշի, օրենքի վրա։ Վարչապետն ասում է՝ մենք կառուցում ենք իրավական պետություն, բոլորը պարտավոր են օրենքի առաջ հավասար պատասխան տալ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։ Երկու ձեռքով կողմ եմ։ Սա էլ ձեր պետական կառույցն է՝ դատարանի որոշումը չի կատարում։

