Սաուդյան Արաբիա-Եմեն հակամարտություն. Թուրքիան չի շտապում Էր Ռիադին ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել

Զարգացնելով «Աշխարհը մեծ է հնգյակից» գաղափարը՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանն առաջարկել է ՄԱԿ-ի արմատական բարեփոխումներ

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով The Jerusalem Post պարբերականին, հայտնում են, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ ռազմատեխնիկական և պաշտպանական աջակցություն ցուցաբերել Էր Ռիադին: Այս զարգացումները միջազգային հանրությանն ու փորձագիտական շրջանակներին կրկին վերադարձնում են այն բանավեճին, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «Մեքքայի համաձայնագիրը»։

Կարծես թե թուրքական կողմն, այնուամենայնիվ, փորձում է իսլամական աշխարհին ապացուցել, որ 2026 թվականի օգոստոսին Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ կնքված դաշնագիրը կենդանի է ու իրական։ Մանավանդ որ, լուրը որոշակի զարգացում է ստացել։ Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Անկարան Էր Ռիադին ազդանշան է տալիս «Անսար Ալլա» շարժման (Եմենի հութիների) դեմ Սաուդյան Արաբիայի ոչ այնքան հաջող պայքարին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին։ Մասնավորապես, մեջբերվում է Թուրքիայի ԱԳ նախարար և հետախուզության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Անկարան իսկապես պատրաստ է բավարարել Սաուդյան Արաբիայի ռազմական պահանջները տեխնիկական ոլորտներում՝ Իրանի կողմից աջակցվող հութիների հարձակումների ուժեղացման համապատկերին: «Մենք պահում ենք մեր խոսքը»,- հավաստիացրել է Ֆիդանը՝ հիշեցնելով Մեքքայի համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որ քաղաքական կամքը, որն ընկած է համաձայնագրերի հիմքում, պետք է վերածվի կոնկրետ գործողությունների:

Հստակեցվել է նաև, որ Թուրքիան չի բացառում Կարմիր ծովում, ինչպես նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում նավարկությունը պաշտպանելու համար Էր Ռիադի ղեկավարությամբ բազմազգ ռազմածովային ուժերին մասնակցելու հնարավորությունը: Սեպտեմբերի 19-ին NTV-ի եթերում Ֆիդանը հիշեցրել է դաշնակցային պարտավորությունների և «լուրջ համերաշխության» մասին: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են բալիստիկ հրթիռը որսալու մասին, Խալիդ թագավորի անվան օդանավակայանի մոտակայքում վառվել է վառելիքի բազան։

«Սաուդյան Արաբիան կարող է ունենալ որոշակի ռազմական կարիքներ, հատկապես որոշ տեխնիկական հարցերի առնչությամբ։ Մենք խնդիրներ չենք ունենա այդ կարիքները բավարարելու հարցում»,- հայտնել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։ Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ այս օգնությունը կարող է ենթադրել ինքնաթիռների, օպերատորների և տեխնիկական անձնակազմի տեղակայում, հնարավոր է՝ սկսած հոկտեմբերից, այն բանից հետո, երբ Թուրքիան վավերացնի Մեքքայի պաշտպանական պակտը։

Անշուշտ, Եմենի հակամարտությունը լուրջ մարտահրավեր է նետում նորաթուխ դաշինքի շարքերի համախմբվածությանը, որը կապում է Անկարան, Էր Ռիադը և Իսլամաբադը։ Օբյեկտիվ պատկերն այն է, որ Իրանի կողմից աջակցվող և Հյուսիսային Եմենում լուրջ հենարան ունեցող «Անսար Ալլա» ուժերն ուժեղացնում են հարձակումները Սաուդյան Արաբիայի արևմտյան շրջանների և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ: Թուրքերը կարծես ստիպված են ռեակտիվ գործել։ Մինչդեռ Անկարան և Իսլամաբադն աջակցություն են ցուցաբերում Էր Ռիադին մեծամասամբ խոսքով և ցուցադրական ակցիաներով՝ կանխամտածված պարտավորություններ չվերցնելով ավելի մեծ ռազմական միջամտության հարցում։ Այստեղ չպետք է մոռանալ 1960-ական թվականներին Եմենի քաղաքացիական պատերազմի իրադարձություններին Գամալ Աբդել Նասերի ղեկավարած Եգիպտոսի միջամտության փորձի մասին, որը վերածվեց հսկայական կորուստների և լիակատար քաղաքական ֆիասկոյի։

