Փաշինյանի «սրտի բլոգերի» գործը դատարան տանող ճանապարհին հօ՞դս ցնդեց
Սեպտեմբերի 1-ին 168.am-ում հրապարակված «Փաշինյանի «սրտի բլոգեր» Georg X-ը մեղադրյալի կարգավիճակ ունի» հոդվածում ներկայացրել էինք «Georg X» կեղծանվամբ հանդես եկող բլոգերի՝ վարորդական իրավունքի բացակայության պայմաններում մեքենա վարելու դեպքի առնչությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերի մասին։ Քննչական կոմիտեն պատասխանել էր, որ ստացված երկու հաղորդումներից մեկով քրեական վարույթն ուղարկվել էր դատարան՝ մեղադրական եզրակացությամբ, իսկ մյուսով նախաքննությունը շարունակվում էր։
Սակայն դրանից հետո այս պատմությունը ոչ թե հստակություն ստացավ, այլ ավելի շատ հարցեր առաջացրեց։
Սեպտեմբերի 10-ին՝ մեկ պատասխան, հոկտեմբերի 13-ին՝ մեկ այլ պատկեր:
Սեպտեմբերի 10-ին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ, որի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողություններ, իսկ նախաքննությունը շարունակվում է։
Միաժամանակ դատական տեղեկատվական համակարգում՝ Դատալեքսում, նույնպես տեսանելի էր ընդամենը մեկ քրեական գործ։
Այսպիսով՝ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե նախաձեռնվել էր ևս մեկ քրեական վարույթ, ապա ի՞նչ ընթացք էր այն ստացել, և որտե՞ղ էր հասել դրա քննությունը։
Հոկտեմբերի 13-ի պատասխանը նոր հարցեր է առաջացնում
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, 168.am-ը կրկին հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե։ Ստացված պատասխանի համաձայն՝ դատարան է ուղարկվել արդեն երկու քրեական գործ։
Ավելին՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին և 12-ին ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում Գ․ Թ․-ի կողմից տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու պայմաններում տրանսպորտային միջոց վարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում։
ՔԿ-ից նաև հայտնել են, որ կատարվում է նախաքննություն, և այս փուլում Գ․ Թ․-ն դատավարական կարգավիճակ չունի։
Ուշագրավ է, սակայն, որ Քննչական կոմիտեն մի կողմից հայտնում է դատարան ուղարկված երկու քրեական գործի մասին, մյուս կողմից՝ ներկայացնում նոր հաղորդումների հիման վրա նախաձեռնված և մեկ վարույթում միավորված քրեական վարույթի մասին։
Սակայն, եթե դատարան ուղարկված երկու գործերի մասին տեղեկությունը հաստատվում է Քննչական կոմիտեի պատասխանով, ապա ինչո՞ւ «Դատալեքս» հարթակում տեսանելի է միայն մեկը։
Ո՞վ է պատասխանատու այս հակասության համար
Որտե՞ղ է երկրորդ քրեական գործը։
Արդյո՞ք այն պատշաճ կարգով ուղարկվել է դատարան, և եթե՝ այո, ապա ինչո՞ւ դրա մասին տեղեկություն չկա Դատախազությունում։ Արդյո՞ք խոսքը տարբեր փուլերում գտնվող քրեական վարույթների մասին է, որոնց վերաբերյալ պետական մարմինների պատասխաններում տարբերություններ են առաջացել, թե՞ առկա է այլ հանգամանք, որը դեռևս չի պարզաբանվել։
Այս հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է ոչ թե ենթադրություններ անել, այլ ստանալ հստակ պարզաբանումներ՝ քրեական գործերի համարների, դատարան ուղարկելու ամսաթվերի, ընդունող դատարանի և «Դատալեքսում» դրանց արտացոլման վերաբերյալ։
Այս պատմությունը միայն «Georg X» կեղծանվամբ հանդես եկող անձին չի վերաբերում։ Խոսքը պետական մարմինների աշխատանքի թափանցիկության և հանրության՝ իրավապահ համակարգի նկատմամբ վստահության մասին է։
Եթե քրեական գործն ուղարկվել է դատարան, ո՞ր օղակում է այն կորել։ Եթե այն չի ուղարկվել, ապա ինչո՞ւ է Քննչական կոմիտեի պատասխանում նշվում հակառակը։ Իսկ եթե առկա է տեխնիկական կամ ընթացակարգային խնդիր, ապա ո՞ր մարմինն է պատասխանատու այն վերացնելու համար։
Հատկապես կարևոր է, որ այս հարցերը չմնան անպատասխան՝ հաշվի առնելով նաև գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը։
Արդյո՞ք երկրորդ քրեական գործը պարզապես դեռ չի արտացոլվել համապատասխան համակարգում, թե՞ խնդիրը շատ ավելի խորն է։ Այս պահին հրապարակայնորեն հասանելի տեղեկությունները թույլ չեն տալիս միանշանակ եզրակացություն անել։ Բայց հենց այդ անորոշությունն էլ պահանջում է պատասխանատու մարմինների հստակ արձագանքը։
Ի վերջո, ո՞վ է խեղաթյուրում իրավիճակը, թե՞ գործ ունենք համակարգային մի խնդրի հետ, որի պատճառով նույն քրեական գործի վերաբերյալ պետական մարմինները տարբեր տեղեկություններ ունեն։ Եվ ամենակարևորը՝ ո՞վ է պատասխան տալու այս հարցերին։
Իսկ միգուցե դատարան տանող ճանապարհն անցել է Հանրապետության հրապարակո՞վ, որտեղ էլ Փաշինյանի «սրտի բլոգերի»՝ դատարան ուղարկված քրեական գործը հօդս է ցնդել։
Իհարկե, սա հարց է, ոչ թե հաստատված փաստ։ Սակայն, երբ Քննչական կոմիտեն հայտնում է, որ դատարան է ուղարկվել երկու քրեական գործ, իսկ «Դատալեքսում» տեսանելի է ընդամենը մեկը, հանրությունն իրավունք ունի պահանջելու հստակ պատասխան՝ ո՞ւր է երկրորդ գործը։
Ո՞ր մարմինն է պարզաբանելու այս հակասությունը, և ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե պարզվի, որ քրեական գործի փոխանցման կամ գրանցման գործընթացում խախտում է տեղի ունեցել։
Գործը դատարան ուղարկելու մասին հայտարարությունը դեռ բավարար չէ։ Հանրությունը պետք է իմանա՝ գործն իրականում հասե՞լ է դատարան, թե՞ ճանապարհին կորցրել է իր հետքը։
Իրավիճակի շուրջ 168.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ գլխավոր Դատախազությունից, ինչին ստացանք պատասխան՝ ուղարկեք գրավոր հարցում:

