Հայաստանը պատրաստվում է օրական ընդունել առնվազն 300 իրանական բեռնատար

Նորդուզում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Ռեզա Աքբարիի գլխավորությամբ նիստ է անցկացվել, որի ընթացքում քննարկվել և կարծիքներ են փոխանակվել սահմանային բեռնափոխադրումների ծավալի ավելացման, անցակետերում ծառայությունների մակարդակի բարձրացման, տրանսպորտային միջոցների երթևեկության դյուրացման, ինչպես նաև լոգիստիկ ենթակառուցվածքների ու սահմանամերձ տարածքների զարգացման շուրջ։

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Ղալեչյանը հայտնել է, որ Հայաստանը հանձն է առել օրական ընդունել առնվազն 300 բեռնատար՝ մաքսային ձևակերպումներն ու տրանսպորտային միջոցների տեղաշարժն արագացնելու նպատակով։

Քննարկման առանցքային թեմաներից են եղել Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումն ու սահմանային տերմինալի ենթակառուցվածքների արդիականացումը։ Ղալեչյանի խոսքով՝ այդ ծրագրերի իրականացումը կարող է զգալիորեն մեծացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ու ուղևորահոսքը։

Ըստ նրա՝ բեռնատարներից տուրքերի գանձման հարցը որոշվել է քննարկել երկու երկրների մասնագիտական հանձնաժողովներում։ Արդյունքները ներկայացվելու են Հայաստանի և Իրանի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի առաջիկա նիստում՝ համապատասխան որոշում կայացնելու համար։

Ռեզա Աքբարին իր հերթին հայտնել է, որ երկու երկրների տեխնիկական մասնագետները հաջորդ շաբաթ վերջնական եզրակացություն կներկայացնեն Արաքսի վրա երկրորդ կամրջի տեղադիրքի և տեխնիկական չափորոշիչների վերաբերյալ։ Դրանից հետո նախատեսվում է իրականացնել իրավական և ֆինանսական ընթացակարգերը՝ շինարարությունն այս տարի սկսելու համար։

Աքբարիի խոսքով՝ երկու երկրներում էլ ընթանում են սահմանային տերմինալների զարգացման ծրագրերը։ Կողմերը պայմանավորվել են առավելագույնս համագործակցել՝ դրանք մեկ տարվա ընթացքում ավարտելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031