Ֆինլանդիայի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային վիզաներ չտրամադրել
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը ԵՄ երկրներին կոչ է արել դադարեցնել զբոսաշրջային վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ:
Դիվանագետը X սոցիալական ցանցի իր էջում արած գրառմամբ ԵՄ մյուս անդամ պետություններին հրավիրել է միանալ այս խնդրի վերաբերյալ Եվրահանձնաժողովին ուղղված իր կոչին:
«Ճիշտ չէ, որ ռուսները կարողանում են ճանապարհորդել Եվրոպա՝ այստեղի ապրելակերպը և ազատությունները վայելելու համար, մինչ իրենց երկիրը ռմբակոծում է ուկրաինացիների տները», – գրել է Վալտոնենը:
«Ֆինլանդիան արգելել է ռուսներին վիզաներ տրամադրելը ոչ էական ուղևորությունների համար դեռևս 2022 թվականին: Նույնը պետք է վերջապես տեղի ունենա նաև ԵՄ մակարդակով»,- հավելել է պաշտոնյան:
Էլինա Վալտոնենը նաև կոչ է արել արգելել Շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մտերիմ շրջանակի անձանց, սահմանափակել ռուս մարզիկներին տրվող վիզաները և արդյունավետորեն կիրառել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսաստանցիների համար վիզաների տրամադրման արգելքը։ «ԵՄ-ն պետք է միասին գործի»,- ընդգծել է նա։