Դիտորդների կարծիքով՝ Թուրքիայի նոր պարտավորությունները Սաուդյան Արաբիայի հանդեպ Մեքքայի պաշտպանական համաձայնագրի շրջանակներում տեսականորեն Անկարային առիթ և հնարավորություն են տալիս միաժամանակ օգտագործել իր շփումները՝ ինչպես Էր Ռիադի, այնպես էլ՝ Թեհրանի հետ լարվածությունը նվազեցնելու համար՝ Սաուդյան Արաբիային ռազմական միջոցներ տրամադրելով նրա պաշտպանական որոշ հնարավորությունների ուժեղացման համար:

Պարզ է նաև մեկ այլ բան. հակամարտության ընդլայնումը նոր սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն անմիջականորեն ռազմական գործողությունների գոտում, այլև համաշխարհային էներգետիկ շուկայի համար: Պատահական չէ, որ անցյալ շաբաթ տեղեկություններ հայտնվեցին, որոնց համաձայն՝ Սաուդյան Արաբիան ստիպված էր դադարեցնել ռազմավարական նշանակություն ունեցող Արևելք-Արևմուտք նավթամուղի (East-West Pipeline) աշխատանքը: Այս որոշման հետևանքներն արդեն նկատելի են նաև Եվրոպայում։ Ավելին, Թագավորության առաջատար նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, տեղեկացրել է առնվազն երկու նավթավերամշակման գործարանների, որ հաջորդ ամիս նրանք երկարաժամկետ պայմանագրերով նավթ չեն ստանա: Նախօրեին հայտնի է դարձել այդ զարկերակի՝ իջեցված հզորությամբ վերագործարկման մասին։

Հատկանշական է, որ քննարկվող իրադարձությունները համընկել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հետ, որին արդեն մասնակցում է համաշխարհային առաջնորդների մեծ մասը։ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նույնպես խաղի մեջ է՝ որոշելով հերթական անգամ օգտվել Նյու Յորքի բարձր ամբիոնից լսվելու հնարավորությունից։ Սա «Աշխարհը մեծ է հնգյակից» հայեցակարգի հեղինակի տասնվեցերորդ ելույթն է այս առաջատար միջազգային հարթակում, որտեղ նա կրկին առաջ է մղում իր գրեթե նույնանուն՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» աշխատության թեզերը։

Խորհրդանշական է նաև այն, որ հենց այստեղ է նա լսարան գտել իր նորարարական հայեցակարգն ու գաղափարները հնչեցնելու համար։ Մասնավորապես, Bloomberg-ում վերջերս լույս տեսած ծրագրային հոդվածում Թուրքիայի առաջնորդը ներկայացրել է «աշխարհը մեծ է հնգյակից» իր վաղեմի գաղափարի, թերևս, ամենաարմատական տարբերակը։ Եթե մի կողմ դնենք բարձրագոչ շղարշը, խոսքը վետոյի իրավունքի վերացման, անժամկետ անդամակցությունից հրաժարվելու, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձևավորման մասին է՝ Գլխավոր ասամբլեայում սահմանափակ ժամկետով ընտրությունների միջոցով։

Ավելի վաղ, ՄԱԿ-ի ամբիոնից, աշխարհն Էրդողանից լսել էր Թուրքիայի ինքնիշխան ճանապարհի մասին, որը տեղացի թուրքագետ-փորձագետները հաճախ բնորոշում են՝ որպես հանրապետության «ռազմավարական ինքնավարության» հայտ։ Առայժմ այս հայեցակարգն անտեսվում է Թուրքիայի երբեմնի դաշնակից հավաքական Արևմուտքի կողմից՝ ԱՄՆ-ի և Եվրամիության գլխավորությամբ, իսկ երկրի ներսում իշխող շրջանակների ոչ բոլոր ներկայացուցիչներն են կիսում «սուլթանի» տեսակետներն ու աշխարհընկալումը։

