Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր
Նեպալում և Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում օգոստոսի 26-ին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ դեռ անհետ կորած է, այդ թվում՝ առնվազն 800 օտարերկրացի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու երկրների իշխանություններին։
Նեպալում զոհերի թիվը հասել է 165-ի։ Անհետ կորած է 826 մարդ։ Նրանցից մոտ 600-ն օտարերկրացիներ են, այդ թվում՝ 177-ը՝ Հնդկաստանից, 63-ն՝ ԱՄՆ-ից, 34-ն՝ Ավստրալիայից, 33-ը՝ Բրիտանիայից և 25-ը՝ Կանադայից։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան 5000 զինծառայող և ոստիկան։
Ըստ չինական ԶԼՄ-ների՝ Տիբեթի Գիրոնգի շրջանում անհետ կորել է 558 մարդ, այդ թվում՝ 260 օտարերկրացի։
Նեպալի պաշտոնյաների նախնական հաղորդագրությունների համաձայն՝ ջրհեղեղի պատճառ կարող էր դառնալ տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով սառցադաշտի ստորին մասի փլուզումը։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ արձանագրված 4,4 մագնիտուդով երկրաշարժն, ըստ էության, սառցադաշտային ապարների և սառույցի փլուզման և բեկորների հոսքի սեյսմիկ էներգիան է եղել։
ԱՄՆ պետքարտուղարությունը 500 000 դոլարի օգնություն է ուղարկել տարածաշրջան։ ՄԱԿ-ի թիմերը և գործընկերներն ուղարկել են տարբեր պարագաներ և անձնակազմ՝ Նեպալի համայնքներին աջակցելու համար, հայտնել է գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Կանադան և Ավստրալիան ցավակցություն են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

