Ադրբեջանցին ԶՈւ-ի՞, թե՞ սահմանապահ զորքերի դիրքերի կողքով է անցել. ԱԱԾ-ն չի մեկնաբանում
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հրաժարվել է հայտնել, թե Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողը որ դիրքերի կողքով է անցել՝ ՀՀ ԶՈւ-ի՞, թե՞ ԱԱԾ սահմանապահ զորքերի։
Sputnik Արմենիան ԱԱԾ-ին խնդրել է հայտնել, թե որտեղով է ադրբեջանցի Նասիմի Մուսաևն անցել Հայաստանի տարածք, որ օրը և ժամին է դա տեղի ունեցել, ինչպես նաև թե ում վերահսկողության տակ է գտնվում այդ տարածքը՝ ԱԱԾ սահմանապահների՞, թե՞ պաշտպանության նախարարության։ Աղբյուրը նաև հետաքրքրվել է, թե ինչպես է նա աննկատ անցել սահմանը (ըստ այս պահին առկա տվյալների)։
Ազգային անվտանգության ծառայությունից պատասխանել են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, և բարձրացված հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է ՀՀ ազգային անվտանգության ծառայության լիազորությունների շրջանակից:
«Հայտնում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության և պաշտպանության մասին, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դրանց արդյունքների, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների մասին տեղեկությունները «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» և «ժ» ենթակետերի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի և Կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 53-Ն որոշման հավելվածի 38-րդ և 39-րդ կետերի համաձայն՝ դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով չեն կարող տրամադրվել»,- նշել են ԱԱԾ-ից:
Այնտեղ նաև նշել են, որ թույլատրելի սահմաններում տեղեկատվությունն արդեն իսկ հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունը։