Բայց այս կոնկրետ դեպքում շատ ավելի հետաքրքիր է միջազգային և արդեն տարածաշրջանային համատեքստը, որը գեներացվում է հենց Ակ-Սարայի կողմից։ Հավանաբար, «Մահմեդական ՆԱՏՕ»-ն նոր ձևավորվող «աշխարհը մեծ է հնգյակից» գաղափարի մի մասն է՝ համենայնդեպս, իր թուրքական մեկնաբանությամբ։ Որոշ փորձագետներ ուշադրություն են դարձնում նաև այն հանգամանքին, որ ժամանակին թուրքերը մեծ ջանքեր են գործադրել ՄԱԿ-ի շենքի դիմաց, այսպես կոչված, «Թուրքական տունը» (Türkevi) բացելու համար, որը հետագայում դարձավ ոչ միայն ՄԱԿ-ում երկրի պաշտոնական ներկայացուցչությունը, այլև յուրօրինակ թուրքական «կղզյակ»՝ Մանհեթենի հենց կենտրոնում։

Գլխավոր ասամբլեայի նիստերին Էրդողանի այցերի և ԱՄՆ կատարած ուղևորությունների ընթացքում Թուրքիայի նախագահը պարբերաբար օգտվում է դրանից՝ որպես սեփական նստավայր հյուրեր ընդունելու համար։ Արժե՞ զարմանալ, որ այս անգամ էլ բացառություն չեղավ…

Այս անգամ պակաս ուշագրավ չէ նաև «Թուրքական տան» հյուրերի կազմը, որը կարծես թե լրացուցիչ մեսիջներ է ուղարկում թուրքական միջազգային հավակնությունների և առաջնահերթությունների վերաբերյալ։ Թուրքիայի առաջնորդի զրուցակիցների թվում են Վրաստանի վարչապետը, Քուվեյթի թագաժառանգը և, ինչն առավել հետաքրքիր է, Լիբիայի Նախագահական խորհրդի ղեկավար Մուհամմեդ ալ-Մանֆին: Տրիպոլիի այս ներկայացուցչի հետ բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան չի համաձայնի Լիբիայի շահերին չհամապատասխանող որևէ բանաձևի: Թեև հարցը, թե այդ արաբական երկրում ներքին համաձայնության հնարավոր բանաձևերից որն է արտացոլում բազմաթիվ ցեղերի, կլանների և զինված խմբերի բաժանված լիբիական բնակչության իրական շահերը, մնացել է որպես լռելյայն ֆիգուր։

Մնում է միանալ գործընկերների այն դիտարկմանը, որ հերթական անգամ թուրք մեդիաբնակները (չասելու համար՝ քարոզիչները) բավականին արդյունավետ են լուծում իրենց առջև դրված խնդիրները։ Թուրք առաջնորդին հաջողվել է որոշակի աժիոտաժի տպավորություն ստեղծել, և պատահական չէ, որ, այսպես կոչված, Գլոբալ Հարավի բազմաթիվ պետությունների ներկայացուցիչներ են նկատվել Նյու Յորքի «Թուրքական տան» տարածքում։

Մեդիա պատկերն ու Թուրքիան որպես Գլոբալ Հարավի ու նրա շահերի առաջամարտիկ ցուցադրելու խնդիրը պահպանվում են քարոզչության լավագույն ավանդույթներում։ Ճիշտ է, դա չի չեղարկում այն փաստն ու հանգամանքը, որ լիարժեք, իսկական թուրքական դիրքավորման ձևավորման և գլոբալ առաջնորդության հայտի համար վատ չէր լինի սկսել ներքին ավգյան ախոռները մաքրելուց։ Համընդհանուր նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ ուշ, քան 2028 թվականը, և, հնարավոր է, ավելի շուտ։

Եթե Ակ-Սարայի տերը չգնա արտահերթ ընտրությունների, ապա անխուսափելիորեն ստիպված կլինի ամենակարճ ժամկետում լուծել իրավահաջորդի չափազանց դժվարին խնդիրը։ Սաուդյան Արաբիային մատուցվող ծառայությունները՝ հութիներին դիմակայելիս, հազիվ թե թուրքական ընտրազանգվածին համոզեն իշխանությունների քաղաքականության արդյունավետության մեջ այնպես, ինչպես դրանում կհամոզեին տնտեսական հաջողությունները, թեկուզև համեստ։ Միջազգային հանրությանը մոլորեցնելը նույնպես հեշտ գործ չէ, թեև տպավորություն ստեղծելը միշտ էլ ստացվում է։

Յուրի Մավաշև

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930