Մարտի 1. ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի քրեական վարույթն ուղարկվել է դատարան
2008 թ. Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը ՀՀ գլխավոր դատախազը հանձնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով: Ըստ մեղադրանքի՝ նա հրամայել է ցուցարարների ուղղությամբ արձակել «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի նռնակներ:
Քրեական վարույթի վերաբերյալ դատախազությունը մանրամասներ է հայտնել` նշելով, որ Գրիգորյանը 2008 թ. մարտի 1–ին Երևանի Պարոնյան, Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին հրամայել է «ԿՍ–23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա–7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ։
Արդյունքում ցույցի մասնակիցներից 3 անձ մահացել է, 2 անձի առողջությանը պատճառվել է ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:
Նշենք, որ 2024 թվականի հուլիսի 22-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց մասնակի բավարարել Վճռաբեկ դատարանի դիմումը, որը վերաբերում էր «Մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքներին: ՍԴ որոշմամբ հնարավորություն ստեղծվեց վերանայել/վերաորակավորել նրանց առաջադրված մեղադրանքները (1998 թ. Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների շրջանակում), ինչի արդյունքում գործը նոր ընթացք ստացավ դատական ատյաններում:

